Վերա Սաֆարյան. «Հադրութցի լինելը օգնում է… հաղթել»
Ծնունդով հադրութցի Վերա Սաֆարյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայում վերջերս անցկացված «Միսիս Եվրոպա-2022» մրցույթում՝ զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը: 2020 թվականի պատերազմից հետո հարազատ Հադրութը հարկադրաբար թողած Վերայի համար սա վերջին տարիների առաջին հաղթանակն է:
«Հուզիչ էր, երբ հաղթանակից հետո նայում էի Բուլղարիայի ու այլ երկրների նորություններն ու գտնում Հայաստան անունը լուրերի գլխագրերում: Ինձ համար շատ հաճելի էր պատմել Հայաստանի ու Արցախի մասին: Բուլղարիայում շատերն առաջին անգամ էին լսում Արցախի մասին»,- հիշում է Վերան:
«Միսիս Եվրոպա» մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերայի հետ հաղթանակի ուրախությունը հավասարաչափ կիսել է նրա որդին՝ Ալեքսանդրը: Նրա համար մոր հաղթանակը դարձել է մոտիվացիայի աղբյուր՝ իր սիրելի մարզաձևում՝ կարատեում հաղթանակի հասնելու համար:
«Երբ վերադարձա, որդիս շատ ոգևորված պատմեց, որ ուսուցուհին իրեն կանչել է գրատախտակի մոտ ու ասել՝ Երեխանե՛ր, եկեք բոլորս ծափահարենք Ալեքսանդրին, որովհետև իր մայրիկի շնորհիվ այսօր բարձրացել է Հայաստանի դրոշը Բուլղարիայում,- պատմում է Վերան ու հուզվում, – որդիս խոստացել է՝ ինքն էլ կարատեում հաղթել, որպեսզի իր հաղթանակի համար էլ ինձ ծափահարեն»:
Հաղթանակի հասնելու ճանապարհը երիտասարդ կնոջը հեշտությամբ չի տրվել: Արցախյան առաջին ազատամարտում զոհված հերոսի դուստրը ծնվել ու մեծացել է Հադրութում, ապա բարձրագույն կրթություն ստացել Արցախի համալսարանում՝ ռուսաց լեզվի ուսուցիչ որակավորմամբ: Կարճ ժամանակ աշխատելով գյուղական դպրոցում որպես մանկավարժ՝ Վերան որոշում է կայացրել զինվորական ծառայության անցնել Արցախի պաշտպանության բանակում:
«Հայրս, քեռիս զինվորական են եղել: Ընդհանրապես, իմ շրջապատում շատ են եղել զինվորականներ, և ինձ համար այդ ոլորտում աշխատելը արտասովոր չէր: Մյուս կողմից էլ՝ Հադրութում աշխատանքի ընտրության շատ մեծ հնարավորություններ չկային, ու ես ընտրեցի զինվորական ծառայությունը, որպեսզի և՛ ընտանիքս պաշտպանեմ, և՛ կարողանամ հոգալ նրա ֆինանսական կարիքները»,- ասում է Վերան:
Դստեր որոշմանը մայրը դեմ է եղել, ասելով՝ դու շատ նուրբ ես այդ աշխատանքի համար: Դուստրը, սակայն, ընտրել է զինվորական պայմաններում թրծվելու տարբերակը:
«Զինվորական ծառայությունը լիովին փոխեց իմ մտածելակերպը, իմ մոտեցումները կյանքի ու մարդկանց նկատմամբ: Այն ինձ տվեց կյանքի կարևորագույն դասերը ու դարձրեց ավելի դիմացկուն դժվարությունների նկատմամբ»,- նշում է զրուցակիցս:
2020 թ. պատերազմի սկզբից օրեր անց Վերայի որդին տատիկի հետ տեղափոխվում է Երևան: Վերան, սակայն, զինակից կանանց հետ մնում է Հադրութում ու շարունակում մարտական հերթապահությունը:
Երբ պատերազմական իրավիճակն ավելի է սրվել, ծառայող կանայք ստիպված տեղափոխվել են Հայաստան: Առաջնագծից մնացած վնասվածքներից ու կորուստների ցավից ձերբազատվելու համար Վերայից պահանջվել է մի քանի շաբաթ՝ մեկուսանալու ու ինքն իրեն գտնելու համար:
Մոր ու որդու հետ վերամիավորվելուց հետո առաջին անելիքը աշխատանք փնտրելն էր, որպեսզի կարողանար հոգալ ընտանիքի կարիքները: Սկզբնական շրջանում ոչ մի կերպ չէր հաջողվում աշխատանք գտնել: Վերային մեկը մյուսի հետևից մերժում են ամենուր՝ խանութներում, վաճառասրահներում, օֆիսներում: Նրան հարմար չէին գտնում նույնիսկ մաքրուհու աշխատանքի համար:
Որոշ ժամանակ անց հաջողվում է աշխատանքի անցնել անվտանգության պահնորդական ծառայությունում՝ գիշերային հերթափոխով: Այս աշխատանքին անցնելու հարցում Վերային շատ է օգնում մարտական հերթապահության փորձառությունը: Ավելի ուշ նույն կառույցում անցնում է նաև ցերեկային աշխատանքի:
«Հիմա ժպիտով եմ հիշում իմ կյանքի այդ ծանր ժամանակաշրջանը. եթե այսօր գնայի, այդ բոլոր կառույցները, վստահ եմ, ինձ գրկաբաց կդիմավորեին ու կընդունեին աշխատանքի… Հետո, շատ ավելի ուշ ես հասկացա, որ իմ արտաքին տեսքն ու հոգեվիճակն ուղղակի վստահություն չէին ներշնչում մարդկանց»,- ասում է Վերան:
Մոդելի աշխատանքով զբաղվելու հետաքրքրությունը երիտասարդ մայրիկի մոտ առաջացել է երևանյան լուսանկարիչներից մեկի հետ պատահական ծանոթությունից հետո:
«Ամեն ինչ սկսվեց պատահական, զարմանալի ու անսպասելի՝ ինձ համար: Որդուս հետ առևտրի կենտրոններից մեկում քայլում էինք, երբ մի երիտասարդ լուսանկարիչ մոտեցավ ու խնդրեց լուսանկարվել իր էջի համար: Համաձայնվեցի, նկարվեցի, հետո իմ նկարները սկսեցին շրջանառվել սոցիալական ցանցերում, սկսեցի ստանալ համագործակցության առաջին առաջարկները»,-հիշում է զրուցակիցս:
Մոդելի աշխատանքը Վերային այնքան է դուր եկել, որ որոշել է հմտանալ այդ ոլորտում՝ փորձառություն անցնելով Demirkhanyan’s Models School-ում:
«Մոդելի աշխատանքն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան կողքից թվում է: Պետք է աշխատես տարբեր կազմակերպությունների հետ, որոնք տարբեր չափորոշիչներ ունեն, տարբեր պահանջներ, տարբեր ակնկալիքներ,- նշում է Վերան, շեշտելով, որ ամենադժվարը սթեսակայուն լինելն է,- ուղղակի պետք է համակերպվել այն մտքի հետ, որ ինչ-որ մեկին դու կարող ես թվալ տգեղ, մյուսին՝ նիհար, երրորդին՝ անհրապույր… »:
Չնայած Արցախից տեղահանված ընտանիքներին բնորոշ խնդիրների առկայությանը՝ Վերան չի դժգոհում: Ասում է՝ արցախցի լինելը օգնում է հաղթահարել խաղաղ պայմաններում առաջացող բոլոր խնդիրները ու հաղթել:
«Ով ապրել է Արցախում կամ շփվել արցախցիների հետ, գիտի՝ արցախցին պայքարող տեսակ է, ով տարիներ շարունակ պայքարել է իր գոյության, իր գոյատևման համար: Ես Արցախում ապրած իմ 26 տարիների ընթացքում իմ համայնքում ասֆալտ չեմ տեսել, ցեխի միջով եմ քայլել, իմ ծնված օրից մեր տան տանիքը կաթացել է իմ գլխին, բայց մենք չէինք բողոքում: Մենք նորոգում էինք, ստեղծում էինք… Նման պայմաններում մեծացած մարդը ասֆալտի վրա շատ հեշտ է քայլում ու ավելի հեշտ է պայքարում խոչընդոտների դեմ»:
Տարիների ընթացքում ստեղծած տունը կորցնելու ցավը Վերան լռությամբ է տանում: Ասում է. «Տեսնելով հազարավոր զոհված տղաների ընտանիքներին, ես ուղղակի ամաչում եմ բարձրաձայնել իմ կորցրածի մասին: Ծանր է, ես միայն տուն չեմ կորցրել, ես իմ հոր գերեզմանն եմ թողել Հադրութում, ես Հադրութն եմ թողել թշնամուն… բայց ես լռում եմ, որովհետև հազարավոր ընտանիքներ այսօր ամեն ինչ կտային, որ չկորցնեին իրենց զավակներին»:
Երևանում հաստատված ընտանիքը Արցախ տեղափոխվելու մասին այլևս չի մտածում մեկ պարզ պատճառով՝ հարազատ Հադրութն այլևս մերը չէ: Երկու տարի շարունակ Արցախին կարոտած, բայց երբևէ չայցելած Վերան, սակայն, որոշել է առաջիկա արձակուրդն անցկացնել Արցախում:
«Պատերազմից հետո ես ինձ համար միշտ արդարացում էի փնտրում, թե ժամանակս չի հերիքում, ֆինանսս չի հերիքում, որ Արցախ գնամ: Բայց իրականում չեմ կարողանում գնալ միգուցե այն պատճառով, որ իմ տուն տանող ճանապարհն այլևս փակ է ինձ համար, ու ես վախենում եմ տեսնել այդ պատկերն ու կոտրվե՞լ»…
Չկոտրվելու, առաջ գնալու, ապրելու ու արարելու համար արցախցի մայրը միայն մի երազանք ունի իր ու բոլորի որդիների համար՝ խաղաղություն:
Գայանե Մարկոսյան
Դիտումների քանակը` 1023