Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի 70 %–ը վերաբերում է կանանց․ Քրիստինե Ավագյան
Վերջին երեք տարվա ընթացքում շուրջ 1200 մարդ դիմել է «Հրայր Մարուխյան հիմնադրամ»-ին իրենց աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման համար: Հատկանշական է, որ դիմողների 70 %–ը կանայք են: Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում հմնադրամի գործուներության և աշխատաշուկայում կանանց նկատմամբ դրսևորվող խտրականության մասին WomenNet.am-ը զրուցել է «Հրայր Մարուխյան հիմնադրամ» սոցիալ-դեմոկրատիայի ուսումնասիրության և վերլուծական կենտրոնի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանի հետ։
– Ինչո՞ւ հիմնադրամը որոշեց զբաղվել աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ։ Ո՞րն էր դրա հանրային պահանջը։
– Առաջին և հիմնական հանրային պահանջն այն էր, որ աշխատանքային իրավունքների խախտման դեպքում թե՛ իրավական խորհրդատվության, թե՛ դատական ներկայացուցչության ծախսերը բավականին մեծ են՝ շուրջ կես մլն դրամ։ Առնվազն այդքան կպահանջվի քաղաքացուց՝ իր խախտված աշխատանքային իրավունքը դատական կարգով վերականգնելու համար։ Իսկ սա, ինչպես հասկանում ենք, ահռելի ծախս է մեր քաղաքացիներից շատերի համար։ Երկրորդ պատճառն այն էր, որ, ըստ էության, 2013 թվականից հետո Հայաստանում չկար որևէ կառույց, որը կիրականացներ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման պետական վերահսկողություն, ուստի աշխատանքային վեճերի լուծման միակ տարբերակը դառնում էր դատարանը։
( Խմբ. – Միայն վերջերս՝ անցյալ տարվա հուլիսից, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նոր լիազորություններ ստացավ աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և դրանով իսկ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան արտադատական կարգով լուծելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները։ Մինչ այդ տեսչական մարմինը վերհսկողություն էր իրականացնում միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության պայմանների ապահովման վրա)։
– Ի՞նչ է առաջարկում հիմնադրամը քաղաքացիներին, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են։
– Հիմնադրամը առաջարկում է ինչպես իրավաբանական խորհրդատվություն, այնպես էլ դատական ներկայացուցչություն։ Այսինքն՝ մենք հանձն ենք առնում մեզ դիմող քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումն ամբողջությամբ։ Այս պահին մենք դատարաններում ավելի քան 100 գործ ունենք քննվող։ Եվ, բնականաբար, այս ամենն արվում է բացառապես անվճար հիմունքներով։ Ուստի, եթե կան քաղաքացիներ, ովքեր համարում են, որ իրենց աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, սակայն չգիտեն ում դիմել և ինչից սկսել, կարող են դիմել մեզ։
Մեր օգնությամբ աշխատանքում վերականգնվել է դիմողների շուրջ 80 %–ը, աշխատավարձի բռնագանձման դեպքերով մեր արդյունքներն ավելի մեծ տոկոս են կազմում։ Այս հարցով դիմումների 90 %-ը բավարարվել են։ Ստաժի վերականգնման գրեթե բոլոր հայցերը, որոնք մենք ենք ներկայացրել, ևս բավարարվել են։
– Ի՞նչ հարցերով են մարդիկ ամենից հաճախ դիմում հիմնադրամին։ Ո՞ր իրավունքներն են շատ խախտվում գործատուների կողմից։
– Սա շատ կարևոր հարց է, որովհետև բացահայտում է լրջագույն խնդիրներ։ Հիմնական հարցը, որով մեզ դիմում են, աշխատանքից ապօրինի ազատումն է, և այս հարցում, ցավոք, մեզ դիմում են սովորաբար պետական սեկտորի աշխատողները։ Այսինքն՝ քաղաքացիներին ապօրինաբար աշխատանքից ազատում են հենց պետական կառույցներից։ Այս կառույցների նախկին աշխատակիցներից ստացված դիմումների 90 %-ը վերաբերում է հենց աշխատանքից ապօրինի ազատումներին։
Երկրորդ տարածված խախտումը, որով մեզ դիմում են, աշխատավարձի բռնագանձումն ու վերջնահաշվարկի ընթացքում թույլ տրված սխալներն են։ Մասնավոր սեկտորի գործատուները խախտում են հիմնականում վճարումների հետ կապված դրույթները։
Երրորդ խնդիրը քաղաքացիների ստաժի սխալ հաշվարկումն է՝ կենսաթոշակի նշանակման ընթացքում։ Այս խնդիրը, հիմնականում, կապված է այն հանգամանքի հետ, որ ըստ օրենքի, 1992 թ․–ից հետո գործատուները պարտավոր էին հարկային վճարումներ կատարել իրենց աշխատակիցների համար, սակայն, փաստացի, մինչև 1997 թ․–ը շատ քչերն են կատարել այս պահանջը։ Ավելին, շատ լուծարված կազամկերպություններ իրենց փաստաթղթերը չեն հանձնել պետական արխիվ և ուղղակի վերացրել են։ Ուստի այս քաղաքացիների աշխատանքային ստաժի հավաստումը ևս խնդրահարույց է դառնում։
Լրջագույն խնդիր է նաև քաղաքացիների՝ իրենց իրավունքների, աշխատանքային օրենսգրքի, կարգավորումների չիմացությունը։ Օրինակ՝ շատերը չգիտեն, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելուց առաջ գործատուն պարտավոր է իրենցից բացատրություն պահանջել և ողջամիտ ժամկետներ տալ դրա համար։
– Ձեր դիտարկումների համաձայն, աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը ունե՞ն գենդերային ենթատեքստ։ Կա՞ արդյոք խտրականություն կանանց նկատմամբ գործատուների կողմից։
– Իմ փորձը ցույց է տալիս, որ կանանց նկատմամբ, իրոք, կա ընդգծված խտրականություն՝ գործատուների կողմից։ Եթե փորձեմ տոկոսային համամասնությամբ ներկայացնել, ապա կարող եմ ասել, որ աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի 70 տոկոսը վերաբերում է հենց կանանց։ Խոսքը ոչ միայն մայրության նպաստի, ֆիզարձակուրդի իրավունքի խախտման մասին է, որոնք հատուկ են միայն կանանց, այլև, օրինակ, աշխատավարձերի և այլ վճարումների։ Մենք ունենք դեպքեր, երբ գործատուն կին աշխատակցին 4 անգամ ավելի քիչ է վճարել՝ միջին աշխատավարձից։ Բացի այդ, գործատուներն ավելի հակված են կրճատել կին աշխատակիցներին, կամ, օրինակ, աշխատանքից ազատել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանանց՝ անգամ առանց պատշաճ ծանուցման կամ հիմքերի։ Չնայած, որ, օրենքը սահմանում է, որ հաստիքների կրճատման դեպքում ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցն օգտվում է նախապատվության իրավունքից, Հայաստանում գործնականում բոլորովին այլ պատկեր ենք տեսնում․ առաջինը հենց այս կանանց են կրճատում։
Բացի այդ, հատկապես երիտասարդ աղջիկների, ուսանողների դեպքում, գործատուներն առավել են հակված են չվճարելու կատարված աշխատանքի համար, կամ նախատեսվածից անհամեմատ քիչ վճարելու։ Մեր դիտարկումների համաձայն՝ տղամարդկանց կամ նույն տարիքի տղաների դեպքում նման գործելաոճ, սովորաբար, չի դրսևորվում։
Լինում են նաև այլ բնույթի խախտումներ․ մենք ունեցել ենք դեպք, երբ աշխատակցուհիները տեսանկարահանող սարք էին հայտնաբերել իրենց հանդերձարանում, որը տեղադրվել էր գործատուի կողմից։
– Իսկ ո՞րն է գործատուների կողմից նման խտրական վերաբերմունքի պատճռը։
– Իմ կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ կանայք առավել խոցելի են համարվում աշխատաշուկայում։ Գործատուները շատ լավ գիտեն, որ Հայաստանում կանանց համար աշխատանք գտնելը, զբաղվածություն ապահովելն ավելի բարդ է, քան տղամարդկանց համար, ուստի, գործատուները համարում են, որ կանայք ավելի հեշտ կհարմարվեն վատ աշխատանքային պայմանների, քիչ աշխատավարձի, ավելի շատ զիջումների կգնան՝ աշխատանքը չկորցնելու համար։ Կանայք նաև պակաս հակված են պաշտպանել իրենց խախտված իրավունքը դատական կարգով։ Այսպիսով, գործատուները կանանց դիտարկում են որպես առավել անպաշտպան սուբյեկտ։
Սոնա Մարտիրոսյան
Հ.Գ. Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակին դիմելու համար այցելեք այստեղ:
Դիտումների քանակը` 1092