«Իմ սերը բուսաբանության հանդեպ երբեք չի ընդհատվել»…

 

Սյուզաննա Հովսեփյանն աշխատում է «Քեյթ ընդ Ջի գրուպ» ընկերությունում որպես գլխավոր ագրոնոմ։ Խորհրդատվություն է տրամադրում պետական և մասնավոր ընկերություններին ելակի և այլ մշակաբույսերի հիդրոպոնիկ աճեցման վերաբերյալ. դասավանդում է (առցանց) Արգենտինայի համալսարանում:

 

 

«Փոքր տարիքում, որ հարցնում էին, թե ինչ եմ դառնալու, ասում էի՝ բուսաբան։ Բույսեր շատ էի սիրում։ Մեր տանը մանրադիտակ ու տարբեր խոշորացույցներ կային, և ես ժամերով կարող էի տարբեր բույսեր ուսումնասիրել»,- պատմում է Սյուզաննան և նշում, որ մի օր, երբ թերթում տեսնում է Ագրարային համալսարանի «Մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա» բաժինը, հստակ որոշում է կայացնում, որ հենց այնտեղ է սովորելու։

 

 

«Առաջին կուրսում բուսաբանության դասերին աչքերս ոգևորությունից փայլում էին, հատկապես, երբ տրամաբանական հարցեր էին տալիս… Համալսարանում ունեցել եմ շատ լավ դասախոսներ, այդ գիտելիքն ինձ հետագայում՝ Գերմանիայում ուսանելու տարիներին էլ է օգնել, նույնը նաև դպրոցում. իմ սերը բուսաբանության հանդեպ երբեք չի ընդհատվել։ Ուսուցիչների շնորհիվ է նաև, որ 17 տարեկանում գիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ»։

 

Ավարտելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրատուրան՝ Սյուզաննան ընդունվում է ասպիրանտուրա, սակայն անավարտ թողնելով այն՝ որոշում է գնալ արտադրական ոլորտ, իսկ հետո կրկին շարունակում է ուսումը արդեն Գերմանիայում ՝ ավարտելով այնտեղ երկրորդ մագիստրատուրան։

 

 

Մասնագիտական աշխատանքի առաջին քայլերը Սյուզաննան արել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոնում», որտեղ որոշել է ելակի մշակությամբ զբաղվել։ Ընկերությունն իր առաջարկին ընդառաջել է, Հոլանդիայից մասնագետներ է հրավիրել. «Ես էլ սկսեցի կարդալ, սովորել, ու մինչև այսօր էլ այդպես է»,- պատմում է Սյուզաննան և խոստովանում, որ սովորելու վրա երբեք չի խնայել ո՛չ ժամանակ, ո՛չ էլ գումար:

 

 

«Ոմանք ասում էին՝ այդ գումարով կարող էիր մեքենա գնել, բայց ես, միևնույն է, նախընտրել եմ գիտելիքը, որն ամենապատասխանատու պահերին միշտ ինձ օգնել է»։

 

 

Այսօր պատրաստվում է իր գիտական թեզը  գրել ելակի մասին ու այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանք է արել։ Մասնագիտական ծրագրերի հետ մեկտեղ, մեկ այլ նպատակ էլ ունի. «Մանկուց շատ եմ սիրել նաև նկարել, բանաստեղծություններ եմ գրել, անգամ մտածել եմ լրագրող դառնալու մասին։ Իմ ցանկությունն է ելակի մասին մի հեքիաթ գրել՝ իմ նկարազարդումներով»,- ասում է Սյուզաննան և հավելում, որ այդ գիրքը կամփոփի իր բոլոր նախասիրությունները։

 

 

Պատմում է, որ ուսանելու սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ է ունեցել՝ քաղաքից լինելու պատճառով. «Իմ համակուրսեցիները, որոնք մարզերից էին, փոքրուց մոտ են եղել գյուղատնտեսությանը, շատ ավելին գիտեին մշակաբույսերի մասին, իսկ ես շատ բաներ նոր էի բացահայտում, օրինակ՝ այս կամ այն բույսը ոնց է աճում, ինչ տեսք ունի… Շատերն ասում էին՝ այո՛, լավ ես սովորում, բայց երևի դասախոս դառնաս, հո չես գնալու դաշտ… Կամ կարող էին ասել, որ լավ ես աշխատում, բայց լավ կլիներ՝ տղա լինեիր: Իրենց պատկերացմամբ՝ ագրոնոմը պետք է տղա լինի։ Իսկ ես, հակառակն ապացուցելու համար, պարկեր էի շալակում, ուզում էի ցույց տալ, որ ես էլ կարող եմ, ծանր աշխատանքից չեմ վախենում…»- անկեղծանում է Սյուզաննան։

 

 

 

Նրա համոզմամբ, ոլորտում հաջողելու համար նախ՝ պետք է պատկերացնել աշխատանքի էությունը և պատրաստ լինել ինչ-որ հարցերում հրաժարվելու սեփական հարմարավետությունից . «Եթե մարդը պատրաստ է իր օրն սկսելու, օրինակ՝ առավոտյան ժամը 6-ին, որպեսզի ջուրը միացնի կամ ինչ-որ չափում իրականացնի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել բույսի հետ, պատրաստ լինի նաև, որ մի օր շալվարը հողոտվելու է, ձեռքերը վնասվեն…, եթե այդ մարդուն դրանք չեն խանգարում, իսկ ինձ այս ամենը երբեք չի խանգարել, ապա պետք է առաջ շարժվի, իր վրա աշխատի, շատ կարդա ու համոզված լինի, որ տաշած քարը գետնին չի մնա»։

 

 

Սյուզաննայի կարծիքով՝ ագրոնոմն ամենօրյա մարտահրավերների մեջ է. «Այսօր տերևը դեղնեց, ելակը այն չէ, կամ նոր միջատ է եկել… անընդհատ խնդիր ես լուծում։ Ու ոչ միայն բույսի հետ ես աշխատում, կարևոր է նաև ամենօրյա ուշադրությունն աշխատակիցների հանդեպ։ Չէ՞ որ այդ մարդիկ են քո ձեռքերը, ու պետք է մարդկային լավ հարաբերություններ ստեղծել, հավասար վերաբերմունք պահպանել՝ ներդաշնակ միջավայր ունենալու համար, որպեսզի ներքին խնդիրներ չլինեն։ Այդ ամենից գործը միայն շահում է»…

 

 

 

«Բույսի հետ պետք է սիրով աշխատել, էներգիա փոխանցել բույսին, իսկ հոգատարությունը հաճախ կարող է պարարտանյութերին էլ փոխարինել… Ջերմատուն պետք է ժպիտով մտնել, ճանաչել ու օգնել բույսին, որ ինքը լավ ապրի… Ինձ համար դա ոչ միայն շատ բարի ու կարևոր գործ է. ես սիրում եմ բույսը, բույսը կյանք է…»

 

 

Զրուցեց՝ Լ. Քոչինյանը

Դիտումների քանակը` 695

Գլխավոր էջ