Հետգրություն. կյանքից հեռացավ Ջեմմա Հասրաթյանը
Փետրվարի 6-ին կյանքից հեռացավ հասարակական ու քաղաքական հայտնի գործիչ Ջեմմա Հասրաթյանը: Նա այն մարդկանցից էր, ով ինքն իրենով, իր անձնական հատկանիշներով ու անցած ճանապարհով մի ամբողջ դարաշրջան էր խորհրդանշում… Դարաշրջան, որը սկիզբ էր առել դեռ սովետական Հայաստանում՝ պետականաշինության ոլորտում իր աշխատանքային փառահեղ ուղիով, շարունակվել անկախ Հայաստանում, երբ նա իր լուման ներդրեց կրթության բնագավառում ՝ նոր սերնդի դասագրքերի ստեղծման գործում, իսկ այնուհետև նոր թափ առել հասարակական գործունեության ոլորտում, երբ նա՝ իր նախանձելի եռանդով ոգեշնչելով համախոհներին, հիմնադրեց և կայացրեց հանրապետության խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, դրանով իսկ հիմքեր ստեղծելով նոր որակի կանանց շարժման համար …
Այս օրերին սոցիալական ցանցերում շատերն են գրառումներ արել Ջեմմա Հասրաթյանի մասին… Երախտիքի խոսքեր ասել, հիշել, որ նա մարդկանց համախմբելու, ոգևորելու, կազմակերպելու եզակի տաղանդ ուներ, որ շատ շատերի համար էր ճանապարհ հարթել դեպի քաղաքականություն և հասարակական գործունեություն կամ աջակցել կարիերային աճի հարցում, որ կարողանում էր յուրաքանչյուրի մեջ թաքնված ներուժը տեսնել ու արթնացնել, ուղղորդել ու առաջ գնալու թեեր տալ , հավակնոտ նպատակներ դնել ու պահանջել առաջին հայացքից թվացող անհնարինը… Նրա անհերքելի հեղինակությունն ընդունում էին բոլորը՝ անկախ տարիքից ու փորձից, իսկ աշխատասիրությունն ու եռանդը վարակիչ էին բոլորի համար…
Ջեմմա Հասրաթյանի ղեկավարությամբ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան վերաճեց ողջ հանրապետությունում 33 մասնաճյուղ ունեցող կանանց խոշոր միավորման: Դրա հետ մեկտեղ ասոցիացիան նոր խոսք, նոր գործելաոճ ու գիտական մոտեցումներ բերեց հասարակական դաշտ: Միջազգային խորհրդաժողովներ, գենդերային հետազոտություններ, կանանց լիդերության դպրոցներ ու այլ կրթական ծրագրեր, շահերի պաշտպանության քարոզարշավներ ու կոալիցիաներ, տարբեր ոլորտներում կանանց դրության մասին վերլուծություններ ու զեկույցներ, լրատուներ…, մի խոսքով, այն ամենը, ինչն այսօր իրավապաշտպան գործունեության մեջ սովորական պարկտիկա է դարձել, ժամանակին նորություն էր ՀԿ-ների համար, և այդ նոր գործելակերպը հենց Ջեմմա Հասրաթյանի նախաձեռնությամբ ներդրվեց ու զարգացավ, իսկ հետագայում նաև ընդլայնվեց իր կողմից աճեցված կադրերի ու բազմաթիվ հետևորդների շնորհիվ: Այդ իմաստով Ջեմմա Հասրաթյանը նշանակալի դեր է ունեցել հասարակական գործունեության նոր մտածողություն ու մշակույթ ձևավորելու ու Հայաստանում կանանց շարժումը կայացնելու հարցում:
Այսօր շատ է խոսվում կանանց առաջնորդության զարգացման մասին, և այդ իմաստով, ինձ համար ու, կարծում եմ, իր դպրոցն երբևիցե անցած շատ ու շատ մարդկանց համար Ջեմմա Հասրաթյանը կանանց առաջնորդության, նպատակասլացության և աշխատանքին նվիրվածության անգերազանցելի կերպար է հանդիսացել:
Մարդկանց ու գործի նկատմամբ ներքին պատասխանատվությունը հանգիստ չէին թողում նրան ոչ մի վայրկյան, դրա համար էլ աշխատել ու կապ է պահել կազմակերպության ներկա ու նախկին անդամների հետ մինչև վերջին վայրկյան… Նոր պլաններ ուներ, պատրաստվում էր իր վերջերս հրապարակված հուշերի գրքի շնորհանդեսը կազմակերպել… Չհասցրեց…
Հանգչեք խաղաղությամբ, սիրելի ավագ ընկեր, հարգելի ուսուցիչ և անգերազանցելի առաջնորդ…
Թ. Հովնաթանյան
***
Ջեմմա Հասրաթյանի կենսագրությունը
Ջեմմա Հասրաթյանը ծնվել է 1933 թվականին Երևանում։ 1951 թվականին՝ ավարտելով Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1956 թ. և ընդունվել Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1951 թ. Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում` որպես ավագ ջոկատավար, այնուհետև պատմության և աշխարհագրության ուսուցիչ:
1957-1961 թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1961-1965 թթ.` երկրորդ քարտուղար:
1962-1967 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1965-1983 թթ. աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմում որպես կազմակերպական-կուսակցական բաժնի վարիչի տեղակալ,
1983-1988 թթ.` Հայաստանի կոմկուսի Օրջոնիկիձեի շրջկոմի առաջին քարտուղարն է եղել:
1985-1990 թթ.` ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:
1988-1995 թթ. ղեկավարել է Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտը:
1985-1990 թթ. եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այնուհետև 1990-1995թթ.` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1995 թ. դեկտեմբերից մինչ օրս Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահն է:
2007-2015 թթ. ՀՀ Վարչապետին կից Կանանց խորհրդի անդամ է եղել:
2000-2007 թթ. Հակահետևակային ականների արգելման միջազգային շարժման Հայաստանի ազգային կոմիտեի համադասողն էր :
2005 թ. ընդգրկվել է Նոբելյան կոմիտեին ներկայացված «Աշխարհի 1000 կանայք հանուն խաղաղության» ցուցակում:
Մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովին (Պեկին,1995 թ.), hետագա տարիներին` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Պեկին+5 և Պեկին+10 նախապատրաստական խորհրդակցություններին (Ժնև), ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ, 54-րդ և 59-րդ նստաշրջանների աշխատանքներին (Նյու-Յորք), ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 43-րդ նստաշրջանին (Ժնև): Պարբերաբար մասնակցել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գենդերային հավասարության, կանանց քաղաքական մասնակցության խնդիրներին նվիրված տարեկան խորհրդակցություններին:
Մասնակցել և զեկուցումներով հանդես եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներին և խորհրդաժողովներին:
Ավելի քան 100 գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Ասոցիացիայի կողմից հրատարակված ավելի քան 144 ժողովածուների, դասագրքերի, ձեռնարկների խմբագիր:
Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշաններով, «ԽՍՀՄ լուսավորության գերազանցիկ» մեդալով: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալով։ 2008 թ. և 2015 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Դիտումների քանակը` 1255