Արթիկում շատացել են չբերության դեպքերը…

Արթիկի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Դարբինյանը բժշկական կառույցում աշխատում է քսան տարի: Տարեկան այստեղ ծնվում է 800 երեխա` Արթիկից եւ հարակից 22 գյուղերից: Ծննդատան բուժանձնակազմը հպատանալու եւս մեկ առիթ ունի. նախորդ տարի մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը հենց այստեղ է ծնվել: Ծնունդների աճին զուգահեռ շատացել է նաեւ աբորտների թիվը` այն էլ պայմանավորված ապագա երեխայի սեռով:

 

Նաիրա Դարբինյանը պատմում է, որ հատկապես գյուղական համայնքների ընտանիքները գերադասում են տղա երեխա ունենալ: Եղել են դեպքեր, երբ հղի կինը լացելով է եկել ծննդատուն`աբորտի դիմելու նպատակով: «Ունեցել ենք դեպքեր, երբ հղի կնոջը սկեսուրն ու մայրն են համոզել աբորտի գնալ, որպեսզի ընտանիքում երկրորդ կամ երրորդ աղջիկը չծնվի: Իհարկե մենք չենք ողջունում աբորտները, հատկապես երեխայի սեռով պայմանավորված, սակայն դա իրենց ընտանեկան խնդիրն է, մենք ի՞նչ կարող ենք անել»,- ասում է բժշկուհին:

 

 

Ծննդատանը կից գործում է նաև ընտանիքի պլանավորման կենտրոն` «Մայրության դպրոց»: Այստեղ անցկացվում են պարապմունքներ ապագա մայրերի հետ: Նախ` նախապատրաստում են ընտանիքի պլանավորման, այնուհետեւ հղիության:

 

Դրա հետ մեկտեղ վերջին տարիներին ավելացել է չբերությունը, երիտասարդացել է միոմա հիվանդությունը: Պատճառները տարբեր են` կենցաղային վատ պայմաններից մինչեւ սթրես, թերի սնունդ ու ոչ պատշաճ վերաբերմունք առողջության նկատմամբ:

 

 

«Ամուսնացած զույգերի ամեն 10-րդը չբեր է, իսկ տասը կանանցից 7-ը միոմա ունեն»,- ասում է բժշկուհի Դարբինյանը` ընդգծելով, որ այդ պահին միոման հեռացրած երեք կին է պառկած ծննդատանը: Նրանց տարիքը չի գերազանցում 36-ը:

 

Արթիկը մարզի ամենաաղքատ քաղաքներից է,    այստեղ մեծ թիվ են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները, դրա համար էլ տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, ինչն իր հերթին առողջապահական լուրջ խնդիրներ է առաջացնում` սեռավարակների տարածման առումով: Թեպետ վերջին շրջանում սիֆիլիսը, գոնորեան ու տրիխոմոնիազը նահանջել են, սակայն առողջությանը լուրջ սպառնալիք հանդիսացող այլ սեռավարակները` խլամիդիան ու գարդներելան մեծ թիվ են կազմում: Այդ  սեռավարակներն են, որ  հիմնականում հանգեցնում են չբերության, որը  բավականին բարձր ցուցանիշ ունի Արթիկում ու հարակից գյուղերում:

Հասմիկ Հարությունյան

Արթիկ-Երեւան

Դիտումների քանակը` 5075

Գլխավոր էջ