Ջեմմա Հարությունյան. «Ճիշտ ու արդյունավետ կառավարումը համայնքապետի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի»
72-ամյա Ջեմմա Հարությունյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններում գլխավորում է «ԱՄԱՍԻԱ–ԱՐՓԻ» կուսակություննների դաշինքի ավագանու անդամության թեկնածուների ցուցակը: Նա 2016-2021 թթ.-ին զբաղեցրել է Ամասիայի համայնքապետի պաշտոնը: Ի դեպ, միակ կինն է եղել, որ խոշորացված համայնք էր ղեկավարում: Այս ընտրություններում Ամասիայի ՏԻՄ ընտրություններում մրցակցում են «ԱՄԱՍԻԱ–ԱՐՓԻ» դաշինքը, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
–Ո՞րն եք համարում Ձեր պաշտոնավարման տարիների ամենակարևոր ձեռքբերումները:
-Վերջին տարիներին կարողացել ենք մի շարք կարևոր նախագծեր իրականացնել համանքում՝ օգտագործելով ոչ միայն համայնքային բյուջեի, այլ սուբվենցիոն ծրագրերի, միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության հնարավորությունները: Ձեռքբերում եմ համարում նաև այն, որ իմ պաշտոնավարման ընթացքում փորձել եմ հնարավորինս նպաստել համայնքի երիտասարդների, կանանց ակտիվացմանը, տարբեր ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցել ենք հասարակական կազմակերպությունների հետ…
-Ի՞նչ դժվարություններ եք ունեցել աշխատանքում՝ որպես կին ղեկավար:
-Որպես ղեկավար բազմաթիվ դժվարություններ եղել են, իհարկե, բայց դրանք երբևէ պայմանավորված չեն եղել կին լինելու հանգամանքով: Ընդհակառակը, որպես կին ղեկավար ամենուր ու անընդհատ ես զգացել եմ ավելի բարեհաճ վերաբերմունք, քան տղամարդկանց նկատմամբ: Ունեցել եմ շատ լավ աշխատակազմ, իմ տեղակալներն ու օգնականը եղել են տղամարդիկ և նաև նրանց նվիրված աշխատանքի, փոխօգնության շնորհիվ եմ ես հաջողել: Մենք ունեցել ենք շատ լավ թիմ, իսկ լավ, համախմբված թիմի դեպքում հաջողության հասնելու շանսերը շատ ավելի մեծ են…
-Ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրել ձեր թեկնածությունը:
-Նախ, բավականին շատ ծրագրեր ունենք, որոնք ընթացքի մեջ են ու ես ցանկանում եմ իրականացնել և ավարտին հասցնել դրանք: Առաջադրվելուս երկրորդ գլխավոր պատճառը թիմի ու բնակիչների սատարումն ու կրկին առաջադրվելու առաջարկն է եղել, ինչը և ես ընդունել եմ:
-Ո՞րն այն հիմնական պատճառը, հանուն որի բնակիչը պետք է ընտրի հենց Ձեզ և Ձեր թիմին:
– Ես չափից դուրս համբերատար եմ, ինչն իմ աշխատանքում ինձ շատ է օգնում՝ թույլ տալով առավել արդյունավետ շփվել բնակիչների հետ:Պաշտոնավարման ընթացքում ես բավականին անմիջական հարաբերություների մեջ եմ եղել բնակիչների հետ, փորձել եմ համբերատար լսել նրանց հուզող խնդիրներն ու համայնքի հնարավորությունների ու իմ իրավասությունների սահմաններում աջակցել: Հնարավոր է՝ ոչ բոլոր դեպքերում եմ կարողացել մարդու խնդիրը լուծել, բայց երբ կարողանում ես մինչև վերջ համբերատար լսել, ապրումակցել, կարեկցել, դա ևս օգնում է, որ մարդը բավարարվածության զգացումով հեռանա քեզնից: Մեզ ընտրելու հարցում խթան կարող է հանդիսանալ նաև վերջին տարիներին համայնքում իրականացված աշխատանքները, որոնք բնակչության կողմից ողջունվել ու լավ ընդունելության են արժանացել: Չեմ ասում, որ բոլորն ինձ են ձայն տալու, բայց հուսով եմ, որ մեր աշխատանքը կգնահատեն շատերը:
-Ցանկացած աշխատանքում հնարավոր են նաև թերացումներ…
-Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չհասցրինք իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսել էինք համայնքի հնգամյա զարգացման ծրագրով: Ծրագրի ամբողջական իրականացման հարցում խոչընդոտ հանդիսացան համավարակը, Արցախյան 44-օրյա պատերազմը, համայնքային բյուջեի սուղ միջոցները: Ընտրվելու դեպքում, կարծում եմ, պետք է առաջ շարժվենք առավել ճկուն զարգացման ծրագրով և դրանք իրականացնելու ավելի արդյունավետ միջոցներ ու մեխանիզմներ մշակենք:
-Ողջունելի է տեսնել այս տարիքում այսչափ ակտիվ ու եռանդով լի կին թեկնածուի, այդուհանդերձ, որքանո՞վ է տարիքն օգնում կամ խանգարում ղեկավարման, ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացնելու հարցում:
-Տարիքը չի խանգարում, իսկ այ, աշխատանքային փորձառությունը շատ է օգնում: Երկար տարիների աշխատանքային փորձը, որ ձեռք եմ բերել ամենատարբեր բնագավառներում աշխատանքի ընթացքում, օգնում է ճիշտ կառավարել: Կարծում եմ, ճիշտ ու արդյունավետ կառավարումը համայնքապետի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի: Ես փորձում եմ նաև իմ փորձը փոխանցել երիտասարդներին: Մեր թիմում ավագանու թեկնածուներից կեսից ավելին երիտասարդներ են:Նրանց հետ շփվելիս ես երիտասարդանում եմ…
–Որո՞նք եք համարում այն երեք առաջնահերթությունները, որոնց լուծմամբ զբաղվելու եք ընտրվելու դեպքում:
-Պետք է շարունակենք զարգացնել գյուղատնտեսությունը: Քանի որ Ամասիան այս ընտրություններով ևս մեկ անգամ խոշորացվում է, համայնքի ենթակառուցվածքները պետք է մոտեցնենք նաև այն բնակավայրերին, որոնք դրա կարիքն ունեն:Ամասիան գյուղատնտեսական համայնք լինելուց զատ նաև ձմեռային մարզաձևերի ու զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: Ներդնելու ենք մեր բոլոր ջանքերը՝ Ամասիան ձմեռային զբոսաշրջության ուղղությամբ զարգացնելու համար:
–Ինչպիսի՞ն է նախընտրական պայքարը Ամասիայում:
-Երեք ուժերի առաջնորդներս իրար լավ ենք ճանաչում, տարբեր շփումներ ենք ունեցել: Մեզ մոտ հանգիստ նախընտրական վիճակ է:Հույս ունեմ՝ արդար ու թափանցիկ ընտրություններ կունենանք: Ինձ համար կարևորն այն է, որ արդար ընտրությունների արդյունքում ընտրվի ժողովրդի ցանկալի թեկնածուն:
– Ըստ Ձեզ, համամասնական ընտրակարգը կնպաստի՞ համայնքներում կանանց ակտիվացմանն ու դերակատարման բարձրացմանը:
-Համամասնական ընտրակարգի շնորհիվ կանանց առնվազն 30 տոկոսի չափով ներգրավման հնարավորություն ստեղծվեց, բայց պետք է ասեմ, որ այդ տեղերը ոչ միշտ են հեշտությամբ համալրվում, ոչ բոլոր կանայք են համաձայնվում ընտրական գործընթացներում ներգրավվել: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով. տղամարդկանց մի զգալի մասը արտագնա աշխատանքի է, տան ամբողջ հոգսը կանանց ուսերին է, նրանց համար դժվար է երեխաների, տնային ու աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգահեռ ևս մեկ լրացուցիչ հոգս վերցնել ուսերին: Երբ ես 2016թ.-ին մեծամասնական ընտրակարգով ընտրվեցի համայնքի ղեկավար, ոչ մի կին ավագանու անդամության թեկնածու չունեինք: Այն ժամանակ ոչ մի կին չէր առաջադրվել, մտածել էին, որ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում դժվար կլինի անհրաժեշտ չափով ձայներ հավաքելը: Այսօր օրենքի պահանջով ունենք նաև կին թեկնածուներ: Համամասնական ընտրակարգով կանանց ընտրվելու շանսերը կտրուկ ավելացել են:
–Ինչպե՞ս եք գնահատում կանանց դերակատարումը Հայաստանի այսօրվա քաղաքական կյանքում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դրա հետ կապված :
-Նախկինում Ազգային ժողովում ներգրավված կանանց թիվը ավելի քիչ էր, հիմա օրենքի փոփոխման շնորհիվ բավականին ակտիվություն է նկատվում: Դեռևս փոքր է կանանց թիվը պետական կառավարման համակարգում: Որքան շատ լինեն կանայք կառավարման բարձր օղակներում, այնքան աշխատանքներն առավել արդյունավետ կարվեն: Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց կարծում եմ, կանայք աշխատանքում ավելի ակտիվ ու ավելի պատասխանատու են, քան տղամարդիկ:Կանայք որոշակի հարցերում ավելի շրջահայաց են, ավելի շուտ են կողմնորոշվում, ավելի ճկուն են…
–Ձեր խորհուրդը կանանց …
-Իմ խորհուրդը հետևյալն է. եթե կինը գտնում է, որ անհրաժեշտ հմտություններ ու կարողությւններ ունի, պետք է անպայման զբաղվի քաղաքականությամբ: Հատկապես վերջին տարիներին կանանց հզորացմանն ուղղված ամենատարբեր ծրագրեր են իրականացվում: Մենք պետք է անընդհատ կրթվենք ու կրթենք կանանց, որպեսզի նրանք կարողանան ճիշտ որոշումներ կայացնել և առավելագույնս դրսևորեն իրենց: Նաև խորհուրդ կտամ տղամարդկանց՝ սատարեք ձեր կանանց. ուժեղ կնոջ հետևում կանգնած է ուժեղ տղամարդ, ուժեղ տղամարդու հետևում՝ ուժեղ կին: Եթե իմ ընտանիքն ինձ չօգներ, ես երբեք էլ չէի կարողանա արդյունավետ գործել: Ընտանիքս ինձ միշտ սատարել է ու շարունակեում է դա անել մինչ օրս…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 700