Իրենա Թևանյան. «Կարևորն այն է, որ ես իմ հողում եմ ապրում ու ստեղծում»
Արցախում շատերն են ճանաչում գորգագործ, կարպետագործ Իրենա Թևանյանին, որի ստեղծած աշխատանքները բազմիցս հաղթող են ճանաչվել գորգագործության մրցույթներում:
Ղազանչեցոց եկեղեցում հայտնված առաջին գորգը՝ օրհնության նշան
Գորգագործությամբ սկսել է զբաղվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Կարճ ժամանակի ընթացքում այնքան է հմտացել, որ երկու շաբաթ անց նրան է վստահվել ամբողջ գորգի ստեղծման բարդ աշխատանքը:
«Երբ առաջին բարդ աշխատանքս ավարտեցի, տնօրենիս թույլտվությամբ գորգի մի անկյունում որոշեցի գրել իմ անունը»,- հիշում է Ի. Թևանյանը, նշելով, որ տարիներ անց իր գործած գորգը պատահաբար նկատել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ու ինքն իր համար որոշել՝ դա օրհնության նշան է, որը հուշում է՝ ճիշտ ուղու վրա է:
Արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բեգիմսարով համայնքից 12-ամյա Իրենան ստիպված է եղել ծնողների հետ տեղափոխվել Սյունիք: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Շուշի:
Ամուսնական կյանքը երիտասարդ գորգագործուհին սկսել է Բերձորում, բայց և շարունակ երազել Շուշի տեղափոխվելու մասին: Տարիներ անց՝ 2017 թ., ընտանիքը մեծ առանձնատուն է գնել Շուշիում՝ նպատակ ունենալով հիմնանորոգել ու հաստատվել այնտեղ:
Բնակավայրից բնակավայր տեղափոխվելու ճանապարհին Իրենային ուղեկցել է սեփական արվեստանոցն ու գորգագործական սեփական դազգահն ունենալու երազանքը: Ամուսինը խոստացել ու արվեստանոցի է վերածել Շուշիում գնած առանձնատան ամենալուսավոր ու ամենաընդարձակ սենյակը:
«Օրերն էի հաշվում, թե երբ պետք է վերջապես ավարտենք առանձնատան վերանորոգումն ու տեղափոխվենք նոր բնակարան: Երջանիկ էի, որ վերջապես պետք է կատարվի տարիներիս երազանքը, ու ես հնարավորություն եմ ունենալու ստեղծագործել իմ սեփական արվեստանոցում»,- հիշում է Իրենան:
Ընտանիքը որոշել էր 2021 թ. տարեմուտը նշել նոր բնակարանում: Պատերազմը, սակայն, ի թիվս բազմաթիվ ընտանիքների, փոխեց նաև Թևանյանների պլանները:
Պատերազմի սկզբից անմիջապես հետո ամուսնու հորդորով Իրենան ստիպված է եղել հեռանալ Շուշիից:
«Չէի ուզում հեռանալ: Ամուսինս ասաց՝ դու պիտի գնաս, որ ես կարողանամ կենտրոնանալ առաջնագծի վրա, որ գնամ զինվոր որդուս կողքին կռվեմ»,- հիշում է Իրենան:
Կարպետագործությունը՝ միայնությունից փրկվելու միջոց
Արցախցի ընտանիքներին նախ տեղափոխել են Երևան, ավելի ուշ՝ մայրաքաղաքի հյուրանոցներում տեղ չլինելու պատճառով, Չարենցավան:
«Այդ շրջանում մեզ շատ-շատ են օգնել հայաստանցիները, ինչի համար չափազանց շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին: Չափազանց դժվար էր միայնակ, առանց որդուս ու ամուսնուս, առանց զբաղմունքի ապրելը: Մտածմունքից գիշերները չէի կարողանում քնել, քիչ էր մնում գժվեի: Գիշեր-ցերեկ աղոթում էի, որ կռիվը պրծնի, որ չարաբաստիկ պատերազմը վերջանա,- հիշում է զրուցակիցս ու հուզվում,- ես ու իմ նման շատ կանայք պատրաստ էինք նույնիսկ վրանի տակ ապրել, միայն թե կռիվ չլիներ, զոհեր չլինեին»:
Որպեսզի ինչ-որ կերպ կարողանա մեղմել միայնության զգացումը, Իրենան որոշում է վերսկսել գորգ գործելը: Անհրաժեշտ թելերի որոնումները տանում են նրան Ֆրանսիայից որպես օգնություն ուղարկված հագուստեղենի պահեստ:
«Գիտեի, որ արտերկրում բնական թելերից հագուստը շատ պահանջված է: Վստահ էի, որ օգնություն ուղարկած հագուստների մեջ կլինեն այդպիսիք: Մարդիկ այնտեղ էին գնում հարմար, տաք հագուստ ընտրելու, իսկ ես՝ կարպետագործությանը հարմար թելով հագուստ էի փնտրում»,- պատմում է վաստակաշատ գորգագործը:
Ստեղծագործելն օգնում է հաղթահարել միայնության ցավը: Պատերազմի ելքը, սակայն, կոտրում է հարազատ Շուշի վերադառնալու հույսերը:
«Շուշիից ոչինչ չէի վերցրել ինձ հետ: Չէի մտածել, որ Շուշին կվերցնեն, Շուշին չէին կարող վերցնել, դա անհնար էր: Շուշին բարձունքում էր, չէին կարող… »,- պատերազմից երկու տարի անց արցունքն աչքերին պնդում է զրուցակիցս:
«Ներկայացնել արցախյան մշակույթն աշխարհին…»
Պատերազմի ավարտից հետո Ի. Թևանյանն ստիպված է եղել ևս մի քանի ամիս միայնակ ապրել Չարենցավանում, մինչև որ ամուսնուն հաջողվել է ազատ բնակարան գտնել ու վարձակալել Ստեփանակերտում:
2021 թ. Ի. Թևանյանը Արցախի մշակույթի նախարարությունից առաջարկ է ստացել մասնակցելու պատերազմից հետո անցկացվելիք առաջին խոշոր մշակութային միջոցառմանը՝ «Արցախյան գորգարվեստ» մրցույթին: Առաջարկը չափազանց հուզել է կնոջը, ու նա որոշել է մրցույթի համար ստեղծվելիք աշխատանքը նվիրել զոհված հայորդիների հիշատակին: Նրա ստեղծագործությունն զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը մրցույթում: Զրուցակցիս, սակայն, առավել հուզել է արցախյան գորգագործության հանրայնացման հնարավորությունը:
«Հարցը հաղթելը չէր, մրցանակային գումարը չէր: Հարցն այն էր, որ այդ մրցույթով մենք պետք է կրկին մեր մշակույթը ներկայացնեինք աշխարհին»,- ոգևորությամբ ասում է նա:
«Պետք է դիմանանք, մինչև Արցախը ոտքի կանգնի»
Շուրջ 2 տարի է` Ի. Թևանյանը ամուսնու ու ծառայությունն ավարտած ուսանող որդու հետ բնակվում է Ստեփանակերտում վարձած բնակարանում, հույսով, որ պետության կողմից ըստ առաջնահերթության բնակարան ստացողների շարքում մի օր կհայտնվի նաև Թևանյան ազգանունը:
Չնայած առօրյա բազմաթիվ հոգսերին ու խնդիրներին՝ զրուցակիցս չի վհատվում:
Ասում է. «Հիմա դժվար շրջան է մեզ համար. կռվից հետո ամեն ինչ թանկացել է, մեր աշխատածը հազիվ գոյատևելուն է հերիքում, բայց պետք է աշխատենք, պետք է դիմանանք, մինչև Արցախը ոտքի կանգնի: Իսկ դրա համար ժամանակ է պետք, երևի մի քանի տարի»:
Իրենային ուժ է տալիս նախ ծնողների ունեցած դժվարին փորձառությունը, ապա՝ հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Ծնողներս ստիպված են եղել անընդհատ տեղից տեղ գաղթել, բայց նրանք երբեք չեն ընկճվել, միշտ փառք են տվել Աստծուն՝ ողջ-առողջ մնալու համար ու շարունակել ստեղծել,- հիշում է նա ու հավելում,- պատերազմից հետո հաճախ եմ մտածում՝ եթե ծնողներս այդքան ցավից ու կորուստներից հետո չեն կոտրվել, ես ինչո՞ւ պետք է կոտրվեմ… Ծնողներիս կամքի ուժն ինձ էլ է ուժ տալիս, ու ես մտածում եմ՝ ոչինչ, որ անտուն եմ, կարևորն այն է, որ ես իմ հողում եմ ապրում ու ստեղծում»:
Իրենայի համար գորգագործությունը, կարպետագործությունն ու ասեղծագործությունը դարձել են, ինչպես ինքն է նշում՝ «օդ ու ջրի պես մի բան»:
«Գուցե դա նրանից է, որ փորձում եմ թելերիս ու գույներիս միջոցով գորգերիս փոխանցել կիսատ մնացած երազանքներս»,- ասում է զրուցակիցս, ով համադրելով գորգագործության, կարպետագործության ու ասեղնագործության հմտությունները, այժմ զբաղվում է նաև հայկական զարդանախշերով զգեստների ու գոտիների, հեռախոսի պատյանների, ասեղնագործ բարձերի ու պայուսակների ստեղծմամբ:
Լիարժեք ստեղծագործելու համար, սակայն, Իրենան դեռևս շարունակում է երազել գորգագործական դազգահ ու կարի մեքենա ունենալու մասին, իսկ անանձնական երազանքները կապված են հարազատ Շուշիի հետ:
«Շատ եմ կարոտում իմ Շուշին: Իմ չապրված տունը, իմ չվայելած արվեստանոցն եմ կարոտում,- ասում է նա ու հավատացնում,- մի օր դա հնարավոր է լինելու, մի օր մենք վերադառնալու ենք Շուշի… »:
Այսօր էլ կյանքի դժվարություններից կոփված արցախցի արվեստագետը վստահ է. «Եթե մարդը կամքի ուժ ունի, անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ուժեղ լինել և շարունակել ստեղծել ու արարել»…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 907