«Պետք է ինքդ քեզ հարցնես՝ իսկ ե՛ս ինչ եմ ուզում»

Գոհար Ղազարյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ է, գինեգործ, «ՎայնԳոգ» վարդագույն գինու ստեղծող:

 

 

«Չէի մտածում, որ իմ կյանքում այսպիսի շրջադարձ տեղի կունենար, և ես կսկսեի գինեգործությամբ զբաղվել»,- ասում է Գոհարը, որը նկարչական հոսքում միջնակարգ կրթություն ստանալուց  հետո մտածում էր Գեղարվեստի ակադեմիա ընդունվել, բայց մի օր փոխում է որոշումը և ընդունվում Ագրարային համալսարան։

 

 

«Ընդունվեցի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Կաթ, կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժինը, բայց իմ մտքում գինեգործությունն էր, ուղղակի այն ժամանակ 17 տարեկան էի, և «ԻՎիԷն» գինու ակադեմիայի (EVN Wine academy) համար տարիքս չէր ներում»,- պատմում է Գոհարը, որին երկրորդ կուրսում հնարավորություն է ընձեռվում Եվրոպական միության «Էրազմուս» ծրագրի շրջանակներում Իտալիա մեկնել ու ուսումնասիրել սննդի տեխնոլոգիան։

 

 

«Երևի պատահական ոչինչ չի լինում, քանի որ հենց այնտեղ սկսեցինք գինեգործություն ուսումնասիրել, շատ հետաքրքիր էր ինձ համար, հատկապես որ ոչինչ չգիտեի այդ ոլորտի մասին։ Այնտեղ ուսանելը նաև հրաշալի հնարավորություն էր կայանալու, ինքնուրույնություն ձեռք բերելու համար»։

 

 

Գոհարը պատմում է, որ Հայաստան վերադառնալուց հետո տեղեկանում է «ԻՎիԷն» ակադեմիայի ամառային դասընթացների մասին, դիմում է և սկսում խորությամբ ուսումնասիրել գինեգործությունը։ Դասընթացներից հետո հաջողությամբ հանձնում է քննությունները և արժանանում նաև փոքր դրամաշնորհի, որն էլ օգնում է Գոհարին հիմնելու սեփական բիզնեսը։

 

 

«Որոշեցի շուկա մտնել նորությամբ, ընտրեցի «Հաղթանակ» սորտի խաղողը, որից հիմնականում միայն կարմիր գինիներ են պատրաստում, իսկ մենք առաջին անգամ վարդագույն գինի ստացանք։ Սա իմ փոքրիկ հաղթաթուղթն է, և արդեն երեք տարի է՝ ինչ շուկայում ենք՝ «ՎայնԳոգ» անվամբ»,- պատմում է Գոհարը և նկատում, որ չնայած շատերը գինու ապրանքանիշը նկարիչ Վան Գոգի անվան հետ են նույնականացնում, այն իրականում՝  «վայն»՝ գինի և «Գոգ»ն էլ իր անվան կրճատ տարբերակն է։ «Անգամ գինու վրա պատկերված աղջկան ինձ հետ եմ նմանեցնում, որ գուցե առաջին հայացքից կանացի է, նուրբ, բայց հաղթանակների ձգտող»։

 

 

Գինին դեռևս փոքր քանակությամբ է արտադրվում և հիմնական սպառումը Հայաստանում գտնում։ Գոհարը նշում է, որ փոքր բիզնեսի համար, իրականում, շատ դժվար էր շուկայում կայանալը, բայց երբ ջանք ես գործադրում, անհնար է չհաջողել․ «Պետք է շատ աշխատել, երբ փոքր է բիզնեսդ, դու և՛ տնօրեն ես, և՛ առաքիչ, և՛ արտադրող»,- ժպտում է նա ու ավելացնում, որ  հիմա էլ նոր գաղափարներ ունի, բայց ինչպես «Հաղթանակի» դեպքում, այս անգամ էլ է ուզում յուրօրինակ մի բան առաջարկել. «Իսկ երազանքը, իհարկե, սեփական այգի ու գործարան ունենալն է, դե, ամեն բան առջևում է»…

 

 

 

Առաջին հերթին պետք է հստակ նպատակ ունենալ, իմանալ, թե ինչ ես ուզում, կապ չունի՝ կլողաս, կփորես, կթռչես, հիասթափության և ուրախության պահեր էլ կլինեն, բայց պետք է անպայման առաջ գնալ․․․ Երկրորդը՝ պետք է լսել քո ներքին ձայնը, ցանկությունները, սա նույնպես շատ կարևոր է, քանի որ էական չէ, թե ով ինչ ասաց կամ մտածեց, պետք է ինքդ քեզ հարցնես՝ ե՛ս ինչ եմ ուզում։ Ու նաև պետք է շատ սիրել, եթե կրակ չվառվեց, ուրեմն քոնը չէ, երբ խոսք է գնում գինու մասին, իմ մեջ ամեն բան ուղղակի բոցավառվում է, ինչպես գինի ըմպելու ժամանակ է լինում…

 

 

Զրուցեց՝ Լ.Քոչինյանը

 

Դիտումների քանակը` 774

Գլխավոր էջ