«Ահա ձեզ հավասար իրավունքներ, սրանից հավասար չի լինում»…

Սկանդալային համբավ ունեցող պատգամավորն առաջարկում է կանանց կամ ծննդաբերել, կամ զորակոչվել բանակ:

 

 

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը հանդես է եկել ՌԴ  «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մի փաթեթով,  որով առաջարկում է բոլոր այն  կանանց,  ովքեր մինչև 23 տարեկանը երեխա չեն ունեցել զորակոչել բանակ:

 

 

 

Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը պատգամավորը բացատրել է հետևյալ կերպ.

 

 

«Կնոջ հիմնական գործառույթը մայրությունն է և եթե նա գիտակցաբար անտեսում է այն, ինչ իրեն տրվել է Աստծո և բնության կողմից, ապա ինչո՞ւ նա չպետք է ծառայի բանակում: Այն, թե կինը «մինչ օրս չի հանդիպել իր կյանքի ամենամեծ սերը» սին բացատրություն է` կինը կա’մ ցանկանում է երեխաներ ունենալ, կա’մ  ոչ: Եթե ցանկություն կա, ապա ամուսին գտնելը   այնքան էլ բարդ խնդիր չէ , իսկ եթե   ցանկություն չկա, ապա գուցե հենց բանակում նրան հանդիպի. այսպես գոնե Հայրենիքին կծառայի»,- փոփոխությունները ներկայացնելով ասել է Վ.Միլոնովը:

 

 

Նրա կարծիքով, կանայք գուցե չեն համապատասխանում հետևակային  ծառայությանը,  իսկ ահա ինժեներային, օդային կամ էլ հրաձիգային զորքերում իսկը նրանց տեղն է.  «Թե չէ այսպես կոչված ֆեմինիստուհիները սիրում են աղաղակել հավասար իրավունքների մասին: Խնդրեմ` ահա ձեզ հավասար իրավունքներ, սրանից հավասար չի լինում», – ընդգծել է նախաձեռնության  հեղինակը:

 

 

Ի դեպ, պատգամավորը արդեն հասցրել է հերքել ԶԼՄ-ներում տարածված  այս տեղեկատվության իսկությունը` նշելով, թե նման բան չի ասել, իսկ տարածված տեղեկատվությունն էլ ոչ այլ ինչ է, քան իր ախոյանների ձեռքի գործը:  «Կանանց  բանակ զորակոչելու մասին տարածված նորությունը միմիայն ֆեյք է և որոշ անբարեխիղճ բլոգերների բուռն երևակայության արդյունք»,- ասել է նա:

 

 

 

Նշենք, որ պատգամավոր Միլոնովը հայտնի է դարձել իր իսկ հեղինակած միասեռականության քարոզն արգելող աղմկահարույց նախագծով, ինչպես նաև «Ուղղափառություն կամ մահ» գրվածքով վերնաշապիկով: Նա հաճախ է հայտնվում  մամուլի ուշադրության կենտրոնում: Այդպես, բոլորովին վերջերս   պատրաստվում էր   դատի տալ համաշխարհային համբավ ունեցող Մադոննային այն բանի համար, որ երգչուհին պետերբուրգյան իր համերգի ժամանակ խնդրել էր հանդիսատեսին բարձրացնել վարդագույն թևնոցներով ձեռքերը` ի պաշտպանություն միասեռականների: Սկանդալային պատգամավորը իր մտադրությունը բացատրել էր այն հանգամանքով, որ այդպիսով Մադոննան խախտել է միասեռականության քարոզն արգելող օրենքը:

 

 

Դիտումների քանակը` 3967

Գլխավոր էջ