Դիանա Գասպարյան. «Հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից… »
Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Դիանա Գասպարյանը, ով 2018 թվականից զբաղեցնում էր Էջմիածնի (Վաղարշապատ) քաղաքապետի պաշտոնը, կրկին վերընտրվեց այդ պաշտոնում: Հայաստանում համայնքների խոշորացմանը զուգահեռ կանանց թիվը համայնքապետերի պաշտոններում նվազեց, և այսօր Դիանա Գասպարյանն այն երեք կանանցից մեկն է, որ համայնք են ղեկավարում: WomenNet.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչո՞ւ որոշում կայացրեց նորից առաջադրվել , ի՞նչ պլաններ ունի առաջիկա հինգ տարիների հետ կապված և ինչո՞ւ, իր կարծիքով, էջմիածնեցիները կրկին վստահեցին իրեն համայնքի կառավարումը:
-Կարծում եմ, որ մեր Էջմիածնի բնակիչները կրկին ինձ վստահեցին, որովհետև այս կարճ ժամանակահատվածում տեսան իմ և իմ թիմի կատարած աշխատանքը: Երևի գնահատելով արդեն իսկ արվածը՝ իրենց ձայնը տվեցին այդ ծրագրերի շարունակականությանը: Իրականում իմ առաջադրվելու որոշումն էլ նույն հիմքերն ուներ : Շատ բան, իհարկե, հասցրել էինք անել, բայց ունեի շատ կիսատ թողած ծրագրեր և բավարար ներուժ այդ ծրագրերն ավարտին հասցնելու, նաև երազանքներ, որ ցանկանում էի կյանքի կոչել: Այդ ամենի համադրման արդյունքում որոշեցի ևս հինգ տարով ստանձնել այդ պատասխանատվությունը:
-Որո՞նք են այն երեք առաջնահերթ խնդիրները համայնքի համար, որ պատրաստվում եք լուծել առաջիկայում:
-Քաղաքի առաջ ծառացած խնդիրները շատ են, բայց առաջիկա հինգ տարիների ընթացքում նախևառաջ պատրաստվում ենք շարունակել ենթակառուցվածների բարելավումը: Հատկապես խոսքը փողոցների և մայթերի բարեկարգման, ասֆալտապատման, սալիկապատման և այլնի մասին է: Երկրորդը՝ կանաչ գոտիների ավելացումն է և բակային տարածքներում խաղահրապարակների, զբոսանքի և առողջ ապրելակերպի վայրերի ընդլայնումն է: Երրորդը՝ մշակութային կյանքի հնարավոր ակտիվացումն է, տուրիզմի զարգացումը:
–Ինքնաքննադատությունն, ասում են, առաջ գնալու շարժիչ ուժն է . ի՞նչն է Ձեր նախընտրական խոստումներից, որ չեք հասցրել իրագործել պաշտոնավարման նախորդ ժամանակահատվածում:
-Միշտ փորձում եմ ինքս իմ հանդեպ ինքնաքննադատաբար մոտենալ և կարծում եմ, որ դա շատ կարևոր հատկանիշ է յուրաքանչյուրի համար: Իհարկե կան շատ անելիքներ, բայց ես չեմ կարող այս պահին հստակ գնահատել ինչը չեմ կատարել, որովհետև 2018 թվականին նախընտրական խոստումներս տվել եմ առաջիկա հինգ տարիների համար, այսինքն մինչև 2023 թվականը, և հասցրել եմ պաշտոնավարել այդ հինգ տարիներից երեքը, ինչից հետո կրկին վերընտրվել եմ: Ըստ այդմ, կան շատ ծրագրեր, որոնք կիսատ են, բայց առաջիկա հինգ տարիները հնարավորություն կտան առավելագույնս դրանք իրակնացնել: Բայց մեկ նպատակ նշեմ, այն, ավելի ճիշտ, երազանք կարելի է կոչել. ուզում եմ Էջմիածնում շքեղ, նմանը չունեցող գրադարան կառուցենք և հուսամ, որ կհասցնեմ ու կիրագործեմ այդ երազանքը:
– Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ են այնպիսի խոչընդոտներ, որոնք կապված են բացառապես ձեր կին լինելու հետ:
-Թերևս կդժվարանամ հիշել որևէ խոչընդոտ, որը բացառապես սեռով է պայմանավորված եղել: Առհասարակ չեմ կարող ասել, որ թե՛ նախկին աշխատավայրում, թե՛ որպես համայնքի ղեկավար զգացել եմ խտրականություն կապված իմ սեռի հետ, թեև նախորդ ընտրությունների ժամանակ խիստ քննադատության, անձնական կյանքի շահարկման դեպքեր եղել են:
-Իսկ հանրային ընկալումների մասին ի՞նչ կասեք: Հասարակությունն սովորե՞լ է կին-ղեկավար ունենալուն, թե՞ կարծրատիպերը շարունակում են գերիշխել…. գոնե պաշտոնական վիճակագրությունից այդպիսին է տպավորությունը:
-Ես կարծում եմ, որ ցանկացած կարծրատիպ լիարժեք հաղթահարվում է ժամանակի ընթացքում. դրա համար ժամանակ է պետք, հասարակությունը պետք է պատրաստ լինի փոփոխությունն ընկալելու և զարգացման բնականոն ճանապարհով հաղթահարելու այս կամ այն կարծրատիպը:
Կարող եմ ասել, որ Էջմիածնում այդ կարծրատիպը բավականաչափ հաղթահարվել է և այն, որ ընտրությունների ժամանակ շատ տղամարդ ընտրողներ ինձ վստահեցին, ևս մեկ անգամ փաստում է, որ էջմիածնեցիները կամ առնվազն դրանց մեծամասնությունը տեսել են, որ կինը կարող է անգամ համայնք ղեկավարել: Ինչո՞ւ եմ ասում անգամ, որովհետև համայնքապետի պաշտոնը բնակիչների առօրյա խնդիրների հետ կապված, այս կամ այն կենցաղային խնդիրը լուծող, ամենօրյա լարում և պատասխանատվություն պահանջող պաշտոն է, և եթե կինը կարող է հաջողել այդտեղ, ապա ավելի բարձր օղակներում՝ օրենսդիրում, գործադիրում ևս կհաջողի: Այս իմաստով սեփական փորձի վրա զգացել եմ, որ Էջմիածինը բավականաչափ առաջադեմ է գտնվել, բայց լիարժեք կարծրատիպերը կարող են հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում, հասարակության բնականոն զարգացման արդյունքում:
Ի դեպ, որքան էլ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք այնքան էլ շատ չեն ներկայացված որոշումների ընդունման մակարդակում , դա չեմ կարող պայմանավորել միայն կարծրատիպերով կամ տղամարդկանց կողմից ստեղծված խոչընդոտներով: Շատ հաճախ պատճառները նաև կնոջ իր սեփական ուժերին չհավատալու մեջ պետք է փնտրել, և այդպիսի խնդիր մենք Հայաստանում իսկապես ունենք: Այսինքն, եթե կանայք պետական պատասխանատու պաշտոններում քիչ են ներկայացված, ապա հնարավոր է դա նաև կնոջ ցանկության բացակայությամբ է պայմանավորված կամ ինչ-որ պահի սեփական ուժերին չհավատալու արդյունք է:
-Ի դեպ, վիճակագրության մասին. այսօր Հայաստանի 79 համայնքներից միայն երեքն են կանայք ղեկավարում: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում կառավարման օղակներում կանանց պատշաճ ներգրավմանը՝ հմտություննե՞րն են պակասում, թե այլ են խոչընդոտները…
-Կարծում եմ, որ մեզանում դեռևս ուժեղ է այն մտածելակերպը, որ կինը կա՛մ կարող է լավ տան կին լինել, կա՛մ էլ հաջողել կարիերայում և հասարակական կյանքում: Կարծում եմ, որ մեր կանայք ժամանակի ընթացքում պետք է ձեռբազատվեն այդ երկընտրանքից և սովորեն հաջողությամբ համադրել այդ երկուսը, հաղթահարեն իրենց մեջ այն կարծրատիպը, որ կարիերայում հաջողության հասած կինը չի կարող ունենալ անձնական, ընտանեկան կյանք և որ այդ պատճառով տուժելու է իր ընտանիքը: Հասարակության զարգացման արդյունքում, կարծում եմ, այդ խոչընդոտը կհաղթահարենք, ու արդյունքում կտեսնենք ավելի շատ կանանց պատասխանատու պաշտոններում: Բացի այդ կանայք բնատուր ունեն դժվարությունները հաղթահարելու պատրաստակամություն ու ոգու ամրություն: Իրականում առաջնորդ լինելու համար բնավորության գծերի իմաստով կինը չի զիջում տղամարդուն, պարզապես սեփական ուժերին հավատալ է պետք և «կոտրել» կարծրատիպերը հենց իրենց ներսում:
–Դուք անձամբ ինչպե՞ս եք նպաստում, որպեսզի կանայք ավելի լայն հնարավորություններ ունենան դրսևորելու իրենց ներուժն ի շահ պետության ու համայնքի:
-Անձնական փորձով կարող եմ ասել, որ ինձ ենթակա հիմնարկներում, աշխատակազմում հնարավորություն եմ տալիս կանանց ինքնադրսևորվելու համար: Եվ կարող եմ ասել, որ, օրինակ ղեկավար պաշտոններում փորձում ենք կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածություն պահել: Ես նաև փորձում եմ հնարավորինս, որքան զբաղվածությունը թույլ է տալիս, մասնակցել կանանց առաջընթացին նպաստող տարբեր միջոցառումներին, հանդես գալ որպես խոսնակ՝ մոտիվացնելով երիտասարդ կանանց ու աղջիկներին հավատալ սեփական ուժերին ու գնալ իրենց երազանքների հետևից:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 1041