Խորհրդարաններում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) համատեղ մարտի 30-ին կազմակերպել էին առցանց քննարկում «Գենդերային հավասարության իրականացումը խորհրդարանում. ինստիտուտների վերափոխում բոլոր կանանց ու տղամարդկանց ներգրավմամբ» թեմայով: Քննարկման ընթացքում ներկայացվեց անցյալ տարվա դեկտեմբերին լույս տեսած «Գենդերային հավասարության իրացումը խորհրդարանում. ԵԱՀԿ տարածաշրջանի խորհրդարանների համար ուղեցույցը»:
Գենդերային զգայուն խորհրդարանների, կանանց քաղաքական մասնակցության գծով ավելի քան 120 փորձագետներ և խորհրդարանականներ մտքեր են փոխանակել, թե ինչպես կարող են ազգային խորհրդարաններն աշխատել գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ տարբեր մակարդակներում՝ իրենց կազմում, կառուցվածքում, գործառնությունների և առօրյա աշխատանքի շրջանակում։
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտն իր խոսքում նշել է, որ ժամանակակից հասարակություններն ընդունում են, որ գենդերային անհավասարությունն առաջընթացի և բարգավաճման հիմնարար խոչընդոտ է և պետք է վերացվի բոլոր ոլորտներում՝ սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական։ Ներկայացնելով իր երկրի՝ Շվեդիայի օրինակը՝ Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ խորհրդարանում գենդերային հավասարության հասնելու համար իրենք ընթացել են ոչ թե քվոտաներ սահմանելու ճանապարհով, այլ խթանել են գենդերային հավասարությունը հասարակության մեջ։
Նշելով, որ տղամարդ առաջնորդներն առանցքային դեր ունեն խորհրդարաններում գենդերային հավասարության հասնելու, ԺՀՄԻԳ-ի առաջին փոխտնօրեն Կատերինա Ռյաբիկոն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ խորհրդարանները հնարավորություն տան կին պատգամավորներին, ինչպես նաև աշխատակազմի անդամներին, որպեսզի նրանք լիարժեք մասնակցեն խորհրդարանի բոլոր գործընթացներին, այդ թվում՝ օրենսդրական և խորհրդարանական վերահսկողությանը։
Այս հարցում խորհրդարանականներին աջակցելու համար ԺՀՄԻԳ-ը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությամբ նախաձեռնել և իրականացրել է ԵԱՀԿ տարածաշրջանի 46 ազգային խորհրդարանների գենդերային զգայունության վերաբերյալ հաջողված փորձի ուսումնասիրություն:
Անցած երկու տարիներին՝ 2020-ին և 2021-ին անցկացված հետազոտության արդյունքում կազմվել է «Գենդերային հավասարության իրացումը խորհրդարանում. ԵԱՀԿ տարածաշրջանի խորհրդարանների համար ուղեցույցը»: Այն հստակ քայլեր է նախանշում խորհրդարանները գենդերային զգայուն ինստիտուտների վերածելու ուղղությամբ և նպատակ ունի աջակցելու դերակատարների լայն շրջանակին, այդ թվում՝ խորհրդարանների ղեկավար թիմերին, անդամներին, քաղաքական և խորհրդարանական անձնակազմին, գենդերային հավասարության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
ԺՀՄԻԳ-ի միջազգային փորձագետ դոկտոր Սոնյա Պալմիերին, անդրադառնալով ուղեցույցին, նշել է. «Խորհրդարանում գենդերային զգայունության ապահովումը շարունակական գործընթաց է։ Այս ուղեցույցով ԺՀՄԻԳ-ն աջակցում է և՛ ԵԱՀԿ տարածաշրջանին, և՛ աշխարհին՝ հրապարակելով թարմ տվյալներով հաշվետվություն այն մասին, թե ինչպես է առաջ ընթանում այդ գործը, և գործուն խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է շարունակել»:
Իր խոսքում նա նաև ընդգծել է, որ գենդերային հավասարության ուղղությամբ փոփոխությունները տեղի են ունենում այնտեղ, որտեղ կա բավարար քաղաքական կամք՝ անկախ քաղաքական համակարգից, խորհրդարանի կազմից կամ խորհրդարանի զարգացման վիճակից։
Բանավեճի ընթացքում մասնակիցներն ու փորձագետները կարծիքներ են փոխանակել, ինչպես նաև ներկայացրել են քաղած դասերը, թե ինչպես կարող են խորհրդարաններն ու միջխորհրդարանական կառույցները, ինչպիսին, օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն է, աջակցել նաև ճգնաժամային իրավիճակներում պահպանելու գենդերային հավասարությունը։
ԵԱՀԿ ԽՎ գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ, կանադացի պատգամավոր Հեդի Ֆրայը խոսել է COVID-19 համավարակի ծանր ազդեցության մասին ընդհանրապես գեդերային հավասարության և, մասնավորապես, քաղաքականության մեջ կանանց մասնակցության վրա։
«Համավարակը կանանց համար առավել մեծ դժվարություններ առաջացրեց քաղաքական գործընթացներին մասնակից դառնալու առումով: Հայտնի են նույնիսկ բռնության դեպքեր կին խորհրդարանականների նկատմամբ։ Բացի այդ, համավարակի հետևանքով մեծացել է չվճարվող աշխատանքի ծավալը, որը հիմնականում կատարում են կանայք։ Դրա հետևանքով առավել շատ կանայք դարձան գործազուրկ, քան տղամարդիկ, ինչն էլ իր հերթին հանգեցրեց կանանց ֆինանսական հնարավորությունների նվազեցմանը, ժամանակի սղությանը»,- ասել է նա։
Շեշտելով նոր մշակված ուղեցույցի կարևորությունը՝ դոկտոր Ֆրայն ընդգծել է խորհրդարանականների էական դերը գենդերային հավասարության քարոզչության գործում։
«Որպես խորհրդարանականներ՝ մենք պետք է օգտագործենք մեր կարողությունները և խթանենք օրենսդիր մարմիններում գենդերային հավասարությունը և համապատասխան օրենքների ընդունումը: Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին լրջորեն ուշադրություն դարձնել այսօր արված առաջարկություններին, քանի որ աշխատում ենք մեր խորհրդարաններում գենդերային հավասարության ցուցանիշի բարելավման ուղղությամբ»,- ասել է նա։
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ կազմակերպած առցանց քննարկմանը մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովից գրանցված է եղել երկու կին պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մարիա Կարապետյանը և «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։ Լիլիթ Գալստյանը քննարկմանը չի մասնակցել՝ մեկ այլ միջոցառման մասնակցելու պատճառով, Մարիա Կարապետյանը մասնակցել է, սակայն ելույթ չի ունեցել։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 706