Այսօր Հայաստանի 79 համայնքներից միայն երեքն են կանայք ղեկավարում/ ինֆոգրաֆիկա
Հայաստանում այս պահին կա 79 համայնք, որից 72-ը խոշորացված են, – փաստում են WomenNet.am-ին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից 2022 թվականի հունվարի դրությամբ տրամադրված տվյալները:
Նշենք, որ համայնքների խոշորացման մեկնարկին Հայաստանում կար 915 համայնք, իսկ 2016 թվականին տեղի ունեցած առաջին ծավալուն խոշորացումից հետո հանրապետությունում մնաց 502 համայնք, որոնցից 52-ը խոշորացված: Հաջորդ ծավալուն խոշորացումը տեղի ունեցավ 2021 թվականին, երբ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին համամասնական ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 45 խոշորացված համայնքներում: Այսպես, միայն դեկտեմբերի 5-ին երկրի 9 մարզերի 36 փնջերում կայացած ընտրություննրի արդյունքում միավորվեցին 441 համայնքներ։
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տվյալների համաձայն, այս տարվա հունվարի դրությամբ, Հայաստանի 79 համայնքները, որոնցից 72-ը խոշորացված են, ունեն ավագանու 1658 անդամ, որից 359-ը կամ 21.6 %-ը կանայք են (Վեդին, որտեղ ընտրությունները կրկին կանցկացվեն այս տարվա մարտի 27-ին, ներառված չէ)։
Համեմատության համար, 2020 թվականի դրությամբ կանայք ավագանիներում 10,.7% էին, այսինքն անցյալ տարվա ընտրություններից հետո կանանց ներկայացվածությունն ավագանիներում գրեթե կրկնակի անգամ աճել է: Այդ աճը գրանցվել է ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի շնորհիվ, որը 2021 թվականին գործել է 4000 ավելի բնակչություն ունեցող համայնքների համամասնական ընտրակարգով անցած ՏԻՄ ընտրություններում: Ի տարբերություն համամասնական ընտրությունների, մեծամասնական ընտրակարգով ազգային փոքրամասնություններով բնակեցված յոթ համայնքներում 2021 թ. կայացած ընտրություններին քվոտան չի կիրառվել, և արդյունքում կանանց ներկայացվածության աճ չի գրանցվել:
Ըստ էության, քվոտայի շնորհիվ, այսօր չկան համամասնական ընտրակարգով ընտրված համայնքներ, որոնց ավագանիներում կանայք ներկայացված չեն: Բացառություն է կազմում Արագածոտնի մարզի Ապարան համայնքը, որտեղ ավագանու 21 անդամների թվում կանայք չկան և մի քանի այլ համայնքներ, որտեղ կանայք չկան առանձին խմբակցությունների կազմում: Այդ փաստերին WomenNet.am-ն առավել մանրամասն անդրադարձել է իր նախորդ հրապարակումներից մեկում:
Ավագանիներում կանանց ներկայացվածության առումով առաջընթացն ավելի ակնհայտ է դառնում նաև ըստ մարզերի դիտարկման դեպքում: Կանայք համեմատաբար մեծ ներկայացվածություն ունեն Տավուշի համայնքների ավագանիների կազմում՝ 33.9 %, Սյունիքի համայնքների ավագանիների կազմում՝ 28.1%։ Կանայք առավել քիչ են ներկայացված Արագածոտնի մարզի համայնքների ավագանիների կազմում՝ 10.3 %։ Բոլոր դեպքերում, դիտարկելով շարժընթացը 2016 թվականի տվյալների համեմատ, կարելի է փաստել, որ որոշ մարզերում կանանց ներկայացվածությունն ՏԻՄ-երում զգալիորեն է աճել ՝ 4-6 անգամ:
2021-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի 79 համայնքներից ընդամենը երեք համայնք են (3.8%) կանայք ղեկավարում ՝ Արմավիրի Վաղարշապատ, Շիրակի Ամասիա խոշորացված համայնքներն ու Արարատի մարզի չխոշորացված Վերին Դվին համայնքը, որը ասորաբնակ գյուղ է։ Լյուդմիլա Պետրովան համայնքը ղեկավարում է 2014-ից։
Համեմատության համար նշենք, որ մինչ այդ Հայաստանի 502 համայնքներից 9-ն էին կանայք ղեկավարում, ինչը 1.8% էր կազմում: Այսինքն, տոկոային առումով որոշակի աճ է արձանագրվել 2020 թ. համեմատ , թեև այսօրվա 3.8%-ը շատ հեռու է բավարար լինելուց:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության՝ WomenNet.am-ին տրամադրած տվյալների համաձայն, այս պահին նշանակված են բնակավայրերի 273 վարչական ղեկավարներ։ Նրանց գերակշռող մասը՝ 251-ը տղամարդիկ են, 22-ը կանայք։ Վարչական կին ղեկավարների թվով դեռևս առաջատար է Լոռու մարզը ՝ մարզի բնակավայրերից 11-ն են կանայք ղեկավարում:
Նախարարության փոխանցմամբ, վարչական շրջանի կին ղեկավարներ ունեն Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրը, Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրը, Արենի համայնքի Չիվա բնակավայրը, Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրը, Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն, Քարաձոր, Արջահովիտ բնակավայրերը, Ախթալա համայնքի Մեծ Այրում բնակավայրը, Տաշիր համայնքի Դաշտադեմ, Մեղվահովիտ բնակավայրերը, Փամբակ համայնքի Դեբեդ, Եղեգնուտ, բնակավայրերը, Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրը։
Դիտարկելով ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության շարժընթացը վերջին տաս տարվա ընթացքում կարելի է փաստել , որ զգալի փոփոխություն է արձանագրվել միայն վերջին ընտրություններից հետո՝ քվոտայի կիրառման շնորհիվ, այն էլ միայն ավագանիների կազմում կանանց տոկոսային աճի առումով: Համայնքերի ղեկավարների թվում կանանց թերներկայացվածության խնդիրը քվոտայի միջոցով չի կարգավորվում, դրա լուծումը մեծապես կուսակցությունների դաշտում է, քանի որ նրանց ընտրացուցակները հազվադեպ են կանայք գլխավորում:
Հ. Կարապետյան
Ինֆոգրաֆիկան՝ Ս. Մարտիրոսյանի
Դիտումների քանակը` 1359