ՄԻՊ-ի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի Քրիստինե Գրիգորյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկությունը կուսակցությունը հայտնել է իր Facebook-ի էջում:
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Թեկնածուի առաջադրման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 6-ին: ՄԻՊ առաջադրելու իրավասությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը՝ ՔՊ-ին: ՄԻՊ-ն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով:
Համաձայն Պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի՝ պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Քրիստինե Գրիգորյանն զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը 2021 թվականի ապրիլի 6-ից :
Ծնվել է օգոստոսի 27-ին, 1981 թվականին, Սևանում: Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած չէ:
Կրթությունը
1998-2002 թթ. – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, բակալավրի աստիճան
2002-2004թթ. – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, մագիստրոսի աստիճան
2006-2008թթ․ – Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան։
Աշխատանքային գործունեությունը
2004- 2009թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ
2009 մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
թարգամանիչ-իրավաբան
2009-2011 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)
2012-2014 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով
2014-2015թթ․ – ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)
2015-2018թթ․ – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
2018թ.-2019թթ. – Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր)
2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):
ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Դիտումների քանակը` 1152