«Կանայք հզոր ուժ են, որը չի կարելի անտեսել կամ թերագնահատել»…
Ասում են, կանայք որպես առաջնորդներ հակված են ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական պաշտպանության խնդիրներին, նաև իրենց աշխատանքով ապացուցում են, որ առավել ճկուն են բազմաթիվ այլ խնդիրների հաղթահարման գործում: Այս առումով, փորձագետների և հանրության շրջանում որոշակի դրական ակնկալիքներ կան՝ կապված Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում Էլեն Մանասերյանի ընտրության հետ կապված: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին կայացած Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի /ՀԱՄԿ/ 5-րդ համագումարում կառույցն իր 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ունեցավ կին նախագահ:
WomenNet.am-ը զրուցել է ՀԱՄԿ-ի նորընտիր նախագահ Էլեն Մանասերյանի հետ, և մեր առաջին հարցը Հայաստանի արհմիությունների գործունեության մեջ այն բարեփոխումների մասին է, որոնք նա կցանկանար իրականացնել:
-Իրականում արհմիությունները կանգնած են լուրջ բարեփոխումների շեմին: Դրանց հանդեպ հանրության շրջանում առկա կարծրատիպերը հարկավոր է կոտրել, քանի որ առայսօր արհմիությունները նույնականացվում են խորհրդային տարիների արհմիությունների հետ: Մինչդեռ ներկայիս արհմիությունները պետք է քայլեն ժամանակի հետ, այսինքն պետք է հստակ արձագանքեն շուկայական հարաբերություններին: Առաջնահերթ եմ համարում առողջ սերնդափոխությունը, սակայն ոչ վաստակաշատ մասնագետներից ազատվելու հաշվին, հարկավոր է պատրաստել նոր և ուրույն գաղափարներով երիտասարդ կադրեր: Բոլորին հայտնի է, որ արհմիությունները կոչված են աշխատանքային հարաբերություններում պաշտպանել աշխատողների աշխատանքային իրավունքներն ու շահերը, սակայն պակաս կարևոր չէ նաև սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը, որտեղ արհմիությունները կդրսևորվեն որպես կայուն և վստահելի գործընկեր, ինչը նաև կնպաստի սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացմանը:
–Իսկ արհմիություններն ունե՞ն բավարար չափով անդամներ թե՞ շարքերի համալրման խնդիր կա:
-Եթե համեմատենք այլ երկրների արհմիութենական միավորումների հետ, մեզ մոտ ավելի քիչ է անդամների թիվը: Արհմիություններում ընդգրկված աշխատողների ցածր թվի պատճառը երկրում գործազրկության բարձր մակարդակն է, ոչ ֆորմալ տնտեսությունը, ինքնազբաղվածների թիվը, որոնք պոտենցիալ արհմիության անդամներ են, բայց Արհմիությունների մասին օրենքի համաձայն միայն գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողն իրավունք ունի լինել արհմիության անդամ:
Դրա հետ մեկտեղ, եղած անդամների մեջ էլ մենք ունենք գիտակցված անդամակցության խնդիր: Շատ դեպքերում մարդիկ արհմիության անդամ են դառնում առանց հասկանալու ինչի համար: Ու անգամ կան կազմակերպություններ, որտեղ աշխատողը չգիտի, որ ինքն արհմիության անդամ է, և միայն այդ դեպքում է բացահայտում այդ փաստը, երբ պարզվում է, որ իր աշխատավարձի 1%-ը պահվում է որպես արհմիության անդամավճար: Այնպես որ, մեխանիկորեն արհմիության անդամ դառնալը մեզ ձեռնտու չէ, մեզ հարկավոր են իրազեկ անդամներ, քանի որ արհմիությունը հենց իր անդամներն են, բոլոր այն աշխատողներն են, ովքեր միավորվել և ձևավորել են այդ կառույցը: Գիտակցված անդամությունն անհրաժեշտ է, որ կարողանանք ցանկացած խնդրին ճիշտ ժամանակին և ճիշտ ձևաչափով արձագանքել: Ու եթե արհմիության անդամը ցանկանա մասնակցել բողոքի ակցիաներին, հստակ կպատկերացնի, թե ինչի համար է մասնակցում դրանց: Այսինքն մի կողմից, արհմիության ղեկավարությունն էլ պետք է հստակ համոզված լինի, որ ունի այն բանակը, որը ցանկացած պահի կարձագանքի սոցիալական այս կամ այն խնդրին, չի վախենա բարձրաձայնել իր խախտված աշխատանքային իրավունքների մասին: Մյուս կողմից, արհմիության անդամն էլ վստահ կլինի, որ արհեստակցական միությունը որպես կառույց պաշտպանում է իրեն:
Հիմնական խնդիրը հենց այստեղ է. որպեսզի արհմիության դերը հստակեցվի թե՛ պետության, թե՛ գործընկերների, թե՛ մարդ-հասարակության անդամի համար, անհրժեշտ է համոզվել, որ արհմիությունն այդ գործառույթը կարող է իրականացնել և իրոք իրականացնում է: Դա շատ կարևոր է, քանի որ դրանով է պայմանավորված արհմիության հանդեպ վստահության ձևավորումն ու նրան անդամակցելու ցանկությունը:
-Ի՞նչ չափով այսօրվա կոնֆեդերացիան ունի այն ներուժն ու հնարավորությունը կազմակերպելու բողոքի ակցիաներ, գործադուլներ, պատրա՞ստ է սատարել և պաշտպանել աշխատողների աշխատանքային իրավունքները այդ եղանակով:
– Թեև Հայաստանի Հանրապետության Սահամանդրությունն ու ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում են, որ գործադուլը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, բայց գործադուլ իրականացնելու մեխանիզմները, գործիքները ամրագրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որով սահմանափակվում է օրինական գործադուլ անելու հնարավորությունը: Ուստի հանրապետության որևէ վայրում չեք հանդիպի օրինական գործադուլ իրականացրած որևէ կազմակերպության, դա պարզապես անհնար է, ինչի մասին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան բազմիցս բարձրաձայնել է: Այդ խնդրին շատ անգամ որպես իրավաբան և փաստաբան տարբեր ծրագրերում աշխատելու տարիներին անդրադարձել եմ նաև ես: ՀԱՄԿ-ն այդ մասով դիտողություն է ստացել Աշխատանքի միջազգային կազմակերպության, Վերանայված Եվրոպական խարտիայի պարտավորությունները վերահսկող կոմիտեի կողմից: Գործադուլի կազմակերպումը արհմիությունների բացառիկ իրավունքն է ու եթե Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված տվյալ դրույթները համապատասխանեցվեին միավորման ազատության սկզբունքներին, թերևս շատերը կցանկանային միանալ գործադուլին:
–Այնուհանդերձ, եղել են բողոքի ակցիաներ Արարատի ցեմենտի, Նաիրիտ գործարանների աշխատակիցների, վարորդների կողմից՝ աշխտավարձի բարձրացման կամ չվճարված աշխատավարձի պահանջով:
-Այո, ծայրահեղ դեպքերում կարելի է կազմակերպել գործադուլ: Գտնում եմ, որ ի դեմս ինձ՝ ՀԱՄԿ-ը մշտապես պատրաստ կլինի արձագանքել աշխատողների բողոքի ձայնին, ու եթե պետք լինի, ես ինքս էլ կմասնակցեմ պիկետներին ու բողոքի ակցիաներին: Բոլորիս հայտնի է մեր իրականության մեջ գործող միջանձնային հարաբերությունների «ուժը», երբ մեկը մյուսին համոզում է չմիանալ գործադուլին, ասելով, թե քո ինչին է պետք, մի կերպ աշխատանք ես գտել և այլն: Նաև սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված աշխատողները հաճախ հրաժարվում են գործադուլ անելու իրենց իրավունքից: Այսինքն կան գործադուլ չանելու թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներ:
Սակայն, բնականաբար, ՀԱՄԿ-ը չի կարող անտարբեր լինել այս կամ այն իրադարձությանը, որն անմիջապես առնչվում է աշխատողներին: ՀԱՄԿ-ը հանդես կգա ոչ միայն հայտարարություններով, եթե պետք է՝ նաև ակցիաներով: Մի շարք ոլորտներում մենք ունենք արհմիության ակտիվ անդամներ, ովքեր հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց բողոքի ակցիաներով ընդվզել անարդար որոշումների դեմ:
– Ինչ կասեք ՀԱՄԿ–ի և ՀԱՄԿ–ի անդամ ճյուղային հանրապետական միությունների շարքերում ներգրավված կանանց դերի ու կատարած աշխատանքներին:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանի արհմիությունների պատմության մեջ երբեք կին առաջնորդ չի եղել, կարծում եմ նման փոփոխությունը միայն դրական ազդեցություն պետք է ունենա: Համենայն դեպս ես արհմիության դերի, վարկանիշի բարձրացման համար ամեն ինչ պետք է անեմ: Չնվազեցնելով, իհարկե տղամարդկանց դերը, կարծում եմ, արհմիությունը նախևառաջ սոցիալական աշխատանք է , և կինն ավելի սոցիալական էակ է, քան տղամարդը: Կինը մայր է և ուրիշի ցավը հասկանալու և զգալու իմաստով կնոջ դերն արհմիությունում շատ ավելի կարևոր է, հատկապես, եթե խոսքը մասնագետի մասին է, ով լավ է պատկերացնում աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները: Կարևորում եմ կնոջ դերը արհմիություն-գործատու բանակցություններում, քանզի շատ դեպքերում կինը կարող է կոնֆլիկտային իրավիճակներում զսպաշապիկ լինել, կարգավորել գործն իր ճկունության և համոզիչ խոսքի շնորհիվ:
Արհմիութենական աշխատանքը հասարակական աշխատանք է, այս իմաստով կանայք ավելի պատասխանատու են և առանց տրտնջալու հանձն են առնում այդ բեռը: Ասեմ, որ ՀԱՄԿ-ին անդամակցող կազմակերպություններում ընտրովի պաշտոններ զբաղեցնողների 76% -ը կանայք են: Սա վկայում է, որ կանայք ավելի հակված են սոցիալական ուղղվածության աշխատանքներ կատարելու: Արհմիութենականը պետք է լինի թե՛ սոցիալական աշխատող, թե՛ հոգեբան, թե՛ իրավաբան, այս բոլորը միասին լավագույնս կարողանում է իրականացնել կինը, մինչդեռ տղամարդը որպես կանոն նախընտրում է բարձր վարձատրվող աշխատանք:
-Հայտնի է , որ ՀԱՄԿ–ի մշտական գործող հանձնաժողովների թվում կա նաև Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հանձնաժողով: Ի՞նչ հարցեր են քննարկվում հանձնաժողովում:
-Այո, նման հանձնաժողով ունենք, բայց մինչ այժմ այդ հանձնաժողովում ներկայացված են միայն կանայք: Այսինքն, երբ ասում ենք հավասարություն, անմիջապես վեկտորն ուղղվում է դեպի կինը, բայց գտնում եմ, որ հանձնաժողովում պետք ընդգրկվեն նաև տղամարդիկ: Եթե միայն կանանց շրջանում խոսենք ու քննարկենք իրենց խախտված իրավունքների մասին, ստացվում է, որ մենք ասում ենք, մենք՝ լսում: Մինչդեռ այդ իրավունքների մասին պետք է իմանան նաև տղամարդիկ: Հետևապես, որոշել ենք վերոնշյալ հանձնաժողովում գենդերային հավասարակշռություն պահպանել և ներգրավել նաև տղամարդկանց: Ինչ վերաբերում է հանձնաժողովում քննարկվող հարցերին, ասեմ, որ առայսօր քննարկվել է աշխատավայրում բռնությունների և ոտնձգությունների դեմ ԱՄԿ-ի կողմից ընդունված թիվ 190 կոնվենցիան, որը ՀՀ-ն չի վավերացնել: Սակայն անկախ նրանից Հայաստանի Հանրապետությունը կվավերացնի այդ կոնվենցիան, թե ոչ, ՀԱՄԿ-ը մշտապես կբարձրաձայնի այդ խնդրի մասին: Ի դեպ, խնդրի մասին առաջին անգամ բարձրաձայնել է հենց ՀԱՄԿ-ի վերոնշյալ հանձնաժողովը:
Կանանց հանդեպ խտրականության վառ օրինակներից է երիտասարդ կանանց և աղջիկներին աշխատանքի չընդունելու միտումը: Գործատուն խուսափում է ընդունել նրանց, պատճառաբանելով, որ ամուսնության կամ երեխա ունենալու դեպքում նրանց հարկադրված է լինելու փոխարինել այլ աշխատողով: Ես ինքս ժամանակին նման խտրական վերաբերմունքի հետ եմ բախվել: Ու եթե մտածում ենք մեր երկրի ապագայի մասին, երկրի, որն ունի դեմոգրաֆիական խնդիր, պետք է վերացնել այս խտրական մոտեցումը: Պետք է հնարավորություններ ստեղծենք, որպեսզի կանայք կարողանան հաջողությամբ համատեղել աշխատանքն ու ընտանիքը, ինչից կշահի աշխատողը, գործատուն ու նաև պետությունը: Կանայք հզոր ուժ են, որը չի կարելի անտեսել կամ թերագնահատել…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1186