Կանանց ինքնաբացարկները ՏԻՄ ընտրություններում. որո՞նք են պատճառները
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ համամասնական ընտրությունների քվեարկությունն արդեն անցյալ է։ Քվեարկության վերջնական արդյունքները ամփոփվել են դեկտեմբերի 12-ին։ Առաջիկայում կբաշխվեն ավագանու մանդատները, տեղի կունենան նորընտիր ավագանիների անդրանիկ նիստերը:
WomenNet.am-ն ուսումնասիրել է մինչ թեկնածուների գրանցումը փաստաթղթերը հետ վերցնելու և քվեարկությանն ընդառաջ հայտնած ինքնաբացարկների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած տվյալներն ու ուշագրավ երևույթներ բացահայտել, որոնց պարագայում օրենսդրական երաշխիքները ընտրված մարմնում քվոտայի պահպանման առումով չեն աշխատում:
Ընդհանուր վիճակագրություն
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններում ընդհանուր առմամբ 44 քաղաքական ուժերի առաջադրած ընտրացուցակներում ներկայացված էր 4357 թեկնածու, որից կանայք 1447-ը կամ 33.2%-ը կանայք են։
Մինչ գրանցումը փաստաթղթերը հետ են վերցրել կամ գրանցումից հետո սահմանված ժամկետում ինքնաբացարկ են հայտնել 168 թեկնածու, նրանցից 81-ը կանայք են ։ Այս թվում ներառված են նաև 5 թեկնածուներ, ում գրանցումն անվավեր է ճանաչվել կամ մերժվել: Նրանց թվում կանայք չկային։
Փաստաթղթերը հետ վերցրած թեկնածուների գրեթե կեսը կանայք են
Մինչ գրանցումը 43 թեկնածուներ հետ են վերցրել փաստաթղթերը, նրանցից 21-ը կանայք են։ Հետագա ընտրապայքարից հրաժարված ու փաստաթղթերը հետ վերցրած կանանցից.
7-ը «Սարգիս Մուրադյան» դաշինքից են (Սևան)
6-ը՝ ՀՅԴ-ից են (բոլորը Սևանում առաջադրած ընտրացուցակից են)
2-ը՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից
2-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից
1-ը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունից
1-ը՝ «Դավիթ Հարությունյան» դաշինքից
1-ը՝ «Էջմիածին» դաշինքից
1-ը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունից
1-ը՝ «Կարեն Եղիազարյան» դաշինքից։
Սևանում շատ կին թեկնածուներ մինչև գրանցվելը հրաժարվել են պայքարից։ Ինչո՞ւ
Սևան քաղաքում ավագանու կազմում կընդգրկվեն ՀՅԴ, «Հանրապետություն» կուսակցությունը և «Սարգիս Մուրադյան» դաշինքը, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում հավաքել են հետևյալ ձայները՝ «ՀՅԴ-ն– 1414 քվե կամ 11,44%, «Հանրապետություն»-ը– 1178 քվե կամ 9,53%, «Սարգիս Մուրադյան» դաշինքը – 9769 քվե կամ 79,02%:
Հիշեցնենք, որ Սևանում այս քաղաքական ուժերը ներկայացրել էին ընդհանուր թվով 85 թեկնածու, որոնցից 29-ը կանայք: Ուշագրավ է, որ մինչ ընտրությունները այդ քաղաքական ուժերի ընտրացուցակներից ընդհանուր առմամբ փաստաթղթերը հետ է վերցրել 17 թեկնածու, որոնցից 13-ը կանայք։ Նրանցից 7-ը «Սարգիս Մուրադյան» դաշինքից են, որի ցուցակում 14 կին կար։ Փաստաթղթերը հետ են վերցրել նաև ՀՅԴ ընտրացուցակում ընդգրկված բոլոր կին թեկնածուները։
Պատճառների մասին WomenNet.am-ը զրուցեց Սևանում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Մեր համակիրների շրջանում չեն եղել կանայք ովքեր ցանկություն ունենային ավագանու անդամ դառնալու, իսկ օրենքի պահանջը չենք խախտել, քանի որ օրենքը նաև թույլ էր տալիս գրանցվելուց առաջ հետ վերցնել փաստաղթերը»,-ասաց ՀՅԴ Սևան կոմիտեի նախագահ Արման Հայրապետյանը։ Նշենք, որ արդյունքում Սևանի ավագանու ՀՅԴ խմբակցության կազմում կին անդամներ չեն լինի։
Մենք զրուցեցինք նաև «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի երրորդ տեղը զբաղեցնող Արմենուհի Ղուկասյանը, ով Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, ինքնաբացարկ չի հայտնել։ Բայց վստահ էլ չէ, որ իր հետագա գործունեությունը կլինի որպես ավագանու անդամ։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու բավարար փորձ ունի, միգուցե շարունակի վարձատրվող աշխատանքը կատարել։ Ղուկասյանը ընտրացուցակի կանանց կողմից ընտրապայքարից հրաժարվելը բացատրում է հենց վարձատրվելու համատեքստում։ Նշում է՝ քաղաքական, անձնական խնդիրներ չեն եղել։ Դիտարկելով, ընտրապայքարից հրաժարված կանանց ցուցակը նկատեցինք, որ իսկապես, բոլոր այդ կանայք համայնքապետարանի աշխատողներ են , այսինքն կանգնել են ընտրության առջև – պահպանել վարձատրվող աշխատանքը թե՞ հրաժարվել դրանից ի օգուտ ավագանու անդամի չվարձատրվող պաշտոնի:
«Ընտրական տեղամասային հանձնաժողովներում աշխատելու խնդիր է եղել։ Կամ-կամ սկզբունքն է եղել, թեկնածուն չէր կարող աշխատել, կանայք էլ ընտրել են հանձնաժողովի անդամ լինելը։ Բացի այդ, եթե թեկնածուն համայնքային ծառայող է, նա պետք է չվճարվող արձակուրդ վերցներ։ Կանայք սկզբում ոգևորված ընդգրկվեցին դաշինքում, հետո հաշվի առնելով, որ տարիներ շարունակ իրենք աշխատել են հանձնաժողովներում, եթե մի տարի չեն լինում տեխնիկական սարքավորման վրա, մեխանիկորեն դուրս են մնում։ Նաև այս հանգամանքը հաշվի առան»,-մանրամասնեց Ղուկասյանը։ Դրա հետ մեկտեղ նշեց, որ իրենց խմբակցության կազմում կանայք կլինեն, չէ՞ որ նրանցից շատերն ակտիվորեն մասնակցել են քարոզարշավին։
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Սևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը լինելու է շատ ավելի ցածր, քան դա կարելի էր ակնկալել սկզբնական ցուցակներում ներկայացված կանանց 34%-ից: Նկատենք, որ կանանց նման սոլիդարություն ցուցակները լքելու առումով խոհրդարանական ընտրությունների ժամանակ չի նկատվել:
Ո՞ր քաղաքական ուժերի ընտրացուցակներից են առավել մեծ թվով կանայք ինքնաբացարկ հայտնել
Ըստ ԿԸՀ տվյալների, օրենքով սահմանված ժամկետում գրանցված թեկնածուներից 120-ն են ինքնաբացարկ հայտնել, նրանց կեսը՝ 60-ը կանայք են։
Օրինակ, ինքնաբացարկ հայտնած կանանցից՝
- 5-ը «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակներում են ներառված եղել (ընդհանուր՝ 10 ինքնաբացարկ)։ Ինքնաբացարկ հայտնած կանանցից 1-ը եղել է կուսակցության կողմից ներկայացված Վանաձորի, 1-ը՝ Նաիրիի, 1-ը՝ Արթիկի, 2-ը՝ Ջերմուկի ընտրացուցակներում։
- 15-ը «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակում են ներառված եղել (ընդհանուր 16 ինքնաբացարկ)։ Այս ուժը մասնակցել է միայն Արտաշատի ընտրություններին։ Արդյունքում ընտրացուցուցակում մնացել է մեկ կին թեկնածու։
- 10-ը «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակներում են ներառված եղել (ընդհանուր՝ 13 ինքնաբացարկ)։ Ինքնաբացարկ հայտնած կանանցից 7-ը եղել են Արտաշատում, 3-ը՝ Աշտարակի ընտրացուցակներում։ Արդյունքում Արտաշատում առաջադրած ընտրացուցակում մնացել է չորս կին։
- 7-ը «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրացուցակներում են ներառված եղել (ընդհանուր՝ 9 ինքնաբացարկ)։ Ինքնաբացարկ հայտնած կանանցից 6-ը եղել են Նոյեմբերյանում, 1-ը՝ Արթիկում առաջադրած ընտրացուցակներում։
- 1-2-ական կին թեկնածուներ ինքնաբացարկներ են հայտնել «Ալյանս», «Հայք», ՀՅԴ, «Ազատական», «Միասնական Արթիկ», «Կարեն Եղիազարյան», «Հայ կառուցողական» ու այլ կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակներից։
Արտաշատում ինքնաբացարկ է հայտնել 25 կին թեկնածու
Ինքնաբացարկ հայտնած կանանց թվով առաջատարը Արարատի մարզկենտրոն Արտաշատն է։ Այստեղ հետագա պայքարից հրաժարվել է 25 կին թեկնածու, ինչպես նշվեց, 15-ը՝ «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակից, 7-ը՝ «Հայրենիք»-ի, 1-ը՝ «Ալյանս»-ի, 1-ը՝ ՀՅԴ-ի, 1-ը՝ «Քրիստոնեա Հայաստան»-ի։
Ոշագրավ են, հատկապես «Օրենք և արդարություն» նորաստեղծ կուսակցության ընտրացուցակից մեծ թվով կանանց ինքնաբացարկները:
«Օրենք և արդարություն» կուսակցության փոխնախագահ, ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Գոռ Մարգարյանը WomenNet.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց թիմի կանանց վրա այլ ուժերի կողմից ճնշումներ չեն եղել, որոշումը կայացվել է կուսակցության ներսում։
«Օրենքի պահանջն է, որ ընտրացուցակի ամեն երրորդը կին պետք է լինի։ Կանայք եղան, որ ընթացքում հասկացան, որ կուսակցական գործունեությունն իրենց համար չէ։ Կանայք կան, որ հիմա էլ մեր կուսակցության անդամ են, բայց մենք կուսակցության ընդհանուր ժողովում որոշեցին, որ Արtաշատի ավագանու մեր խմբակցության կազմում պետք է լինեն կոնկրետ այս-այս մարդիկ։ Այլ պատճառ չի եղել։ Դա եղել է կոնկրետ մեր կուսակցության որոշումը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 8-րդ կետը երաշխավորում է կանանց առնվազն 25% ներկայացվածությունը ընտրված խմբակցությունում ինքնաբացարկների դեպքում:
Մասնավորապես, հոդվածը նախատեսում է.
«Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 %-ից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր»…
Վերջին ՏԻՄ ընտրություններին ի հայտ եկան դեպքեր, երբ նշված երաշխիքը չի ախատում , քանի որ քաղաքական ուժի ընտրացուցակում ընդհանրապես կանայք չեն մնում: Արդյունքում ավագանին համալրվում է տղամարդ թեկնածուներով և ընտրացուցակի գենդերային քվոտավորումը չի արտացոլվում ավագանիների կազմում։
Նման իրավիճակ ստեղծվեց հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո Սյունիքի Տեղ համայնքում, երբ ավագանու 15 անդամներից միայն երեքն են կանայք, քանի որ ավագանու 5 անդամի մանդատ ձեռք բերած «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի բոլոր կին անդամներն անհայտ պատճառներով ինքնաբացարկ էին հայտնել։ Արդյունքում այդ խմբակցության բոլոր 5 անդամները տղամարդիկ են։
Ամփոփելով, ստիպված ենք փաստել, որ հատկապես նորաստեղծ կուսակցությունների դեպքում կանանց ներկայացվածությունը ՏԻՄ համամասնական ցուցակներում զուտ օրենքի պահանջը կատարելու հետևանքով է տեղի ունենում, ոչ թե կառավարման մարմիններում կանանց ընդգրկվածությունը մեծացնելու, ներկայացվածությունն ապահովելու գիտակցված նպատակդրման արդյունք հանիսանում։
Կանանց ձևական առաջադրումների մասին ԵԱՀԿ-ն ահազանգել էր դեռ երեք տարի առաջ
Նկատենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ահազանգել էին Հայաստանի ընտրություններում կանանց ձևական առաջադրումների մասին դեռևս 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում: Զեկույցի հեղինակներն արձանագրել էին դա՝ ատնանշելով այն փաստը, որ մինչ թեկնածուների ընդհանուր թվի 32%-ը կանայք էին, նորընտիր խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 24% տոկոս կազմեց:
Ակնհայտ է, որ խնդիրն առկա է ու խորացել է ՏԻՄ ընտրությունների պարագայում։
Այս առումով դիտորդական առաքելությունը հիշեցրել էր 1991թ-ին ԵԱՀԿ Մոսկվայի փաստաթղթի մասին, երբ մասնակից երկրները հաստատել են, որ «իրենց նպատակն է հասնել կանանց և տղամարդկանց միջև ոչ միայն de jure, այլ նաև de facto հնարավորությունների հավասարության և արդյունավետ միջոցներ կիրառել այդ ուղղությամբ»:
«Մինչ գենդերային քվոտան ենթադրում է, որ քաղաքական կուսակցությունների կողմից առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն կանանց քաղաքական մասնակցությունը քաջալերելու և դյուրացնելու հարցում, ցավոք ընտրապայքարի մասնակիցներից շատերը կանանց ընտրացուցակներում ներգրավում էին միայն ձևականորեն»,-ընգծվում էր զեկույցում։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 958