Սեռական ոտնձգությունն աշխատավայրում․ ի՞նչ լուծումներ է պահանջում խնդիրը/ ինֆոգրաֆիկա
Մեր հասարակությունում սեռական ոտնձգությունների մասին խոսելու և բարձրաձայնելու մշակույթը դեռևս զարգացած չէ։ Փորձագետնների գնհատականներով, բավարար չեն օրենսդրական կարգավորումները, որոնք միտված են պաշտպանելու աշխատողներին սեռական ոտնձգություններից։
Այսօր Հայաստանում մի շարք միջազգային կազմակերպություների, այդ թվում ՄԱԿ-ի գործակալությունների (Յունիսեֆ, ՄԱԶԾ, ԱՄԿ և այլն) աջակցությամբ փորձեր են արվում աշխատավայրում սեռական շահագործման և չարաշահման դեմ պաշտպանության քաղաքականություն մշակելու և ներդնելու ուղղությամբ։ Սակայն շատ դեպքերում այդ ջանքերը մեծապես ձևական բնույթ են կրում մի շարք պատճառներով։
Առաջին ամենակարևոր խնդիրը հանրային իրազեկման պակասն է։ Աշխատավայրում հանդիպելով սեռական ոտնձգությունների թե՛ կանայք, թե՛ տղամադրիկ, չգիտեն` ի՞նչ միջոցներով կարող են իրենց պաշտպանել և ո՞ւմ կարող են դիմել։
Հաջորդ խնդիրը սոցիալ-մշակութային բնույթի պատճառներով է պայմանավորված։ Շատերը ամոթի և հասարակական ճնշման ազդեցությամբ նախընտրում են լռել դեպքերի մասին և գործողությունների չդիմել խնդիրը բարձրաձայնելու համար։
Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև հասարակության մեջ քրեական մշակույթից փոխանցված որոշ տարրերի առկայությունը, երբ դեպքերի մասին ոստիկանությանը կամ քննչական մարմիններին հաղորդումներ տալը հասարակական պարսավանքի առիթ է դառնում։ Նման դեպքերում հասարակությունը մեկուսացնում է ոչ թե նրան, ով կատարել է սեռական ոտնձգություն իր աշխատակցի նկատմամբ, այլ տուժողին, ում հանդեպ կատարվել է սեռական ոտնձգություն կամ բռնություն և ինչի մասին վերջինս հաղորդում է ներկայացրել պատկան մարմիններին։
Նկարագրված բոլոր դեպքերի արդյունքում խոչընդոտներ են առաջանում Հայաստանում միջազգային համաձայնագրերի ու հռչակագրերի իրականացման հարցում։ Այսպես, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներն ու ԵՄ կարգավորումները, որոնք Հայաստանը ստանձնել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում, փաստացի չեն կիրառվում առաջացող խախտումների դեպքում՝ պատասխանատվության ենթարկման հստակ մեխանիզմների բացակայության պատճառով։
Այսինքն՝ աշխատավայրում սեռական ոտնձգություններին առնչվող օրենսդրական կարգավորումներն ունեն բազմաթիվ բացեր։ Դրանցից ամենակարևորն այն է, որ սեռական ոտնձգությունները դիտարկվում են միայն աշխատավայրում, իսկ դրանից դուրս աշխատողի նկատմամբ իրականացված բռնության կամ ոտնձգության դեպքերը չեն կանոնակարգվում օրենքով։
Մյուս կողմից աշխատավայրում առկա գենդերային խտրականության բազմաթիվ դեպքերի նվազեցման առնչությամբ բացակայում են թիրախային գործողություններ և/կամ միջոցառումներ պատկան մարմինների կողմից։ Այսինքն՝ դրանք հստակորեն չեն կանոնակարգվում օրենքով։ Ընդ որում խնդիրը ոչ միայն կնոջ և տղամարդու միջև միևնույն աշխատանքի դիմաց հավասար վարձատրվելու մեջ է, այլև կանանց հավելյալ չվճարվող աշխատանքներում ներգրավվածության։ Հետևաբար աշխավարձի գենդերային խզվածքի ներկա բարձր ցուցանիշները խոսում են նաև կանանց իրավունքների խախտման դեպքերի մասին ոչ միայն աշխատավայրում, այլև դրանից դուրս։
Այսպիսով վերը թվարկված հիմնախնդիրների հասցեական լուծման արդյունքում է միայն հնարավոր կանխարգելել սեռական ոտնձգությունների հնարավոր դրսևորումները աշխատավայրում։
Անահիտ Ղարիբյան
Ինֆոգրաֆիկան՝ Անահիտ Ղարիբյանի
Դիտումների քանակը` 716