Իրանում կայացել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հունվարի 20 -ին մեկնարկել էր «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը», որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։
Ֆորումին մասնակցում են ավելի քան 300 ազդեցիկ կանայք Չինաստանից, Ավստրալիայից, Շրի Լանկայից, Թաիլանդից, Պակիստանից, Կամերունից, Սերբիայից, Հայաստանից, Շվեդիայից, Բուլղարիայից, Հարավային Աֆրիկայից, Սիրիայից, Լիբանանից և Ռուսաստանից։ Այն անցկացվում է երեք մակարդակով՝ մշակութային գործիչներ, գիտնականներ և հայտնիներ, նախարարներ և առաջին տիկիններ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Համագումարի առաջին մասում ելույթ են ունեցել մասնակից բոլոր առաջին տիկիններն ու բարձրաստիճան կին պաշտոնյաները, այդ թվում նաև համագումարի նախաձեռնող կողմը՝ ի դեմս ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի: Իրանի առաջին տիկինն իր խոսքում ընդգծել է, որ համագումարի և կանանց նպատակը տղամարդկանց հետ մրցակցելը չէ, այլ գործակցելը: Նրա խոսքով՝ ի վերջո, այդ գործակցության արդյունքում է կայանում «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»:
Դոկտոր Ալամոլհոդան նշել է, որ իրենց նպատակը խտրականության դեմ պայքարն է, իսկ գլխավոր ցանկությունը աշխարհում արդարության, խաղաղության, բարեկամության և բարոյականաության հաստատումն է:
Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրել է Հայաստանում կանանց ներկայայցվածության մակարդակը տարբեր ոլորտներում՝ խորհրդարանում, գործադիր և դատական իշխանությունում, իրավապահ համակարգում , Զինված ուժերում և այլն։
Աննա Հակոբյանն անդրադարձել է լ նաև իր դեռևս 2018 թվականին նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության » արշավին, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:
Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, նա խոսել է 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների , հազարավոր նահատակների, անհետ կորածների, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների, նրանց հայ զինվորականների նկատմամբ կտտանքների և անընդունելի վերաբերմունքի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և չդադարող հարձակումների մասին։ Անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար шղետին՝ նշելով, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատրվակով փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը ՝ 120 000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է՝ երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից` իր խոսքում ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ այդ ամենը հետապնդում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ամբողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:
Աննա Հակոբյանը ներկաների և աշխարհի բոլոր կանանց առաջարկել է միանալ խաղաղություն հաստատելու արշավին և միասնականության կոչ արել:
Աննա հակոբյանի ելույթն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ․
Իր ելույթի վերջում Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։
Եզրափակիչ ելույթով հյուրերին է դիմել համագումարի կազմակերպիչ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան, հույս հայտնել, որ համագումարը կարող է նպաստել կանանց դերի բարձրացմանն ու հզորացմանը, և վստահեցրել, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել կանանց ուժն օգտագործելու ու աշխարհում խաղաղություն հաստատելու համար: Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի:
Համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։
Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի՝ մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։
Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։
Դիտումների քանակը` 655