Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

Ցածր ծնելիություն, ծերացում  և  միգրացիա ՝ ժողովրդագրական ճգնաժամը բնութագրող  այս  երեք հիմնական խնդիրները  այսօր ոչ միայն առկա են  Հայաստանում, այլ  խորացման միտումներ ունեն:

 

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այսօր Հայաստանի բնակչությունը կազմում է  3 մլն 274 հազար մարդ: Վերջին տարիներին հանրապետությունում ծնունդների թվի անկում է նկատվում:  Այսպես 2011 –ին   Հայաստանում ծնվել է  43447 երեխա, ինչը  3.1%-ով նվազ է , քան  2010-ին:  Բացասական դինամիկան նկատվում է նաեւ վերջին երեք տարվա  առաջին եռամսյակների կտրվածքով՝   2010-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է 10448 ծնունդ, 2011-ին` 9971, 2012-ին` 9563:

 

Ինչպես հայտնի է,  բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է որ յուրաքանչյուր կնոջ հաշվով  ծնվի  2.1 երեխա, սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս ցուցանիշը Հայաստանում կազմում է  ընդամենը 1,4:

 

 

Մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է շուրջ 13.3%-ով և 2011-ին  կազմել է 8.6 մահվան դեպք՝ 1000 բնակչի հաշվով:

 

 

Նման ցուցանիշներով ցանկացած ազգ , ինչպես վկայում են ժողովրդագիրները,  50 տարվա ընթացքում կիսով չափ կրճատվում է, իսկ 300 տարուց կարող է ընդհանրապես վերանալ։

 

 

Ըստ ԱՎԾ կանխատեսումների, Հայաստանի բնակչությունը 2035-ին կկազմի 2.9 միլիոն մարդ:  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետների գնահատականներով՝ 2050-ին Հայաստանի բնակչությանը կարող է կրճատվել 20-30%-ով, իսկ հարևան երկրներում այս ցուցանիշը կրկնակի կաճի: «Իսկ սա արդեն լուրջ հիմնախնդիր է ազգային անվտանգության համատեքստում»,-  զգուշացնում  է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

 

 

Իդեալական են համարում երկու երեխայով ընտանիքի մոդելը

 

 

2009-ին անցկացված Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների մեծ մասի համար իդեալական է համարվում երկու երեխայով ընտանիքի մոդելը, ինչը չի ապահովում բնակչության պարզ վերարտադրությունը:

 

 

Փորձագետները  չափազանց մտահոգիչ են համարում  բնակչության նման վերարտադրողական   վարքագիծը, քանի որ հենց դա է հիմք  ստեղծում   ժողովրդագրական  ճգնաժամի խորացման համար: 19-20-րդ դարի սկզբին հայկական ընտանիքն ունենում էր 7-8 երեխա, խորհրդային ժամանակներում՝ 3-4, իսկ այսօր միջին վիճակագրական ընտանիքի համար երկու երեխան սահման է, մեծ մասը նախընտրում է սահմանափակվել մեկ երեխայով, թեև շատերը հասկանում  են, որ իդեալում պետք է երեք երեխա ունենալ։ Հիմնական պատճառներն են՝ անբավարար սոցիալական պայմանները, բնակարանի ու կայուն վաստակի բացակայությունը։

 

 

Վերջին հետազոտությունները վկայում են, որ բնակչության 70%-ը չի ցանկանում մեկից ավելի երեխա ունենալ, սակայն միաժամանակ նշում է, որ պետության որոշակի աջակցության դեպքում կարող է վերանայել իր դիրքորոշումը: 15%-ը տատանվում է, իսկ մյուս 15%-ը միանշանակ ցանկանում է մեկից ավելի երեխա ունենալ:  Այսինքն ազգի հույսն են այն  30%-ն է, ովքեր  այսօր են ցանկանում երեխաներ ունենալ: Բազմազավակ ընտանիքի մոդելը գրավիչ դարձնելու հմար  պետությունը պետք է կարողանա արժևորել բազմազավակ մայրերին և խրախուսական ծրագրեր մշակել ու իրականացնել, հակառակ դեպքում պատկերը չի փոխվի :

 

 

Ժողովրդագրական խնդիրներով զբաղվող գիտնականները երեխա ունենալու փաստը պայմանավորում են պետության կողմից խրախուսվող երեք բաղադրիչով` նյութական, սոցիալական և հոգեբանական: Երեք բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում հասարակությունում ձևավորված հոգեբանությունն արագ փոփոխվում է և լուրջ վնասում երկրի ժողովրդագրական պատկերը, իսկ հետևանքները վերացնելու համար երկար ու քրտնաջան աշխատանք է պահանջվում:

 

Ի դեպ.

 

ՄԱԲՀ-ի՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով անցկացված բնակչության վերարտադրողական վարքագծի համահանրապետական ուսումնասիրության  տվյալներով.

 

  • Ապագայի նկատմամբ հարցական տրամադրվածությունը, որը ներկայիս երիտասարդ ընտանիքների թիվ մեկ խնդիրն է, խոչընդոտում է մեկից ավելի երեխաներ ունենալ: Այսպես, հարցվածների 46%-ը պատասխանել է, որ իրենց ապագան չի տենում Հայաստանում, ուստի չեն կամենում մեկից ավելի երեխա ունենալ։
  • Հարցվածների 60%-ն ընտանիքի ավելացումը կապում է որակյալ բժշկական ծառայությունների մատչելիության հետ։
  • Բացասական վերարտադրողական դիրքորոշում ունեցող ընտանիքների 34%-ն ապրում է գերբնակեցված բնակարաններում։
  • Անչափահաս երեխա ունեցող յուրաքանչյուր տասներորդ ընտանիքը չունի սեփական բնակարան։
Ըստ ՄԱԲՀ-ի  հայաստանյան գրասենյակի տվյալների

Դիտումների քանակը` 5207

Գլխավոր էջ