Գործ կա, բայց ի՞նչ աշխատանք են առաջարկում համացանցում
Հայաստանում բարձր գնաճի, ամենատարբեր ապրանքների ու հատկապես մթերքի թանկացման , պետական ու մասնավոր հատվածում ինդեկսացիայի բացակայութան պայմաններում մարդիկ ստիպված են ավելի ու ավելի շատ աշխատել։ Օր օրի ավելացող ծախսերը ծածկելու համար հիմնական գործին զուգահեռ շատերը փնտրում են երկրորդ, երրորդը։ Քաղաքացիներից շատերը խոստովանում են՝ ամեն անգամ խանութում առևտուր անելուց հետո սկսում են անձամբ հաշվել առևտրի արժեքը։
«Մի քանի ապրանք ես գնում, ստացվում է մոտ 10 հազար դրամի գումար։ Ամեն անգամ աչքերիս չեմ հավատում, հեռախոսով ստուգում եմ։ Առաջ նույն գումարի կարողանում էի ահագին ուտելիք, հիգիենայի միջոցներ գնել։ Ամեն բան թանկացել է՝ ուտելիքը, հագուստը, մաքրող միջոցները։ Ապրելն էլ ավելի է դժվարացել»,-ասում է Երևանի բնակչուհի տիկին Գայանեն, որ միայնակ թոշակառու է։
Տարեց կինը, իհարկե, 78 տարեկանում աշխատել չի կարող, հատկապես աշխատաշուկայի առկա պահանջների պարագայում, դրա փոխարեն ԱՄՆ-ում ապրող տղայից է ավելի շատ գումար ակնկալում։ Առջևում ձմեռն է, ծախսերը դեռ շատանալու են։
Տիկին Սուսաննան ասում է՝ ամեն ինչ թանկացել է, աշխատավարձը նույնն է մնացել, ստիպված է երկրորդ աշխատանք գտնել, հարմար կլինի երեկոյան ժամերին։ Ամուսինն էլ ուշ ժամերի տաքսի է վարում, որպեսզի կարողանան երեխաների, իրենց նվազագույն կարիքները հոգալ։
«Երկրորդ աշխատանք եմ անընդհատ փնտրում։ Բայց այդ դեպքում ամբողջ օրը երեխաներիս չեմ տեսնելու։ Դժվար կացության մեջ ենք, վարկեր ունենք, պարտքեր, արդեն այս ամիս ծախսերին կավելանա նաև ջեռուցման գումարը։ Շուրջբոլորը նույն վիճակն է Ինչպես ասում են, նույն տնով չենք, նույն հալով ենք։ Ու սա այն դեպքում, երբ բազմաթիվ հարցերում արդեն խնայողությունների ենք գնացել, երեխաների պարապմունքներն ենք կրճատել, տնտեսում ենք սնունդ գնելիս, հագուստ առնում ենք՝ ըստ անհրաժեշտության, ժամանցը խիստ կրճատել ենք, ծնունդները կարելի է ասել, չենք նշում, դրսում չենք սնվում»,-թվարկում է կինը։
Աշխատանքի նման բարձր պահանջարկն իր հերթին ազդում է առանց այն էլ խնդիրներով ու իրավունքների խախտումներով լի աշխատաշուկայի վրա։ Երբ օրվա հաց վաստակելն ու երեխաներին պահելը դառնում է գերխնդիր, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մղվում է երկրորդական, երրորդական պլան։
«Իսկ Դուք կուզենայի՞ք Ձեր տված գումարով 12 ժամ աշխատել»
Ֆեյսբուքի հայաստանյան սեկտորում «Գործ կա», «Փնտրում եմ աշխատանք» ու նման անվանումներով բազմաթիվ էջեր կան, որտեղ հատկապես պահանջված են երեկոյան ժամերին տնից կատարվող աշխատանքները։ Հնարավորություն է ստեղծվում աշխատանքից հետո տուն գնալ, կրկին աշխատել։
Ուսումնասիրելով այս էջերը՝ արձանագեցինք, որ առաջարկների մեծ մասն արվում է ծառայությունների ոլորտի կողմից, հիմնականում օրենքի պահանջների խախտումով պայմաններ են առաջարկվում, իսկ ապագա աշխատակցին ուղղված պահանջների ու պարտականությունների թվարկումը սկսվում է ու չի ավարտվում։
Պահանջում են է´լ բարձրագույն կրթություն, լեզուների, համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, է´լ մարդկային բարձր որակներ, պատասխանատու, արագաշարժ, պարտաճանաչ, ժպտերես լինել, է´լ մի քանի տարվա աշխատանքային փորձ։
Պարտականությունների մասին էլ չենք խոսում. աշխատակիցը պետք է գա ու ավելացնի վաճառքի ծավալը, պատասխանի հեռախոսազանգերին, բանակցություններ, գրանցամատյաններ վարի… ու 120-150 հզ դրամ աշխատավարձ։ Գրանցված լինելու մասին էլ հիմնականում խոսք չկա։
Աշխատանքի հայտարարություններին ծանոթանալուց, մարդկանց հետ զրուցելուց հետո գալիս ես այն եզրակացության, որ Հայաստանում հիմնականում ապրում են աշխատելու համար, ոչ թե աշխատում են ապրելու համար։ Օրինակ, ի՞նչ ժամանցի, հանգստի մասին է խոսքը, երբ աշխատանքային օրը ձգվում է 10-12 ժամ, կամ առաջին աշխատանքի ավարտից հետո պետք է վազել երկրորդին։
Ֆեյսբուքյան խմբերից մեկում ծանոթանալով աշխատանքի առաջարկներին ու պայմաններին՝ խմբի ադմինիստրատորը ստիպված էր հիշեցնել օրենքի պահանջների մասին.
«Հարգելի գործատուներ, Ձեր հոգուն մատաղ: Մարդիկ մեղք են 8 ժամից ավել մի աշխատեցրեք նրանց: Կրկին հանդիպում եմ հայտարարությունների որտեղ աշխատաժամանակը նշված է 10 ժամ, 11 ժամ, 12 ժամ: Երբ 12 ժամ էդ մարդուն աշխատեցնում եք ասենք 9:00-ից 21:00: Էդ մարդը ի՞նչ է անելու գալու է գործի, հետո գնա տուն քնի, առավոտ նորից գա գործի:
Միշտ հարցնում եմ: Իսկ Դուք կուզենայի՞ք Ձեր տված գումարով 12 ժամ աշխատել: Ախր էդ մարդը գնալու է տուն, տան գործերը հոգա, հաջորդ օրը գալու է գործի տեղում հանգստանա:
Սա բարոյական մասն էր, հիմա օրինական մասը: ՀՀ աշխատանքային օրենսգրքով արգելվում է մարդուն շաբաթական 48 ժամից ավել աշխատեցնելը, եթե շաբաթական 6 օր եք աշխատում: 5-օրյա գրաֆիկի դեպքում արգելվում է 40 ժամից ավել աշխատեցնելը:
Օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 8 ժամը: Եթե օրական աշխատաժամանակը գերազանցում է 6 ժամը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել ամենաքիչը 30 րոպե ընդմիջում:
Խրախուսվում է հայտարարություններում օգտագործել.
Լրիվ դրույք՝ 8ժամ + 0,5(կամ 1) ժամ ընդմիջում
Կես դրույք՝ 4 ժամ առանց ընդմիջման։
Մի՛ մոռացեք բոլորս մարդ ենք: Բոլորս էլ ունենք արժանապատվություն: Պարտադիր չէ տուգանք լինի տուգանվենք կամ բանտարկվենք, որ այս պարզ բաները հասկանանք: Ձեզ մոտ աշխատողը այն նույն սահմանը կանգնած զինվորի հայրը, մայրը, քույրը կամ եղբայրն է»։
Գրառումը մեծ արձագանք էր գտել խմբի անդամների՝ հատկապես կանանց մոտ, շատերը բողոքում են նման պայմաններով աշխատելու պարագայում էլ ցածր վարձրատրությունից, աշխատանքից հետո տրանսպորտով տուն հասնել չկարողանալուց, ակնկալում են պետական մարմինների, ՄԻՊ-ի վերահսկողությունը՝ խնդիրների վեր հանման ու կարգավորման գործում։
«Շատ ճիշտ գնահատական ներկայիս աշխատաշուկայի վերաբերյալ, սա դեռ մի կողմն է, իսկ ներկայացվող պահանջները ամենացավոտ են, կարդում ես հայտարարությունները և հասկանում, որ դու էլ անելիք չունես էս կյանքում՝ մինչև 40 տարեկան, բարետես, գեղեցիկ կազմվածքով, առանց կոմպլեքսների, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, աշխատանքային փորձ, (փորձ ունեցողն էլ 40-ից մեծ է և չափանիշներին չի բավարարում) և նմանատիպ շատ պահանջներ, ցավոտ է շատ»,-գրում է խմբի կին անդամներից մեկը։
«Բա որ աշխատավարձը քիչ է՝ հերիք չի, մի հատ էլ ուզում են ռոբոտի պես ինչքան կարաս արագ աշխատես, դրան գումարած քո գործը պրծար, ուրիշներին պիտի օգնես։ Այսինքն մեկ հոգին 4000 դրամով երեք հոգու գործ պիտի անի»,-դժգոհում է մեկ այլ կին։
«Եղեք արժանապատիվ ու ձեր աշխատողներին դարձրեք արժանապատիվ մարդիկ»
Եվս մեկ խնդիր են մատնանշում խմբի մասնակցները, այն է՝ չվարձատրվող փորձաշրջանը… Խմբի ադմինիստարատորը՝ դիմելով գործատուներին հիշեցնում է, որ փորձաշրջանը վարձատրվում է:
«Երբ մարդկանց աշխատեցնում եք երեք ամիս առանց գումարի, դա նույնն է ինչ-որ ասենք ձեր բիզնեսը ունենա ծախսեր 3 ամիս ու զրո եկամուտ: Ահավոր է չէ՞:
Հիմա պատկերացրեք մարդ ով մի քանի ամիս շարունակ գումար չի ստանում: Մաշվում են նրա կոշիկները, մաշվում է հագուստը, հնարավոր է սննդի գումար չունի և թերսնված է գալիս աշխատանքի, հնարավոր է աշխատանքը հեռու է և տրանսպորտ է նստում: Ու պատկերացրեք այդ ամիսներն անցնում են ու ասում եք, որ նա փորձաշրջանը չի անցել: Դա ենթադրում է ևս մի քանի ամիս անվճար աշխատել:
Մի սպասեք մինչև այն պահը, որ գան ձեզ տուգանեն որ սկսեք արժանապատիվ կյանք ապահովել ձեր աշխատակիցների համար, ի վերջո այդ ամիսների ընթացքում նրանք աշխատում են ու պետք է վարձատրվեն իրենց աշխատանքի համար: Դա լավություն չէ, որ պիտի անեք: Արժանապատիվ հայրենակիցներ են մեզ պետք: Եղեք արժանապատիվ ու ձեր աշխատողներին դարձրեք արժանապատիվ մարդիկ»…
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 768