Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

 

Կնասպանություն՝ կնասպանության հետևից

 

Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած վեճին, ընթացքում ամուսինն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխին։ Ստացած վնասվածքների պատճառով կինը մահացել էր հիվանդանոցում։

 

Ոստիկանության կայքում անցյալ ամսվա ընթացքում կնասպանության վերաբերյալ մի քանի հաղորդագրություն է եղել։

 

Մայիսի 22-ին Գյումրիում ամուսինը սպանել էր 42-ամյա Սիրանուշ Մանուկյանին ։

 

Մայիսի 5-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում ամուսինը սպանել էր 35-ամյա տանտիրուհուն։

 

Ապրիլի 22-ին Արմավիրի մարզում տղամարդը սպանել էր կնոջ հորն ու մորը։

 

Հայաստանում կանայք առավել հաճախ բռնության ենթարկվում են զուգընկերների կողմից։ «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն, 2021թ.» համաձայն՝ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43.3 %-ը լռում է բռնության մասին։

 

Սեռական բռնության ենթարկված կանայք ավելի շատ են գերադասում չխոսել այդ մասին։ Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 44.7 %-ը որևէ մեկին չի պատմել բռնության մասին, սեռական բռնության ենթարկվածների՝ 48 %-ը։

 

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 12 %-ն է դիմել օգնության որևէ պատասխանատու կառույցի։ Այդ կառույցներին դիմել են այն ժամանակ, երբ արդեն չեն կարողացել հանդուրժել բռնությունը կամ բռնության արդյունքում ստացել են ծանր վնասվածք։

 

Բռնության ենթարկված կանանց 23.5 %-ը երբևէ հեռացել է տանից բռնության պատճառով։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված և տանից հեռացած կանանց 63 %-ը հետ է վերադարձել ամուսնու տուն։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 76.5 %-ը շարունակում է ապրել բռնարարի հետ՝ երբևէ չլքելով տունը։


Ապտակից՝ մինչև հրազենի սպառնալիք.
ի՞նչ է ցույց տալիս հետազոտությունը

 

Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8 %-ը երբևէ կյանքի ընթացքում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Սեռական բռնության ենթարկված կանանց 62.5 %-ը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկվածների 27.8 %-ը՝ նաև սեռական բռնության։

 

Զուգընկերոջ կողմից սեռական և/կամ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 20.6 %-ը ստացել է որևէ վնասվածք։ Բռնության հետևանքով վնասվածք ստացած կանանց կեսից ավելին՝ 50.5 %, վնասվածք է ստացել մի քանի անգամ։ Նման տվյալներ են հրապարակվել «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն, 2021թ.» զեկույցում։

 

 

«Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության հետևանքով կանանց ստացած վնասվածքները տարբեր են իրենց տեսակներով՝ քերծվածքներից մինչև խորը վերքեր և ներքին վնասվածքներ։ Բռնության հետևանքով կանանց մեծ մասը՝ 76.9 %–ը, ստացել են քերծվածքներ, ճանկռվածքներ և կապտուկներ, որից հետո առավել տարածված ուղեկցվող վնասվածքներն են՝ կտրվածքները, ծակածները, կծածները։ Հաջորդ խումբ վնասվածքներից են՝ թմբկաթաղանթի պատռվածքը, աչքի վնասվածքները, կոտրվածքները։ Բռնության հետևանքով ստացված վնասվածքները չունեն միայն ֆիզիկական դրսևորումներ։ Դրանք, հիմնականում, ուղեկցվում են նաև հոգեբանական ազդեցությամբ»,- ասված է հետազոտության մեջ։

 

Հետազոտության մասնակից 15-59 տարեկան կանանց 6.6 %-ը երբևէ կյանքի ընթացքում զուգընկերոջ կողմից ենթարկվել է սեռական բռնության: Բռնության տեսակների մեջ այն ամենից քիչ տարածվածն է՝ համեմատած ֆիզիկական բռնության (14.8 %) և հոգեբանական բռնության (31.8 %) հետ։

 

Հեղինակները մանրամասնում են, որ կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության դրսևորումները դիտարկվել են բռնության առավել մեղմ տեսակից (օրինակ՝ ապտակ) մինչև դանակի կամ հրազենի սպառնալիք և/կամ օգտագործում։ Որքան սաստկանում են ֆիզիկական բռնության ձևերը, այնքան նվազում է դրանց ենթարկված կանանց թիվը։ Երբևէ զուգընկեր ունեցած կանանց շրջանում ֆիզիկական բռնության ամենից հաճախ հանդիպող տեսակը եղել է ապտակը կամ որևէ առարկա նետելը, որը կարող էր վնասել կնոջը: Բռնության այս տեսակին երբևէ ենթարկվել է 15-59 տարեկան կանանց 13.5 %-ը։

 

«Ելնելով հետազոտության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ թվարկված ֆիզիկական բռնության ձևերն առավել տարածված են գյուղական բնակավայրերում, քան՝ քաղաքային»,- նշում են հետազոտության հեղինակները։

 

Ըստ աղբյուրի՝ դաժան ֆիզիկական բռնության տարածվածության դեպքերը կազմում են 5.5 %։ Դաժան ֆիզիկական բռնության դրսևորումներից են ոտքով հարվածելը, քարշ տալը, ծեծելը, խեղդելը, հրացանի, դանակի կամ որևէ այլ զենքի օգտագործումը և այլն։

 

Դաժան բռնությունն առավել տարածված է ԲՈՒՀ ավարտած, գյուղաբնակ կանանց շրջանում

 

«Բարձրագույն/հետբուհական կրթություն ունեցող կանանց շրջանում ավելի բարձր է դաժան բռնությունների ենթարկվելու տարածվածություն, իսկ չափավոր ֆիզիկական բռնությունն առավել տարածված է միջին մասնագիտական կրթություն ունեցող կանանց շրջանում։ Այսինքն` որքան բարձր է կնոջ կրթական աստիճանը, այնքան բարձր է չափավոր և դաժան ֆիզիկական բռնության տարածվածությունը»,-հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել փորձագետները։

 

Նշվում է, որ գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում չափավոր և դաժան ֆիզիկական բռնության, քան՝ քաղաքաբնակները։

 

Բռնության տարածվածությունը տարբեր է՝ ըստ հարցվողների տարիքի։ Զուգընկերոջ կողմից դաժան ֆիզիկական բռնության ամենից շատ ենթարկվել են 25-44 տարիքային խմբի կանայք, իսկ չափավոր ֆիզիկական բռնության՝ 15-24 և 45-59 տարիքային խմբի կանայք։

 

Հետազոտության մասնակից կանանց 50 %-ը չունի որևէ եկամուտ, հետևաբար չունեն ֆինանսական անկախություն և ունեն կախվածություն զուգընկերոջից կամ տնային տնտեսության որևէ անդամից/ներից, ինչն էլ իր հերթին բարձրացնում է բռնության ենթարկվելու հավանականությունը։ Որևէ զբաղվածություն, եկամուտ ունեցող կանանց մեջ գերակշռում են գյուղատնտեսությամբ զբաղվող կանայք (34.5 %), ինչը, հիմնականում, պայմանավորված է նրանով, որ գյուղական բնակավայրերում գյուղատնտեսությունը զբաղվածության հիմնական կամ միակ տեսակն է։

 

Կանայք զուգընկերոջ կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվում նաև հղիության ընթացքում

 

Հետազոտության շրջանակում նման կանայք կազմել են 2.6 %։ Ըստ հարցումների արդյունքների՝ հղիության ընթացքում բռնության ենթարկված կանանց բռունցքով կամ ոտքով հարվածել են փորին։ Բռնության այս դրսևորումը ևս ավելի տարածված է գյուղական բնակավայրերում։ Ընդ որում, հարվածողները բոլոր դեպքերում հենց այդ երեխաների հայրերն են։ Այդ տղամարդիկ, հիմնականում, նման ձևով են վարվել կանանց հետ նաև մինչև հղիությունը, սակայն հղիության ընթացքում ծեծը, ապտակները քչացել են։

 

Եթե հղիության ժամանակ բռնության ենթարկվելու հարցում շատ աննշան տարբերություն է նկատվում՝ ըստ կրթական մակարդակի, այսինքն՝ հղիության ժամանակ ապտակվելու կամ ծեծվելու հարցում կանանց ունեցած բարձրագույն կամ հետբուհական կրթությունը որևէ կերպ չի խանգարում բռնության ենթարկվելուն, ապա հղիության ժամանակ զուգընկերոջ կողմից կնոջ փորին հարվածելու հարցում եղել են որոշ տարբերություններ։

 

Փորին հարվածելու դեպքերն առավել քիչ են հանդիպում միջին մասնագիտական/նախնական մասնագիտական և բարձրագույն/հետբուհական կրթություն ունեցողների շրջանում՝ ի տարբերություն միջնակարգ կրթություն ունեցողների։ Հավանաբար, կրթության որոշակի մակարդակ ունենալը նպաստում է, որ կանայք ավելի խորքային գիտակցեն և թույլ չտան հարվածներ փորին՝ երեխային անմիջական վտանգից փրկելու համար։ Կանանց՝ բարձրագույն կրթություն ունենալու կարևոր գործոնի մասին կարող ենք խոսել նաև այն դեպքում, երբ խոսքը գնում է հղիության ժամանակ բռնության դեպքերի նվազման մասին։ Որքան բարձր է կանանց կրթական մակարդակը, այնքան նվազում է հղիության ժամանակ ծեծ, ապտակ ստանալու հավանականությունը։

 

Ինչպե՞ս են արձագանքում կանայք ֆիզիկական բռնությանը

 

Բռնարարի գործողություններին արձագանքելու երկու հիմնական մոտեցում կա՝ կա՛մ ոչինչ չանել և սպասել մինչև բռնարարն ավարտի իր ֆիզիկական բռնությունը, կա՛մ պաշտպանվել, պատասխանել նրա վարքագծին։

 

Հայաստանում, կանանց մեծ մասը՝ 67 %, նախընտրում է առաջին տարբերակը՝ ոչինչ չանել պաշտպանվելու կամ պատասխանելու համար։ Կանանց միայն 33 %-ն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։ Ընդ որում, հակահարված տվող կանանց մեծ մասն այն արել է 1 անգամ՝ 13.2 %։

 

Գյուղական բնակավայրում գերակշռում են մեկ անգամ հակահարված տված կանայք, մինչդեռ քաղաքային բնակավայրերում՝ մի քանի անգամ կամ գրեթե միշտ հակահարված տված կանայք։ Ըստ հետազոտողների, սա խոսում է քաղաքային բնակավայրերում բնակվող կանանց՝ իրենց հանդեպ իրականացվող ֆիզիկական բռնության նկատմամբ առավել անհանդուրժող լինելու մասին։ Այսինքն՝ քաղաքային բնակավայրերում բնակվող կանայք ունեն առավել անհանդուրժողական վերաբերմունք ֆիզիկական բռնությունների նկատմամբ՝ գոնե հակահարված տալու առումով։

 

Զուգընկերոջ ֆիզիկական բռնությունների ժամանակ կնոջ կողմից հակահարված տալը դրական ազդեցություն է ունենում միայն քաղաքային բնակավայրերում։ Գյուղական բնակավայրերում կանանց կողմից բռնությանը պատասխանելու կամ պաշտպանվելու գործողությունների հետևանքով դրանք ավելի են սաստկանում կամ չեն հանգեցնում որևէ դրական փոփոխության։

 

Առավել տարածված է հոգեբանական բռնությունը

 

Ի տարբերություն սեռական (6.6 %) և ֆիզիկական բռնության (14.8 %)` Հայաստանում հոգեբանական բռնության է ենթարկվել կանանց 31.8 %-ը։ Ընդ որում, հոգեբանական բռնությունն առավել տարածված է քաղաքային բնակավայրերում, քան՝ գյուղական։ Որքան բարձր է անձի կրթական մակարդակը, այնքան բարձր է հոգեբանական բռնության ենթարկվելու ցուցանիշը։ Ի տարբերություն ֆիզիկական և սեռական բռնության, հոգեբանական բռնության առավել շատ ենթարկվում են բարձրագույն/հետբուհական կրթություն ունեցող կանայք։

 

«Երևույթը որպես հոգեբանական բռնություն ընկալելու հարցում կարևոր է անձի ունեցած կրթական մակարդակը։ Որքան բարձր է անձի կրթական մակարդակը, այնքան բարձր է հավանականությունը, որ իր հանդեպ կիրառվող երևույթները կընկալվեն ճիշտ»,- նշում են հետազոտողները։

 

Կնոջ նկատմամբ ամենից հաճախ կիրառվող հոգեբանական բռնությունը վիրավորանքն է, երբ զուգընկերը վիրավորել է կնոջը կամ ստիպել է նրան վատ զգալ (30.7 %)։ Բռնության այդ տեսակը ամենից տարածվածն է եղել նաև վերջին 12 ամիսների ընթացքում։

 

Բռնության հետևանքները

 

Գյուղական բնակավայրերում բնակվող կանայք, բռնության ենթարկված լինելու հանգամանքից անկախ, ավելի շատ են մտածում ինքնասպան լինելու մասին, քան՝ քաղաքաբնակները։ Հավանաբար, դրա պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական խնդիրներն են։ Մինչդեռ, երբ խոսքը գնում է ինքնասպանության փորձերի մասին՝ քաղաքային բնակավայերում բնակվող և բռնության չենթարկված կանայք ավելի շատ են ինքնասպանության փորձ արել, քան՝ գյուղաբնակ կանայք։ Հավանաբար, դրա հիմքում ընկած են սոցիալ-մշակութային գործոնները։ Գյուղական բնակավայրերում ինքնասպանության երևույթի՝ որպես ամոթալի դիտվելը, ունի առավել խորը արմատներ։

 

«Հայաստանում, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 7.2 %-ը լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին, իսկ 1.5 %-ը փորձել է ինքնասպան լինել։ Բռնության ենթարկված կանայք, ըստ հետազոտության արդյունքների, շատ փոքր տարբերությամբ, ավելի շատ են մտածել ինքնասպանության մասին և ավելի շատ են փորձել ինքնասպան լինել։ Սակայն, որևէ նշանակալի կապ չկա բռնության ենթարկված ու չենթարկված կանանց և ինքնասպանության մասին մտածելու և փորձեր անելու միջև»,- նշում են հետազոտության հեղինակները։

 

Կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների ուղղակի կրողը կանայք են, սակայն դրան մասնակից են լինում նաև երեխաները՝ դառնալով բռնության անուղղակի կրողներ։ Ընտանիքում պարբերաբար ներկա գտնվելով բռնության դրսևորումների՝ երեխաներն ունենում են մի շարք խնդիրներ՝ կապված ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական առողջության հետ։

 

Ըստ հետազոտության եզրահանգումների՝ 6-12 տարեկան տղա երեխաները երեք անգամ ավելի շատ են փախնում տանից, քան՝ աղջիկ երեխաները։

Այն կանայք, որոնց զուգընկերները նախընտրում են տղա երեխա ունենալ, ավելի շատ են ենթարկվում ֆիզիկական կամ սեռական բռնության՝ 33.8 %։

 

Երբևէ զուգընկեր ունեցած կանանց 40.2 %-ն ունեցել է հղիության արհեստական ընդհատում։ Բարձր է նաև վիժման ցուցանիշը, որը կազմում է 25.7 %։ Ընդ որում, վիժում, մեռելածնություն և հղիության արհեստական ընդհատում իրականացրած/ունեցած կանանց շրջանում ավելի մեծ թիվ են կազմում զուգընկերոջ կողմից բռնության ենթարկված կանայք, քան՝ չենթարկվածները։

 

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվելը նպաստում է կանանց նյարդային, հուսահատ, անհանգիստ, լարված, ընկճված լինելուն։

 

Հետազոտության մասին

 

Հետազոտությունն (ԿՆԸԲՀ) իրականացվել է Վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի (ՄԶՄԿ) և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի համագործակության շրջանակներում: Այս ծառայության մատուցումն իրականացվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի հզորացման ազգային ռազմավարական ծրագրի շրջանակում։

 

Այն նպատակ ուներ տվյալներ հավաքել կանանց նկատմամբ կիրառվող բռնության և հատկապես ընտանեկան բռնության վերաբերյալ։ Հետազոտությունը հնարավորություն է տվել գնահատել իրենց տնային տնտեսություններում կանանց նկատմամբ կիրառվող բռնության տարածվածությունը՝ ըստ բռնության տեսակների, հաճախականության և կանոնավորության, ինչպես նաև բացահայտել բռնարարի կողմից բռնության կիրառման պատճառները, բռնության ենթարկվածների վրա դրա թողած ֆիզիկական, զգացմունքային և հոգեբանական հետևանքները։

 

Հարցման թիրախային մասնակիցներն են մասնավոր տնային տնտեսություններում բնակվող 15-59 տարեկան կանայք։ Հետազոտության շրջանակում դաշտային աշխատանքներ իրականացնող անձնակազմը փաստացի այցելել է 12 636 տնային տնտեսություն, սակայն արդյունավետ հարցազրույցներ իրականացվել են 2 872 տնային տնտեսություններում։

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը։

Դիտումների քանակը` 1324

Գլխավոր էջ