Իրինա Յոլյան. «Երկրի համար այս բարդ շրջանում շատ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական ներդրումը»
2020 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած երկրորդ պատերազմի ու դրան հաջորդած բոլոր իրադարձությունների հետևանքով Գորիսը դարձավ տեղահանված ընտանիքների առաջին ապաստարանը, իրենց սննդի, կեցության կարիքները հոգալու, կորուստների ցավն ու վերքերը սփոփելու հիմնական կենտրոնը: Համայնքապետարանի ուղեկցությամբ քաղաքի ու կից բնակավայրերի բնակիչները, երիտասարդ կամավորներն ու քաղհասարակության ներկայացուցիչները օգնության ձեռք մեկնեցին հազարավոր ընտանիքներին՝ աշխատելով օր ու գիշեր, սիրով ու պատասխանատվությամբ տրվելով հայրենակիցների համար թև ու թիկունք դառնալու առաքելությանը: Դրա հետ մեկտեղ պատերազմի հետևանքով խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր այսօր գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության տակ և մարդիկ այստեղ ապրում են զինված գործողությունների շարունակվող վտանգի ներքո…
Ինչպե՞ս է փոխվել մարդկանց կենսակերպն արձագանքման առաջնագծում գտնվող Գորիսում, ի՞նչ խնդիրներ ունի համայնքն այսօր: Այս ու այլ հարցերի շուրջ WomenNet.am-ը զրուցել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ, ով պատերազմի օրերից առ այսօր դրսևորում է իրեն որպես հումանիտար աջակցության հմուտ կազմակերպիչ՝ արժանանալով և՛ համայնքի բնակիչների, և՛ այստեղ հյուրընկալած ընտանիքների գնահատանքին:
Իրինա Յոլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես հեռուստամեկնաբան, երկար տարիներ զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ հանդիսանալով «Վիննեթ Հայաստան» կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնների ցանցի անդամ, 2016-ից անցում է կատարել քաղաքականություն՝ ընդգրկվելով Գորիսի ավագանու կազմում, ապա նշանակվելով Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ:
-Պատերազմից հետո մեր համայնքի շատ բնակավայրեր դարձել են սահմանամերձ, դրանով պայմանավորված հատկապես այդ համայնքներում ապրող մարդկանց կյանքն ամբողջովին փոխվել է և´ անվտանգության, և´ սոցիալ-տնտեսական հնարավորությունների առումով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի զինուժի հենակետերն այսօր շատ մոտ են մեր բնակավայրերին, օրինակ Շուռնուխում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում, ինչի հետևանքով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելը դարձել է վտանգավոր, այդ տարածքները դիտարկվում են թշնամու կողմից, շատ հաճախ կրակում են քաղաքացիական անձանց ուղղությամբ, ունենք նման դեպք։ Այս իրողությունները փոխել են մարդկանց կյանքն ամբողջությամբ։ Կանայք այստեղ միշտ ներգրավված են եղել հողագործական ու այգեգործական աշխատանքներում, սակայն այսօր, երբ օկուպացնելով զգալի տարածքներ Ադրբեջանի զինուժը դիտարկում է իրականացնում Հայաստանի տարածքներից, կանայք ձեռնպահ են մնում այդ աշխատանքներից։ Սա ոչ միայն լուրջ մարտահրավեր է ընտանիքների կենսաապահովման տեսանկյունից, նաև հոգեբանական բացասական ազդեցություն է ունենում մարդկանց վրա։
Նաև շատերը մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում տեսածի հետևանքով հոգեբանական խնդիրներ են ձեռք բերում և հոգեբանների աջակցության կարիքն ունեն: Մենք ունենք պատերազմի ընթացքում տրավմաների միջով անցած ընտանիքների երեխաներ, նրանց հետ նույնպես մասնագետներ են աշխատում: Գորիսում շատ լավ համագործակցություն է ձևավորվել համայնքապետարանի և հասարակական կազմակերպությունների միջև, արդյունավետ գործում է ուղղորդման մեխանիզմ, յուրաքանչյուր ընտանիքի ցուցաբերվում է աջակցություն՝ կախված խնդրի բնույթից։
– Հաշվի առնելով այդ նոր մարտահրավերներն ու դժվարությունները, անվտանգության հետ կապված խնդիրները, որ առաջ են եկել պատերազմի հետևանքով, ի՞նչ եք անում, որ մարդիկ չհուսահատվեն ու չհեռանան Գորիսից։
– Թեև մեր համայնքում անվտանգության հետ կապված մտահոգությունները շատ են, բայց կյանքը շարունակվում է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ սահմանամերձ բնակավայրերում մենք չունենք ընտանիքներ, որ թողել են իրենց տներն ու հեռացել են։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ խոսում է հայրենասիրական ոգու մասին, մարդիկ շարունակում են ապրել, արարել, զարգանալ, որևէ մտադրություն չունեն լքելու իրենց հարազատ համայնքը։ Սա իսկապես շատ ոգեշնչող փաստ է։
Մենք էլ, որպես համայնքի ղեկավարություն, անում ենք ամեն ինչ, որ օգնության ձեռք մեկնենք սահմանամերձ բնակավայրերում ապրողներին։ Իրականացնում եք տնտեսական, կրթական ծրագրեր, բարելավում ենք ենթակառուցվածքները, միջազգային տարբեր կառույցների հետ ենք աշխատում, որոնք փոքր տնտեսությունների զարգացման ծրագրեր են իրականացնում։ Մի խոսքով, անում ենք հնարավորը, որ մարդիկ իրենց պաշտպանված, ապահով զգան, շարունակեն ապրել իրենց հողում։
Գորիսեցիները բավականին ուժեղ են, բարձր դիմադրողականություն ունեն, իրենց հող ու ջրին կպած մարդիկ են, ամեն բան անում են, որպեսզի շենացնեն Գորիսը։ Պատերազմի ընթացքում էլ համայնքի կանայք ամբողջովին ներգրավված էին թիկունքային աշխատանքներում։
– Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եք պատերազմի հետևանքների պատճառով համայնքում երեխաների կրթության խաթարման փաստերը, ի՞նչ վիճակ է այսօր։
-Այո, ինչպես գիտեք, Ադրբեջանի զինուժի կողմից մեր տարածքները օկուպացնելու հետևանքով, Որոտան հասնելու համար այլընտրանքային ճանապարհ է գործում, որը բավականին երկար է։ Եթե նախկինում Որոտանից երեխաները կարողանում էին կարճ ժամանակում հասնել Գորիս, հաճախել մարզական, մշակութային, արտադպրոցական այլ խմբակներ, ապա հիմա զրկված են այդ հնարավորությունից։
Ձմռանը ճանապարհները դառնում են անանցանելի, այդ բնակավայրերն արտաքին աշխարհից ամբողջությամբ կտրվում են։ Հույս ունենք, որ այս տարի շինաշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, և այդ խնդիրը չենք ունենա։
Բացի այդ, հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-14-ին զինված գործողությունների ընթացքում թիրախավորվել են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական օբյեկտները, մի քանի օր դպրոցները չեն գործել, երեխաները զրկված են եղել կրթություն ստանալու իրավունքից…
– Ժամանակին, ձեր հասարակական գործունեության շրջանակում կանանց տնտեսական հզորացման ծրագրերի իրականացմամբ եք զբաղվել: Ինչպե՞ս են այսօր Գորիս խոշորացված համայնքում լուծվում կանանց զբաղվածության խնդիրները ։
– Համայնքի ամեն բնակավայր իր առանձնահատկությունը, իր խնդիրներն ունի։ Օրինակ՝ Վերիշենում տեքստիլի արտադրության մեջ են ներգրավված, արվեստի կենտրոն է գործում, որի աշխատանքներում ակտիվ են կանայք, Խնձորեսկում այս պահին հատիկաընդեղենի գործարան է կառուցվում, որի աշխատակիցների մեծ մասը կանայք են լինելու։ Բնակավայրեր ունենք, որտեղ կանանց զբաղմունքը չրեր պատրաստելն է, գյուղատնտեսական-այգեգործական աշխատանքներում են ընդգրկված, ունենք ջերմոցային տնտեսություններ։
Եթե խոսեմ ընդհանուր, ապա համայնքի համար անշուշտ առաջնահերթ է կանանց զբաղվածության խնդիրը, այդ թվում համայնքում ապաստան գտած կանանց ներգրավվածությունը տնտեսական ծրագրերում։ Կարիքների գնահատման ժամանակ հենց կանայք են բարձրաձայնում այդ խնդրի մասին: Մենք էլ, մեր հերթին, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը շատ հաճախ ենք քննարկում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն կանանց կրթությանը, վերապատրաստումներին, զբաղվածությանը, որպեսզի կանայք իրենց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման գործում կարողանան ակտիվ ներդրում ունենալ։
Այսօր ունենք տարբեր մասնագիտություններ ստանալու ծրագրեր, օրինակ, մեղվապահություն, վարսահարդարում, մատնահարդարում, ՏՏ, գյուղատնտեսության զարգացման ոլորտներում։ Նման ծրագրերի իրականացումը պայմանավորված է ինչպես տվյալ բնակավայրի առանձնահատկություններով, այնպես էլ հետաքրքրությունների շրջանակով։ Վերապատրաստումներ իրականացնելուց հետո դոնոր կազմակերպությունները հաճախ տրամադրում են նաև անհրաժեշտ գործիքներ։ Ունենք դեպքեր, երբ կանայք այս ամենի արդյունքում փոքրիկ բիզնես են հիմնել ու աշխատում են։
–Հայաստանում ոչ միայն համայնքապետների, այլ նաև համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում կանանց թիվը խիստ սահմանափակ է: Թեև պատճառները բազմաբնույթ են, հաճախ ասում են, դժվար գործ է կնոջ համար… Ձեր գործն ավելի դժվար է, քանի որ սահմանամերձ համայնքի փոխքաղաքապետ եք։
– Աշխատանքի դժվարության, առավել ևս պատասխանատվության առումով, կարծում եմ, սեռերի խնդիր չկա։ Հիմա մեր երկրի համար բարդ ժամանակաշրջան է, և շատ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական ներդրումը, երբ բոլորը, առանց բացառության, պետք է գիտակցեն իրենց աշխատանքի, գործի կարևորությունը՝ սկսած սահմանը պահող, իր հողը մշակող գյուղացուց, գործարանում աշխատողից, մանկապարտեզի դաստիարակից մինչև համայնքի ղեկավար ու գիտնական։ Այս մոտեցումը պետք է լինի ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում, այլև հանրապետության ողջ տարածքում, միայն այդ դեպքում երկիրը կզարգանա։
Այս պահին ես պատասխանատվություն եմ կրում մարդկանց կյանքի որակի բարելավման համար, գիտակցում եմ այդ կարևորությունը, փորձում եմ իմ աշխատանքն անել որքան հնարավոր է լավ…
Զրուցեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 756