«Երկաթյա բիզնեսի» տիրուհին

Գրեթե տաս տարի առաջ, երբ  29-ամյա Աստղիկ Հովսեփյանը որոշեց ստանձնել  «երկաթյա բիզնեսի» ՝ մետաղական խաղաhրապարակների կառուցմամբ զբաղվող Magnon ընկերության  ղեկավարումը, ընտանիքի անդամները  մտավախություն ունեին՝ իսկ եթե Գյումրին ու գյումրեցին չընդունի՞  փոքրամարմին, երիտասարդ աղջկա հավակնությունները:

 

 

Տարիներ շարունակ խաղահրապարակների, մարզահրապարակների, բակային ֆիթնեսի և այգիների համար մետաղական սարքավորումների արտադրությունը ղեկավարած հոր գործը շարունակելու ցանկությունը, սակայն, հաղթեց բոլոր մտավախությունները.

 

 

 «Նախ հաշվարկեցինք,  թե՝ պատվերների  քանի՞ տոկոսն է ստացվում գյումրեցիների կողմից:  Պարզվեց, շուրջ 5-6 տոկոսը: Հիմնական պատվիատուները Հայաստանի  համայնքները,  միջազգային կառույցները  ու դեսպանատներն էին, որոնց հետ արդյունավետ համագործակցության համար  անհրաժեշտ էր և՛ օտար լեզվի իմացություն,  և՛ աշխատանքային փորձառություն: Ես երկուսն էլ ունեի»,- հիշում է Աստղիկը, ով բիզնեսի կառավարման մասնագետ է:

 

 

Մասնագիտությամբ ֆիզիկոս և հանրային կառավարման մասնագետ երղբայրներն ընդունել են Աստղիկի ցանկությունն ու բացառապես տղամարդկանցից կազմված  աշխատակազմի ղեկավարումը վստահել քրոջը:

 

 

« Գյումրեցիները շատ կնամեծար են ու այս առումով  իրենց հետ  ավելի հեշտ է.  անհրաժեշտության դեպքում նրանք գյումրեցու արյան կանչով նաև պաշտպանում են քեզ որպես կին:Ե՛վ աշխատակազմը, և՛ գյումրեցի հաճախորդները շատ լավ ընդունեցին. նույնիսկ ամենապահպանողական գյումրեցին էլ  ընդունեց ինձ:,-ժպիտով է հիշում Աստղիկը, այդ հանգամանքը պայմանավորելով նաև թիմի աջակցությամբ ու  իր կատարած աշխատանքի որակով,-  երբ տեսնում են, որ գործդ լիարժեք ես անում, որ կոմպետենտ ես, ոչ մի խնդիր  չի կարող առաջանալ»:

 

 

 

 Հոր ղեկավարած արտադրամասում աշխատելը, պարզվում է, Աստղիկի ուսանողական տարիների երազանք էր:   Գյումրիում, ապա՝ Երևանի Ամերիկյան համալսարանում մասնագիտացած Աստղիկը հիշում է, որ  համալսարանում սովորելու տարիներին գործարար ոլորտին վերաբերող բոլոր աշխատանքներս կապված են եղել  իրենց  արտադրամասի գործունեության ու զարգացման հեռանկարների հետ: Տնօրեն հայրը, սակայն, դստերը խորհուրդ էր տվել աշխատանքային փորձառություն ձեռք բերել նախ այլ գործատուների մոտ:

 

 

 

«Հայրս ասում էր՝ գնա, ուրիշի մոտ աշխատի, որ հասկանաս, թե ինչպիսին  պետք է լինի լավ մենեջերը: Երկար ժամանակ այլ կազմակեպություններում եմ աշխատել: Եվ դա ինձ, իսկապես, օգնեց. տարբեր կազմակերպությունների թերացումներն ու  բացթողումները տեսնելով,  ես շատ բան սովորեցի»,- պատմում է Աստղիկը:

 

 

 

Ձեռք բերած օգտակար փորձառությունը Աստղիկն արդյունավետ կերպով կիրառում է իր արտադրամասում: Արտադրամասն օֆիսային տարածք ու  հստակ աշխատաժամանակ չունի: Աշխատանքային գրաֆիկը բավականին ճկուն է ու հնարավորինս հարմարեցված  աշխատողներին: Այստեղ հստակ է միայն մեկ բան. կա վերջնաժամկետ և այն պետք է պահպանվի:

 

 

 

Կին ղեկավարի նորարարական մոտեցումները աշխատակազմը միայն ողջունել է: Ղեկավարումն, այստեղ, ի տարբերություն շատ կառույցների, նաև մասնակցային է:

 

 

 

«Բոլոր որոշումները կայացնում ենք միասին՝ ողջ աշխատակազմով: Այս մոտեցումն օգնում է, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրը վերցնի   պատասխանատվության իր չափաբաժինը ու առավել ոգեշնչված աշխատի»,- նկատում է զրուցակիցս:

 

 

 

Մասնակցային կառավարման հաջողված փորձին այժմ ավելացել է կին ղեկավարի մեկ այլ՝ ներառականացման մոտեցումը. լսողական խնդիրներ ունեցող երիտասարդին աշխատանքի ընդունելու հանգամանքը օրինակելի է դարձել շատերի համար:

 

 

 

Աշխատանքային հաջողություններին, վերջին տարիներին գրանցած պատվերների կտրուկ աճի մասին խոսելուն զուգահեռ Աստղիկը նկատում է՝ թեև մշտապես աչքի է ընկել ակտիվությամբ ու համարձակությամբ, սակայն,  բազմաթիվ կանանց նման ինքն էլ  է բախվել  կարծրատիպային  մոտեցումներին:

 

 

Առաջին կողմնակալ  մոտեցումն զգացել է  Գյումրիում անցկացրած ուսանողական տարիների ընթացքում՝ շրջապատի կողմից:

 

 

«Այդ տարիներին  ակտիվորեն ներգրավվված էի ուսանողական խորհրդի աշխատանքներում: Հիշում եմ, մորս հաճախ էին ասում՝ աղջկադ ասա մի քիչ համեստ լին, թե չէ տանը կմնա»,- պատմում է Աստղիկը:

 

 

Հաջորդ՝ սեռով պայմանավորված կարծրատիպային մոտեցումը  ընտանիքի կողմից էր:  «Միակ խտրականությունը, որ ես զգացել եմ իմ ընտանիքում, այն էր, որ ինձ  այդպես էլ մեքենա վարել  չսովորեցրին: Այդ տարիներին Գյումրիում ընդհանրապես ընդունված չէր, որ կինը, երիտասարդ աղջիկը մեքենա վարի,-հիշում է Աստիկն ու կատակում,- մինչև հիմա հիշեցնում եմ այդ փաստն ու երեսով տալիս»:

 

 

 

Մեքենա վարելու երազանքն իրականություն է դարձել ամուսնությունից հետո, 31 տարեկանում միայն:

 

 

Բիզնեսում, քաղաքական կյանքում և այլ ոլորտներում  կանանց նկատմամբ կողմնակալ  վերաբերմունքը հաղթահարելու հնարավորությունները Աստղիկը համեմատում է իր՝ մեքենա վարելու փորձառության հետ  ու եզրահանգում՝ ժամանակ է պետք:

 

 

«Իմ եղբայրներին 6 տարեկանից բացատրում էին, թե ինչպես է պետք մեքենա վարել, նստում էին իրենց կողքին, սովորեցնում: Ես սովորեցի 31 տարեկանում:Ակնհայտ է, չէ՞,  թե մեզնից ով հմուտ վարորդ դառնալու ավելի մեծ պոտենցիալ ուներ:Այդպես էլ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության ու ակտիվության ապահովման դեպքում է,- ասում է Աստղիկն ու շարունակում,-  մենք դեռ մե՜ծ կարծրատիպեր ունենք հաղթահարելու…»:

 

 

 Աստղիկը վստահ է՝ կանանց ուսերի բեռը հավասարաչափ վերաբաշխելու դեպքում հաջողություններն առավել ակնհայտ ու տեսանելի կլինեն. «Երբ սկսած տնային գործերից ընտանեկան պարտականություններն ավելի հավասարաչափ բաշխվեն կանանց ու տղամարդկանց միջև, կանայք ավելի առաջ կգնան: Իսկ կանանց քանի՞ տոկոսն այսօր կարող է իրեն նման  շռայլություն թույլ տալ և բիզնեսով կամ այլ ակտիվ գործունեությամբ զբաղվելու համար ժամանակ գտնել, քանիսի՞ն  են պատրաստ տղամարդիկ այդ հարցում օգնել…  »:

 

 

Երկու զավակների մայրը շեշտում է՝ ինքը կարողացել է հաջողել բիզնեսում նաև ընտանիքի, ամուսնու աջակցության շնորհիվ: Դրա հետ մեկտեղ նա նաև  վստահ է՝ ընտանիքի, հասարակության կարծատիպային մոտեցումների դեմ պայքարելուց առաջ կանայք նախ պետք է կոտրեն իրենց ներքին պատնեշներն ու կապանքները:

 

 

« Մեզ առաջին սահմանափակողը  մենք ենք: Շատ կանանց թվում է, որ եթե իրենք սկսեն ակտիվ գործունեությամբ զբաղվել, հասարակությունը կսկսի իրենց քննադատել ու այլ աչքով նայել,- ասում է Աստղիկն ու բոլոր կանանց փոխանցում 84-ամյա տատից ստացած իր կյանքի ամենակարևոր  խորհուրդը,- ով ձգտում է, նա հասնում է, ով փնտրում է՝ նա գտնում է:  Գրում ես, փակցնում աչքի առաջ, տեսանելի ինչ-որ տեղ ու ամեն օր կրկնում այս խոսքերը…»:

 

                                                                                                          

  Գայանե Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 1064

Գլխավոր էջ