«Կանանց արտոնյալ պայմաններ պետք չեն, պետք են   հավասար պայմաններ»  

 

«Զարտ պրինտ». Կանանց կողմից ղեկավարվող և  կանանց ոգեշնչող բիզնեսը 

 

«Ոգեշնչող կանայք». այսպես էր կոչվում «Զարտ պրինտ» ՍՊԸ-ի կողմից վերջերս իրականացված նախագիծը, որի շրջանակներում տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց:

 

 

««Զարտ պրինտը» ղեկավարվում է կանանց կողմից: Այս փաստը հաշվի առնելով,  որոշեցինք նախաձեռնել «Ոգեշնչող կանայք» նախագիծը՝ կանանց տեսանելիությունը բարձրացնելու և տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց փորձով մյուսներին ևս խրախուսելու նպատակով»,-  ասում է ընկերության տնօրեն Սյուզաննա Բաթոյանը:

 

 

Վերջինիս դիտարկմամբ՝ հասարակության կողմից շարքն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Շատերն սկսել են նույնիսկ առաջարկել հաջողակ կանանց անուններ՝ նրանց ևս ներկայացնելու խնդրանքով:

 

 

«Ի սկզբանե որոշել էինք այդ շարքն իրականացնել մեկ շաբաթվա ընթացքում: Արձագանքները, սակայն,  այնքան բուռն էին, որ շուրջ 40 օր տևեց»,- նշում է զրուցակիցս:

 

 

2012թ.-ին հիմնադրված  «Զարտ պրինտը» տարիներ շարունակ իր  գործունեությամբ նպաստում է ամենատարբեր կարծրատիպերի հաղթահարմանը նախ՝ հաշմանդամություն ունեցողների համար աշխատանքային պայմանների ապահովման, ապա՝  մանկահասակ երեխաներ ունեցող մայրերի համար՝ ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման, հիմա նաև՝ կին ղեկավարների օրինակով այլոց ոգեշնչման  միջոցով:

 

 

«Մեր հասարակության մոտ ընդունված է,  որ ղեկավար տղամարդիկ կարող են անել ավելին, կարող են ավելի լավ ղեկավարել, ավելի լավ համակարգել: Դա, բնականաբար, այդպես չէ. կանայք ևս, հավասար չափով կարող են այդ ամենն իրականացնել: Կամ, կարծատիպեր կան, որ որոշակի աշխատանքներ կարող են անել միայն տղամարդիկ: Մենք, կարծես, այս տարիների ընթացքում կարողացել ենք կոտրել այդ կարծրատիպերը,- նշում է Ս. Բաթոյանն ու հիմնավորում,-  օրինակ,   ընդունված է մտածել, որ տպարաններում տպագարական սարքերով պետք է աշխատեն տղամարդիկ: Մեզ մոտ  տպագրական գրեթե բոլոր սարքերով կանայք են աշխատում»:  

 

 

 Զրուցակիցս  նկատում է՝  վերջին տարիներին  Հայաստանում կանանց դերակատարումը տարբեր օղակներում  ավելի ակտիվ ու ավելի տեսանելի է, բայց՝ ոչ բավարար:

 

 

«Կարծում եմ, կանանց ներգրավվածության ցուցանիշն  ընդլայնելու անհրաժեշտություն կա  թե՛ պետական ու տեղական  կառավարման, թե՛ գործարար ոլորտում: Օրինակ,  եթե համայնքները դիտարկենք, շատ փոքրաթիվ կին համայնքապետեր ունենք, այնինչ, կարծում եմ, որ  կանանց ներկայացվածությունը համայնքներում կարող է միայն դրական ազդեցություն ունենալ. կանայք ավելի պարտաճանաչ ու ավելի սրտացավ մոտեցում են ցուցաբերում  բոլոր հարցերում: Կանայք նաև ավելի կազմակերպված են»:

 

 

Ս. Բաթոյանը վստահ է՝ կանանց արտոնյալ պայմաններ պետք չեն, պետք են բոլոր առումներով հավասար պայմաններ՝ կանանց ու տղամարդկանց համար, ինչը թույլ կտա ինքնադրսևորվել  ըստ արժանվույն:

 

 

Վերջինիս դիտարկմամբ՝ կին ղեկավարների հետ կապված կարծատիպերն այսօր  աստիճանաբար կոտրվում են և դրանք կոտրելու հարցում կարևոր դերակատարում ունեն կանայք, ովքեր փորձում են իրենց հաջողության օրինակով, ընտանիքին ու բիզնեսին հասանելիք հոգածությունը հավասարակշռելու միջոցով հիմնավորել՝ հնարավոր է լինել հաջողակ ղեկավար և լավ կին, լավ մայր:

 

 

«Ընտանիքն իր խնամքն ու ժամանակն է պահանջում,  բիզնեսն՝ իր: Եթե բիզնեսին չնվիրվես, արդյունքի չես կարող հասնել: Բավականին բարդ  է, բայց փորձում  եմ ամեն ինչ անել այդ ամենը լավագույնս համատեղելու համար,- անկեղծանում է 10-ամյա  զավակի մայրն ու խորհուրդ տալիս,- ընտանիք-բիզնես բալանսը պահպանելու համար նախ և առաջ պետք է ժամանակն ու աշխատանքը ճիշտ պլանավորել: Երբ պլանավորված ես աշխատում, ամեն ինչ հասցնում ես»:

 

 

Ինչպես բազմաթիվ բիզնեսներ, «Զարտ պրինտը» ևս ճգաժամային ու դժվար շրջափուլեր է հաղթահարել: Դրանցից վերջինը կապված էր COVID_19    համավարակով պայմանավորված սահմանափակումների հետ:Կին ղեկավարը, սակայն, կարողացել է դիմակայել և պահպանել բիզնեսը արդյունավետ թիմային աշխատանքի շնորհիվ:

 

 

Ասում է. «Այդ շրջանում բիզնեսը կանգնել էր, եկամուտ չկար, հարակից այլ բարդություններ կային, բայց  մենք ոչ մի օր չենք փակվել.ամբողջ աշխատակազմով  փորձել ենք գոյատևել և մեր միահամուռ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»:

 

 

Այսօր արդեն, երբ համավարակային սահմանափակումները հաղթահարված են, ընկերության 10-ամյա հոբելյանի նախաշեմին զրուցակիցս  հաճույքով է խոսում նաև ձեռքբերումների մասին:

 

 

 

 «Բազմաթիվ կազմակերպություններ ու կառույցներ մեզ ընդունում են որպես ոչ միայն իրենց պատվերն իրականացնող տպարան, այլև գործընկեր, ով պատրաստ է համատեղ ուժերով հաղթահարել գործընկեր կազմակերպություների հետ կապված ցանկացած խնդիր:Այս առումով մեր ամենամեծ ձեռքբերումը հավատարիմ, մշտական գործընկերներն են և, բնականաբար, մեր աշխատանքային թիմը, առանց որի չէինք կարող  հասնել հաջողության»:          

           

 

            Գայանե Սարգսյան

 

 

 

Դիտումների քանակը` 821

Գլխավոր էջ