Սյուզաննա Ավետիսյան. «Մենք էլ սիրտ չունենք երեխաներ, ամուսիններ, սիրելիներ  կորցնելու, իսկ դրանից խուսափելու միակ ելքը ճիշտ կառավարումն է»

 

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են նշանակված խոշորացված Ջերմուկ համայնքում: Նախընտրական մրցապայքարին մասնակցում են  «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն » և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

 

 

WomenNet.am – ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող  32-ամյա Սյուզաննա Ավետիսյանի հետ, ով  մասնագիտությամբ բանասեր է, ներկայումս ուսանում է Ազգային կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում » բաժնում: Անցել է մի շարք վերապատրաստումներ տեղական ինքնակառավարման և կանանց հզորացմանը միտված թեմաներով: Նրա հետ մեր զրույցը ընթացիկ ընտրապայքարի ու վաղվա տեսլականի մասին է:

 

 

 

Ի՞նչն է Ձեզ միավորել «Ապրելու երկիր» կուսակցության հետ, հատկապես ո՞ր գաղափարներն են Ձեզ գրավել կուսակցությանը միանալու համար:

 

 

-Ինձ համար առաջին հերթին շատ կարևոր է մարդկային գործոնը.  ովքե՞ր են առաջնորդները: Քաղաքական ուժերի ներկայացրած գաղափարները հիմնականում նույնն են. դրանք կարող են լինել իդեալական, բայց այդ ուժերին առաջնորդող մարդիկ կարող են ուղղակի ընդունելի չլինել ինձ համար:  Այս կուսակցության մեջ տեսա թիմ, տեսա գաղափարակից մարդկանց, ու հասկացա, որ այս մարդկանց հետ ես կարող եմ քաղաքական գործընթացների մեջ մտնել: Կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին ես ճանաչում եմ դեռ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունից և մշտապես իր գաղափարակիցն եմ եղել: Գաղափարախոսության առումով «Ապրելու երկիր» -ին միանալու համար ինձ հատկապես գրավել են կուսակցության մոտեցումները պետականաշինության,  համայնքների հավասարաչափ զարգացման, կրթության վրա հիմնված քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը վերաբերող  հարցերում:

  

 

 

 –Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Ջերմուկի համայնքապետի թեկնածություն առաջադրելու գաղափարը:

 

 

-Ինձ համար ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկությունը նոր չէ:  Երբ կրթություն ստանալուց հետո ես վերադարձա Ջերմուկ, հասկացա, որ համայնքում բազմաթիվ խնդիրներ կան  և իմ ռեսուրսները, իմ հմտությունները կարող են օգտակար լինել  դրանք լուծելու հարցում: Սկսեցինք  համայնքային զարգացման ծրագրեր իրականացնել: Դրա հետ զուգահեռ   ժամանակի ընթացքում հասկացա,  որ  տեղական կառավարման ոլորտում մի շարք խնդիրներ լուծելու համար պետք է լինել որոշում կայացնող մարմիններում: Եվ դա է պատճառը, որ քննարկումների արդյունքում որոշում կայացրեցի «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով մասնակցել ՏԻՄ ընտրություններին:  Ես բանակում չեմ ծառայել, բայց սա էլ իմ պարտքն է հայրենիքի ու մարդկանց հանդեպ՝ փոփոխություններ բերել համայնք իմ գիտելիքների և կարողությունների չափով:

 

 

 

– Որո՞նք եք համարում այն ​​երեք առաջնահերթությունները, որոնց լուծմամբ զբաղվելու եք ընտրվելու դեպքում:

 

 

-Առաջին կարևորագույն անելիքը արդյունավետ տեղական կառավարման ապահովումն է լինելու՝ օրենքի ճիշտ կիրարկմամբ, սկսած կանոնակարգերից մինչև թափանցիկ ու մասնակցային  կառավարման ապահովում: Մտադիր ենք ստեղծել խորհրդատվական մարմիններ, որոնցում կներգրավվեն  համայնքի խնդիրներով մտահոգ ավագ  ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Փորձելու ենք  կառավարման նոր մեխանիզմ, նոր քաղաքական մշակույթ բերել Ջերմուկ:

 

Մեր երկրորդ առաջնահերթությունը համայնքի կարիքների գնահատումն է լինելու: Բանն այն է, որ համայնքները պարբերաբար համայնքային զարգացման ծրագրեր են մշակում, բայց դրանք ոչ միշտ են հիմնված լինում համայնքի կարիքների վրա: Իսկ եթե համայնքի կարիքներն ու պոտենցիալը լիարժեք  գնահատված չէ, չենք կարող համակարգային   խնդիրներ լուծել և արդյունավետ գործել:  Կարիքների գնահատման, համայնքի ներուժի վերհանման արդյունքում մշակելու ենք համայնքի զարգացման ռազմավարությունը ՝ ըստ ոլորտների և խնդիրների առաջնահերթության:

 

 

Ավելացնեմ նաև, որ տարիներ շարունակ մեր թիմը համայնքում իրականացրել է կանանց հզորացմանն ուղղված ծրագրեր: Ընտրվելու դեպքում ես շարունակելու եմ պահել այս մոտեցումը՝ փորձելով նպաստել համայնքում կանանց ակտիվացմանն  ու  համայնքային զարգացման ծրագրերում ներգրավմանը:

 

 

 

-Ովքե՞ր են Ձեր ընտրողները, ինչո՞ւ պետք է ջերմուկցին ընտրի հենց Ձեզ՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորում են հիմնականում տղամարդիկ:

 

 

-Մեզ ընտրողները լինելու են մարդիկ,  ովքեր համայնքի զարգացումը  տեսնում են հմուտ ու ժողովրդավար կառավարման մեջ: Մեզ ընտրելու են այն երիտասարդները, ովքեր ուզում են  իրենց ձայնը լսելի դարձնել և դառնալ մասնակից՝  որոշումների կայացման գործընթացում: Մեզ ընտրելու է ջերմուկցի մայրը, ով ուզում է, որ իր երեխան ապագա տեսնի համայնքում և չմտածի համայնքից հեռանալու մասին: Մեզ ընտրելու է հասարակ գյուղացին, ում խնդիրներին  քաջատեղյակ ենք: Ընտրելու են ջերմուկցի ուժեղ տղամարդիկ, ովքեր կարողանում են ընդունել ու վստահել խելացի կնոջը…

  

 

Ինչ վերաբերում է  քաղաքական թիմի նախընտրական ցուցակը կնոջ կողմից գլխավորելու փաստին, ապա  պատասխանատվությունն, ընդհանուր առմամբ,  չափազանց մեծ է, սակայն  կնոջ դեպքում իրավիճակն առանձնահատուկ է նաև նրանով, որ խոչընդոտներն ավելի շատ են, քան տղամարդկանց դեպքում: Օրինակ, ընտրողների որոշակի մաս  գտնում է, որ կինը չի կարող լինել ղեկավար պաշտոնում… Բայց  ես չեմ պատրաստվում նահանջել, քանի որ միշտ պայքարել եմ մարդկանց իրավունքների, ժողովրդավարության հաստատման ու համայնքի զարգացման համար…

 

 

 

Ինչպիսի՞ նախընտրական պայքար է Ջերմուկում … Ինչն է պատճառը, որ  Ձեր ցուցակից  ինքնաբացարկներ կան…

 

-Ջերմուկում շատ բարդ ու, ցավոք սրտի, ոչ նորմալ նախընտրական պայքար  է ընթանում: «Ապրելու երկիրն» ի սկզբանե առաջադրվել էր 12 հոգանոց թիմով, սակայն  թեկնածուներից 7-ը տարբեր հանգամանքներով ու ճնշումներով պայմանավորված վերջին օրերին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Դա  ոչ ազնիվ քաղաքական մրցակցության հետևանքով է եղել,  ու  լինելով քաղաքակիրթ ու գաղափարահեն քաղաքական մշակույթի ջատագով, կարծում եմ, որ անընդունելի է  այն ամենը, ինչ կատարվում է:  Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք մի ուրիշ հասարակարգում ենք ապրում, որտեղ մարդը թեև իրավունք ունի առաջադրվել, բայց բազմաթիվ  ճնշումների ներքո փաստացի  զրկվում է  այդ իրավունքից: Եվ  չունենք մեխանիզմներ ու ձևավորված քաղաքական մշակույթ, որպեսզի  կարողանանք առողջ մրցապայքարի միջավայր ապահովել…

 

 

 

-Չնայած առկա խնդիրներին, ի՞նչ եք կարծում,  ընդհանուր առմամբ համամասնական ընտրակարգը կնպաստի՞ համայնքներում կանանց ակտիվացմանն ու դերակատարման բարձրացմանը:

 

-Այս հարցին իմ պատասխանը կարող է երկակի թվալ: Համամասնական ընտրակարգը կարող է նպաստել կանանց ակտիվացմանը, քանի որ  քվոտավորման արդյունքում նախընտրական ցուցակի առնվազն  30 տոկոսը պարտադիր հատկացվում է կանանց: Սա միանգամից մի քանի խնդիր կարող է լուծել. և՛ կանանց մասնակցության ապահովման, և՛ ռեսուրսների ներգրավման, և՛ քարոզարշավի կազմակերպման…  Սակայն նաև վտանգ կա, որ համամասնական ցուցակների քվոտավորումը  կարող է կրել ձևական բնույթ: Եվ այդ խնդիրն այսօր առկա է.  ցուցակներում կանայք հաճախ հայտնվում են անկախ իրենց ցանկությունից, իրենց ցուցակագրմամբ կարծես ապահովելով  տղամարդկանց  մասնակցությունը ընտրություններին: Այդ կանայք շատ դեպքերում տղամարդ թեկնածուների հարազատներն են լինում: Ցավոք,  ունենք նաև այդ միտումը: Կանանց  ներգրավվածությունը ընտրական գործընթացներում  չպետք է լինի ինքնանպատակ: Այն պետք է  լինի համապատասխան փորձառության, գիտելիքների ու ցանկության հիման վրա:  

 

 

 

Ինչպես եք գնահատում կանանց դերակատարումը Հայաստանի այսօրվա  քաղաքական կյանքում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դրա հետ կապված :

 

-Կարծում եմ, մի շարք խնդիրներ կան կապված  մտածելակերպի, ռեսուրսների,   մոտիվացիայի ու այլ հանգամանքների հետ: Մեր երկրում կանայք ոչ միշտ են պատրաստ սատարել ուժեղ կանանց. սա ևս կարևորագույն խնդիր է  Հայաստանում: Հաջողության հասնելու համար կնոջն անհրաժեշտ է նաև այլ  կանանց սատարումը: Համոզված եմ նաև, որ  կանանց ներգրավման ու ակտիվացման պրոցեսները պետք է սկսել հենց մարզերից, համայնքներից: Այսինքն,  մարդը պետք է նախ տեղական կառավարման փորձառություն ձեռք բերի, հետո անցնի պետական կառավարման մակարդակ, և դա  քաղաքական կարիերայի  լավագույն տարբերակը կարող է լինել:

 

Կանանց ներգրավվածությունը  քաղաքական կյանքում այժմ առավել, քան երբևէ կենսական նշանակություն ունի, այն  կարող է խթանել  առկա  խնդիրների առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործընթացը: Մենք տասնյակ տարիներ տղամարդկանց իշխանություն ենք ունեցել ու համարյա միշտ տանուլ ենք տվել մեր կառավարման գործընթացները: Եթե ուզում ենք կայուն զարգացում ունենալ, ապա կանայք պարտադիր պետք է լինեն  որոշում կայացնող մարմիններում: Հատկապես հետպատերազմյան Հայաստանում  մեզ խելացի կին քաղաքական գործիչներ են պետք, որպեսզի կարողանանք այս ճգնաժամը հաղթահարել:

 

 

Ձեր խորհուրդը կանանց 

 

  -Ինձ համար ամենահզոր կինը հայ  կինն է ու  ուզում եմ, որ հայ կանայք   անպայման  մասնակցեն երկրի կառավարմանը՝  հնարավոր բոլոր մակարդակներում: Ցանկանում եմ նաև, որ կանայք աջակցեն իրար՝  միավորելով   իրենց ուժը, կամքը, գիտելիքները  քաղաքականության մեջ:  

 

 

Մենք էլ սիրտ չունենք երեխաներ, ամուսիններ, սիրելիներ  կորցնելու, իսկ դրա միակ ելքը ճիշտ կառավարումն է, որն առանց կնոջ մասնակցության, կարծում եմ, անհնար է: Կանանց ներգրավվածությունը շատ կարևոր է  պատմության ընթացքը փոխելու համար: Կանայք  կարողանում  են ճկուն գտնվել ու իրենց  ընտանիքները հաջողությամբ հանել ճգնաժամային իրավիճակներից, հետևապես  նույնկերպ պետության կառավարման մեջ կարող են հաջողել…

 

 

 

 Գայանե Սարգսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1284

Գլխավոր էջ