Անգին Արշակյան. «Պետք է ընդլայնել ՏԻՄ-երի և քաղհասարակության միջև համագործակցության շրջանակները»

 

WomenNet.am -ի  զրուցակիցն է  Արմավիրի մարզում ակտիվ գործունեություն ծավալող «Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ նախագահ՝ Անգին Արշակյանը, ում հետ խոսում ենք  դեկտեմբերի  5-ի  ՏԻՄ ընտրությունների արդյունքների և կանանց մասնակցության  հետ կապված  քաղհասարակության հետագա անելիքների մասին: 

 

 

Նշենք, որ ս.թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի յոթ համայնքներում (Խոյ, Փարաքար, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Արմավիր, Վաղարշապատ) տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք անցան համամասնական ընտրակարգով և քվոտայի կիրառմամբ, ինչի  շնորհիվ նորընտիր ավագանիների կազմում կին ավագանիների թիվը կրկնակի աճեց՝ կազմելով առնվազն 30%: Մինչդեռ ընտրություններից առաջ Արմավիրի մարզի 97 համայնքների ավագանիների կազմում կանայք ընդամենը 13% էին, ընդ որում  49 համայնքների ավագանիների կազմում կանայք ընդհանրապես չկային: Կանայք չկային նաև Էջմիածնի ավագանիում, թեև  քաղաքապետի պաշտոնն այստեղ կին էր զբաղեցնում՝ Դիանա Գասպարյանը: Դեկտեմբերի 5-ի ընտրություններում հենց նա գլխավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը և վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Այսօր Վաղարշապատի նորընտիր ավագանու 26 անդամից 8-ը կանայք են և այս հանգամանքն, և  ինչպես  Անգին Արշակյանն է նկատում, նոր հեռանկարներ է բացում ՔՀԿ-ների հետ համագործակցության համար: Հատկապես, որ մինչ ընտրություններն էլ ՔՀԿ-ները  մեծապես նպաստել են  կանանց մասնակցությանը:  

 

 

-Այս տարվա   հունիսից  ՄԱԶԾ-ի մեր գործընկերների հետ համատեղ մեր հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Կանայք հանուն կանանց  հզորացման» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել նաև ՏԻՄ բարեխոխումներին, նպաստել քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնմանը: Ստեղծեցինք մի հարթակ, որտեղ ավագ սերնդի կին գործիչները, իրենց գիտելիքն ու փորձը փոխանցում էին այն երիտասարդ կանանց, ովքեր այս ոլորտում առաջին քայլերն են անում կամ ցանկություն ունեին առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, որպես ավագանի: Ծրագիրը շատ բազմաբնույթ էր.  պրակտիկ հմտություններին զուգահեռ պարունակում էր նաև կրթական մեծ բաղադրիչ՝  օրենսդրական փոփոխություններին, ՏԻՄ համակարգի գործունեությանը նվիրված դասաժամեր, ինչպես նաև  հռետորական արվեստի և համակարգչային գիտելիքների փոխանցում և այլն:

 

 

-Եվ ինչպե՞ս կգնահատեք կանանց հետաքրքրվածությունը ՏԻՄ-երում գործունեություն ծավալելու առումով…

 

 

-Մեր աշխատանքները ցույց տվեցին, որ հետաքրքրությունը մեծ էր: Փորձել ենք ներգրավվել մարզի մաշտաբով բոլոր ակտիվ գործունեություն ծավալող կանանց:  Կազմակերպել ենք վերապատրաստումներ, կանանց դերի բարձրացմանն ուղղված քննարկումներ, կլոր սեղաններ, իրազեկման միջոցառումներ, առաջնորդության դպրոցներ, հանրությանը ներակայացրել ենք կանանց  հաջողված պատմություններ։

 

 

Վաղարշապատի համայանքապետարանի հետ ստորագրել էինք համագործակցության հուշագիր, ունենք նաև հուշագիր Փարաքար համայնքի հետ: Նպատակը տեղական մակարդակում, ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության բարձրացումն է համատեղ ծրագրերի իրականացման  և իրազեկվածության խթանման միջոցով: Անկախ հուշագրից, աշխատել ենք Արմավիրի շատ ու շատ համայնքներում և արդյունքները երևացին ՏԻՄ ընտրություններից հետո: Մեր լիդերության և վերապատրաստման տարբեր դասընթացներին մասնակից դարձած 20-ից ավելի կանայք այսօր ավագանիներ են: Շատ հաճելի է, ոգևորող է ինձ համար սոցիալական ցանցերում հետևել այդ կանանց գրառումներին, որտեղ նշում են, որ ստացած գիտելիքը, լիդերության դպրոցն իրոք օգնել է նրանց, ինչի համար շատ ուրախ եմ ու շատ պարտավորեցնող է նաև շարունակել աշխատանքը: Այսօր էլ լիդերության դպրոցը գործում , 80 երիտասարդ է հաճախում, որոնցից 65-ը աղջիկներ են:

 

 

-Ընտրություններից հետո, ինչ անելիքներ եք տեսնում, որպես քաղհաարակության մի մասնիկ՝ կանանց հետ աշխատանքի, հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից: Հատկապես, որ կին քաղաքապետ ունեք, կանանց թիվն է աճել ավագանիում… 

 

 

– Պետք է ընդլայնել ՔՀԿ-ՏԻՄ համագործակցության շրջանակները: Յուրաքնաչյուրս մեր տեղում պետք է քայլեր անենք այդ ուղղությամբ՝ հանուն ՏԻՄ-երի կայացման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման և համայնքի, մարզի զարգացման:  Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել ընտրված կանանց համար  վերապատրաստումներ, քննարկումներ, իրազեկման միջոցառումներ, որտեղ մասնավորապես կանդրադառնանք հանրային կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման հիմնահարցերին, գենդերային հիմնախնդիրներին նվիրված ազգային և միջազգային փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև մեդիա, սոցիալական մեդիայի գործիքների օգտագործմանը:

 

 

Շատ կարևոր է նաև ավագ և երիտասարդ ակտիվ կանանց միջև փորձի ու գաղափարների փոխանակաման հարթակների ընդլայնման հարցը:

 

 

Խոշորացման բարեփոխումների հաջողությունը մեծապես կախված է գործընթացի նկատմամբ բնակչության վստահությունից: Ենթադրվում է, որ խոշորացվող համայնքներն ունենալու են նոր որակի ենթակառուցվածքներ: Ի՞նչ սկզբունքներով պետք է իրականացվի ենթակառուցվածքային բաշխվածությունը, կանայք կշահեն թե  կտուժեն արդյունքում, դրա մասին դեռ վաղ է  ասելը, ժամանակը ցույց կտա… Բայց շատ կարևոր է, որ կանանց ձայնը լսելի լինի այդ հարցում: Ուշադրության կենտրոնում պահելով  բոլոր բնակավայրերի հիմնախնդիրները, դրանց լուծման հրատապությունը, առաջարկվող նպատակային ծրագրերը և դրանց տնտեսական հիմնավորումները, պետք է ապահովենք, որ առաջնահերթությունները որոշվեն խոշորացվող համայնքների բոլոր բնակիչների կողմից՝ կանանց և տղամարդկանց շահերն ու կարիքները հաշվի առնելով:  

 

 

-Վերջերս նշանակվել եք Արմավիրի Տարածաշրջանային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ի՞նչ չափով է այսօր կրթությունը հիմքեր ստեղծում կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման և համայնքի զարգացման գործընթացներում նրանց ներգրավելու հարցում:

 

 

 

– Աշխատանքային երկարամյա փորձառություն ունեմ. 35 տարի, որպես տնտեսագետ հաշվապահ, ֆինանսիստ եմ աշխատել, իսկ շուրջ 22 տարի աշխատում եմ միջին մասնագիտական և  բուհական կրթական համակարգում, և այդ տարիների ընթացքում բազմաթիվ  կարծրատիպային մոտեցումների եմ ականատես եղել, որոնք խոչընդոտել են կանանց ու աղջիկների առաջընթացը… Սակայն այսօր շատ մեծ են փոփոխությունները։ Հայաստանի երիտասարդները, անկախ աղջիկ է, թե տղա, ուզում են մասնակցել իրենց ապագայի կառուցմանը, միայն հարկավոր է  տալ նրանց այդ հնարավորությունը և նրանք  հաստատ գիտակցաբար կնպաստեն իրենց համայնքների զարգացմանը  և կգտնեն իրենց ուրույն տեղն այս կյանքում։

 

 

Սոցիալ-տնտեսական բարեփոխումների, աշխատաշուկայի նոր պահանջների ու նոր մասնագիտությունների համատեքստում  կրթության համակարգի առջև  նպատակ է դրվել՝ նպաստել սովորողների գործնական կարողությունների և հմտությունների արդյունավետության բարձրացմանը:  Այսօր ուսանողը՝ լինի աղջիկ թե տղա ինքնաիրացվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն պիտի ունենա, կրթական հաստատությունները պետք է  ձևավորեն ուսումնառողների համար ստեղծարար, հավասար հասանելի, համագործակցային և ներառական միջավայր՝ ապահովելով բոլոր շահառու խմբերի ակտիվ ներգրավվածությունը: 

 

 

Եվ սա կարևոր նախապայման է նաև համայնքի, մարզի տնտեսական զարգացման տեսակետից: Այսօր առաջնային է դառնում ոչ միայն մասնագիտական կրթության ընդլայնման, այլ այդ կրթության որակի խնդիրը, քանի որ միայն որակյալ  մասնագետների միջոցով  կկարողանանք մեղմել սոցիալական անհավասարությունն ու տարածքային անհամաչափ զարգացումը:

 

 

Զրուցեց՝ Լիիթ Քոչինյանը

 

 

 

 

Դիտումների քանակը` 1486

Գլխավոր էջ