Շուրջ 11 անգամ է աճել կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում քվոտաների շնորհիվ
Նախորդ 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կանանց ներկայացվածության զգալի աճ է արձանագրվել շնորհիվ ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված քվոտայի համակարգի։ Մինչ այդ՝ 1999 թվականին, Ազգային ժողովում կին պատգամավորների ներկայացվածության ցուցանիշն ընդամենը 3․1% էր կազմում: Քվոտաների շարունակական աճի արդյունքում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կանանց ներկայացվածությունը հասավ 34% -ի։
Քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց հավասար ներկայացվածության խթանման վերաբերյալ այս վերլուծությունը ներառված է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հրապարակած զեկույցում, որն անդրադառնում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի՝ Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկումների կատարման ընթացքին։ Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են Կոմիտեի՝ 1997, 2002, 2009 և 2016 թվականների Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկումները, վերլուծվել են ՀՀ կառավարության կողմից Կոմիտեին ներկայացված պարբերական հաշվետվություններն ու վերաբերելի ՀՀ օրենսդրությունը։
Զեկույցում անդրադարձ կա մի շարք ոլորտների վերաբերյալ առաջարկություններին և երկրում տեղի ունեցած համապատասխան զարգացումներին։ Մենք առանձնացրել ենք միայն կանանց հավասար ներկայացվածության խթանման և կանանց նկատմամբ բռնության խնդիրները։
Քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներկայացվածության խթանումը
Քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց հավասար ներկայացվածության խթանման վերաբերյալ Կոմիտեն Հայաստանին հանձնարարական է տվել սկսած 1997 թվականից։ Այս հանձնարարականը մասամբ է կատարվել։ Զեկույցում նշվում է, որ ՀՀ իշխանությունները հանձնարարականի պահանջների կատարումը հիմնականում սահմանափակել են քաղաքական և հանրային կյանքի առանձին ոլորտներում գենդերային քվոտաներ սահմանելով։ Այդ քվոտաների ազդեցությունը հատկապես տեսանելի է ՀՀ Ազգային ժողովում։
Ինֆոգրաֆիկան՝ WomenNet.am-ի
Ընտրական օրենսգրքում 5%-անոց քվոտայի ներդրումից հետո 2003 թվականին ձևավորված ՀՀ Ազգային ժողովի կազմում կանայք կազմում էին պատգամավորների ընդհանուր թվի միայն 5,24 տոկոսը։ 2005 թվականին ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում սահմանվել է 15% քվոտա։ Սա նշանակում էր, որ սեռերից որևէ մեկի ներկայացվածությունը նախընտրական ցուցակում չէր կարող ավելի քան 85% լիներ։ Սակայն 2007 թվականին ձևավորված խորհրդարանում պատգամավորների միայն 9,2%-ն էին կանայք։ Պատճառը համամասնական և մեծամասնական ընտրակարգերի առկայությունն էր։ Քվոտայի պահանջը վերաբերում էր միայն համամասնական ընտրակարգին՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակներին, իսկ մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվում էին հարուստ և իրենց համայնքում ազդեցություն ունեցող տղամարդիկ։ Բացի այդ համամասնական ցուցակներում ընդգրկված կանայք հաճախ ինքնաբացարկի էին դիմում ՝ զիջելով իրենց տեղը տղամարդկանց:
2011 թվականին Ընտրական օրենսգրքում արդեն իսկ յուրաքանչյուր սեռի առնվազն 20% ներկայացվածություն էր պահանջվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Եվ այնուամենայնիվ, գործող մեծամասնական ընտրակարգի պատճառով 2012 թվականին ձևավորված խորհրդարանում կանանց ներկայացվածությունը ընդամենը 10,7% կազմեց։ Սա նաև պայմանավորված էր նրանով, որ ընտրված կանայք ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացնում, և նրանց մանդատը հասնում էր ցուցակում ընդգրկված հաջորդ համարին, որը տղամարդ էր։ Այս ընտրություններից հետո կանանց իրավունքների ջատագովները պնդեցին, որ ինքնաբացարկ հայտնած կին թեկնածուի մանդատը պետք է անցնի ցուցակում ընդրկված հաջորդ կին թեկնածուին։ Այս առաջարկը հետագայում ամրապնդվեց Ընտրական օրենսգրքով։
Այնուհետև բարձրացվեց նաև սեռերից մեկի նվազագույն ներկայացվածության տոկոսը՝ նախ 25, ապա 30%: Սակայն քվոտան իրապես արդյունավետություն ունեցավ միայն այն ժամանակ, երբ անցում կատարվեց 100% համամասնական ընտրակարգի, և վերացվեցին տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային ցուցակները։ Ներկայումս խորհրդարանում 34% են կազմում կին պատգամավորները, ինչը փաստացի ավելին է, քան պահանջում է օրենքը։ Սա վկայում է քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարման աճի մասին։ Դրա ապացույցն է նաև այն, որ դեռևս 25% քվոտայի պահանջի պայմաններում շատ կուսակցությունների ներկայացրած նախընտրական ցուցակներում կանանց ներկայացվածությունն արդեն իսկ գերազանցում էր 30%-ը։
Աղբյուրը՝ WomenNet.am
«2005 թվականից սկսած ՀՀ ընտրական օրենսդրության փոփոխությունների արդյունքում մինչև այդ գոյություն ունեցած 5 տոկոս գենդերային քվոտան մեծացվել է՝ 2016 այն հասցնելով առնվազն 30 տոկոսի։ Ավելին՝ ներկայումս ներդրված առնվազն 30 տոկոս գենդերային քվոտան կիրառվում է ոչ միայն համապետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ, ինչը կարևոր է տեղական մակարդակում քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը խթանելու առումով։ Կոմիտեն այդուհանդերձ իր մտահոգությունն է հայտնում որոշումների ընդունման ամենաբարձր մակարդակներում կանանց մասնակցության կայուն ցածր աստիճանի առնչությամբ»,- նշված է զեկույցում:
Զեկույցի հեղինակ Վարսեր Կարապետյանն ընդգծում է այն հանգամանքը, որ գենդերային քվոտայի զուտ սահմանումը դեռևս բավարար չէ քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով․ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է հանձնարարականների բոլոր պահանջների միաժամանակ կատարումը։
Կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը
Զեկույցն անդրադարձել է նաև կանանց բռնությունից պաշտպանելու և ընտանեկան բռնությունը կանխարգելելու վերաբերյալ Կոմիտեի հանձնարարականներին, որոնք ևս կատարվել են մասամբ։ 2017 թվականին ընդունվել է ընտանեկան բռնության վերաբերյալ օրենք։ «Օրենքի ընդունումը, մեր գնահատմամբ, առաջընթաց քայլ է։ Անկախ թերկարգավորումներից՝ օրենքի ընդունումը ունի կարևոր խորհրդանշական բնույթ, այն կարևոր է նաև հանրային խոսույթում և իրավական մշակույթում ձևափոխումների առումով»,- նշված է զեկույցում։
Սակայն ընտանեկան բռնությունը Հայաստանում քրեականացված չէ, իսկ ՀՀ Ազգային ժողովը դեռևս չի վավերացրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա)։ Զեկույցի հեղինակը հավանական է համարում, որ առավել նպաստավոր քաղաքական իրադրության պայմաններում կոնվենցիան կվավերացվի։ «Սույն բաժնով նախատեսված հանձնարարակնների մասնակի իրականացման պատճառը սերտորեն կապված է հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ առկա կարծրատիպերի, կանանց տնտեսական հզորացման անհրաժեշտության հետ»,- եզրակացրել է հեղինակը։
Հրապարակված զեկույցում անդրադարձ կա նաև կարծրատիպերի դեմ պայքարի, թրաֆիկինգ և պոռնկության շահագործման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի ստեղծման, կանանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կոմիտեի հանձնարարականների կատարմանը։
Զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Կին պատգամավորներն աշխարհի և Հայաստանի խորհրդարաններում. «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագիր
Դիտումների քանակը` 631