Հայաստանում կստեղծվի կանանց տնտեսական զորացման հարթակ

 

Հայաստանում ստեղծվելու  է Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ, որի նպատակն է աջակցել  ձեռնարկատիրության և զբաղվածության էկոհամակարգի կայացմանը՝ քարտեզագրելով տարբեր դերակատարների կարողությունները և մշակելով հետազոտական տվյալների վրա հիմնված քաղաքականություն: Նախաձեռնությունը,  որը ներկայացվեց օրերս, իրականացվելու է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ:  

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, հարթակը հնարավորություն կտա մշակել և ներդնել ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանման արդյունավետ մոդելներ:  

 

 

 

«Ճիշտ է, կանանց զորացման ուղղությամբ թե՛ իրավական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային հարթություններում մեծ աշխատանք է կատարվել, այդուհանդերձ, կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշները դեռևս չեն հասել ցանկալի թիրախին։ Վստահ եմ, որ հարթակը կկայանա իբրև կանանց կարողությունների զարգացման և ձեռներեցության խթանման ազգային գործիք, որը կմիավորի նաև հանրային ու մասնավոր բոլոր նախաձեռնությունները։ Նպատակ ունենք այն դարձնել նաև ֆինանսական ռեսուրսները կառավարող, կրկնությունները բացառող ու լավագույն մոդելները տարածող գործիք»,- հարթակի ներկայացման ընթացքում նշել է Ն․ Մկրտչյանը։

 

 

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է, որ Հայաստանը բախվում է էկոհամակարգային մակարդակի բարդ խնդիրների, որոնք պահանջում են լուծման համալիր և նորարար մեխանիզմներ:

 

 

«ՄԱԶԾ-ի նպատակն է խթանել կանանց ձեռնարկատիրական ներուժը և տնտեսական հնարավորությունները Հայաստանում՝ ապահովելով Կառավարության առավել ընդգրկուն մասնակցություն։ Աջակցության այս ինքնատիպ մեխանիզմը ստեղծելու գործում մենք վճռականորեն գործակցում ենք Կառավարության հետ, քանի որ կանանց տնտեսական մասնակցությունը, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության եւ ձեռներեցության մակարդակի բարձրացման միջոցով, վճռորոշ դեր ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով», – ասել է Ն․ Նացվլիշվիլին։

 

 

Հարթակն աջակցելու է կին ձեռներեցներին և աշխատանք փնտրող կանանց՝ կիրառելով նորարարական գործիքներ, առաջարկելով ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը խթանող թիրախային ծրագրեր, ինչպես նաև տարատեսակ ցանցերի անդամակցության և ֆինանսավորման հնարավորություններ։

 

 

Կանանց տնտեսական զորացման հարթակի լիարժեք մշակման և ներդրման շրջանակում կիրականացվեն պիլոտային ծրագրեր՝ նպաստելու առնվազն սկսնակ 50 և  գործող 50 կին ձեռներեցների ու  ցածր տնտեսական կարողություն ունեցող 250 կանանց տնտեսական զորացմանը։

 

 

Նշենք, որ ծրագիրն իրականացվեու է երկու հիմնական խմբերի համար։ Առաջին խմբում նախատեսվում է ընդգրկել բիզնես կարողություններ ունեցող շուրջ 205 կանանց, որոնք ցանկանում են ձեռներեցությամբ զբաղվել, կամ արդեն ունեն բիզնես և նպատակ ունեն այն ընդլայնել, զարգացնել բիզնես գիտելիքներն ու հմտությունները։

 

 

Երկրորդ խումբը զբաղվելու է կանանց շրջանում աշխատունակության բարձրացմամբ, ուսուցանելու է այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում։ Այս խմբում կընդգրկվի 250 կին, որոնց կօժանդակեն նաև աշխատանք գտնելու հարցում։ Զուգահեռաբար ներդրվելու են այլ մեխանիզմներ, օժանդակ ծառայություններ, որոնք կնպաստեն կանանց տնտեսական ինտերգրմանը։ Օրինակ, դրանցից մեկը կարող է լինել երեխայի խնամքի ծառայությունը։

 

 

Ծրագիրը մեկ տարով է, սակայն իմաստն այն է, որ ստեղծվի մի մոդել, որը շարունակական կլինի թե՛ գործընկերների, թե՛ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ։

 

 

***

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց միայն 41%-ն է զբաղված , մինչդեռ տղամարդկանց պարագայում 56 %-ն  է աշխատում :

 

 

Զբաղված կանանց ու տղամարդկանց  հիմնական մասը վարձու աշխատող են: Գործատուի կարգավիճակ ունեցող աշխատողների թվում միայն 24%-ն են կին, ինքնազբաղվածներից  36%-ն են կին:

 

 

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC-ի իրականացրած հետազոտության համաձայն՝  Հայաստանում կանանց ձեռնարկությունները առավելապես փոքր են: Դրանք հիմնականում միկրո կամ փոքր են ձեռնարկություններ են՝ համապատասխանաբար՝ 40.2 % և 29.9%, ընդ որում դրանց շուրջ 79.9 %-ը համարվում է առավել երիտասարդ բիզնես՝  միջինում 6 տարվա պատմություն ունեցող, և գործում են հիմնականում առևտրի բնագավառում: Կին ձեռներեցների միայն 6.2 %-ն է ղեկավարում խոշոր բիզնես: Կին ձեռներեցների մեծ մասը չունեն 18 տարեկանից ցածր տարիքի զավակներ, ամուսնալուծված են կամ այրի: Ըստ հարցման, կանանց ձեռներեցությանը խոչընդոտող իմնական մարտահրավերը  տուն-աշխատանք համադրելու  խնդիրն է: Ուսումնասիրությունները նաև փաստում են, որ գործազրկության ցուցանիշը բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում՝ 45 %, ինչը, հիմնականում, կապված է երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու դժվարության հետ։

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից դեռևս մի քանի տարի առաջ կատարած  ուսումնասիրության  համաձայն՝ կանանց տնտեսական ակտիվության ցածր մակարդակի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան կրում է առնվազն 50-60 մլն դոլարի վնա, և դա ամենամինիմալ հաշվարկներով։

 

 

Ս. Մարտիրոսյան

 

 

Դիտումների քանակը` 777

Գլխավոր էջ