Հայաստանի ընտանեկան օրենսգիրքը կփոփոխվի

Առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը, որը վերաբերվում է տղաների ու աղջիկների ամուսնական տարիքին : Այդ  մասին զեկուցելու է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Կառավարությանը ներկայացրած փոփոխության նախագծից տեղեկանում ենք, որ խոսքը Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի մասին է , ըստ որի  սահմանված  է.

«Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ 17, իսկ տղամարդկանց համար 18 տարեկան տարիքի հասնելը»։

 

Այժմ, Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով սահմանել, որ ՀՀ քաղաքացիները կարող են ամուսնանալ 18 տարին լրանալուց հետո , դրանով վերացնելով ամուսնություն կնքելու համար կանանց և տղամարդկանց համար գործող օրենսդրությամբ սահմանված տարիքային տարբերությունը:

 

Փոփոխության նախագծով  սահմանվում է.

 

« Ամուuնության կնքման համար անհրաժեշտ են ամուuնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուuնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը»:

 

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված փոփոխության նախագծում նշվում է , որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Օրենքը չի տարածվում այն ամուսնությունների վրա, որոնց պետական գրանցման համար ներկայացված դիմումները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ստացվել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

 

 

Ո՞րն է նման փոփոխության պաշտոնական հիմնավորումը: Նախարարությունը նման  անհրաժեշտությունը բացատրում է այսպես.

 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունը ապահովելու համար» :

 Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 5406

Գլխավոր էջ