WomenNet.am-ը հատուկ մրցանակի է արժանացել

 

Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ,  ՀայԱրտ մշակութային կենտրոնում  կայացած  «ՀՈԴՎԱԾ 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը WomenNet.am կայքը հատուկ մրցանակի է արժանացել  կանանց խնդիրները հետևողականորեն լուսաբանելու և բարձրաձայնելու համար: Հատուկ մրցանակը շնորհվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից:  

 

 

 

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն և ճիշտ մոտեցումների արմատավորումը։

 

 

Հատուկ մրցանակների են արժանացել  նաև WomenNet.am -ի հետ համագործակցող լրագրողներից երկուսը: Երիտասարդ լրագրող  Մերի Մաթևոսյանը  հատուկ մրցանակ ստացավ ԵՊՀ-ի ռեկտորի կողմից WomenNet.am-ում տպագրված իր «Անգամ մայրս է հիմա զարմանում, թե ինչպես կարողացա ոտքի կանգնել․․․» հոդվածի համար:  Մեր կայքի մշտական հեղինակներից  Արման Ղարիբյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից հատուկ մրցանակի արժանացավ  Factor TV-ում հաղորդաշարի համար՝ նվիրված  կանանց նկատմամբ բռնության և դրա հետ կապված դատական նիստերի լուսաբանմանը:

 

 

«Հոդված 3».Լրագրողները` հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան և «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (European Endowment for Democracy) աջակցությամբ:

 

 

Մրցանակաբաշխության ընթացքում լրատվամիջողներն ու լրագրողները արժանացել են  9 հիմնական եւ 5 հատուկ մրցանակների։ Հատուկ մրցանակներ են տրվել Սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ԵՊՀ ռեկտորի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ գործակալությունների եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից։

 

 

Հ.Գ. WomenNet.am -ը շնորհավորում է և շնորհակալություն է հայտնում իր հետ համագործակցող բոլոր լրագրողներին ու գործընկեր կազմակերպություններին, ում ջանքերի և աջակցության շնորհիվ է կայքն իր գոյության ավելի քան տաս տարիների ընթացքում  կարողացել  ուշադրության կենտրոնում պահել և լուսաբանել Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված բոլոր հիմնախնդիրները: 

 

Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցույթի կազմակերպիչներին և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային մեր աշխատանքը գնահատելու համար:

 

 

Դիտումների քանակը` 698

Գլխավոր էջ