Կարինե Մուրադյան. «Ինչ-որ պահից հասկացանք, որ մեր ցավը մի փոքր կմեղմվի, եթե միավորվենք»

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում գործում է «Հավերժ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել Արցախյան երկրորդ պատերազմի, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած այլ պատերազմական գործողությունների հետևանքով որդեկորույս մայրերին: «Հավերժ» ՀԿ-ն նաև մեկ այլ կարևոր գործառույթ է իրականացնում՝ համախմբում է զոհված, ծանր մարմնական վնասվածքներ ստացած, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին՝  փորձելով աջակցել վերջիններիս հաղթահարելու կյանքի դժվարին փուլը և մեղմացնելու պատերազմի ծանր հետևանքները: Կազմակերպությունը հիմնադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մայրերի կողմից, իսկ նախաձեռնությունը  Կարինե Մուրադյանինն է, ով նույնպես կորցրել է այդ պատերազմում  իր որդուն՝  Վահե Եղիկյանին…

 

 

19-ամյա հերոսը

 

 

Այսօր՝ պատերազմից մեկ տարի անց, թվում է, թե բոլոր հերոսներին անուն առ անուն գիտենք. Ալբերտը, Դավիթը, Նարեկը, կամավոր պատերազմ գնացած ու չվերադարձած Ռաֆայելը ու շատ ուրիշները, ով նայում են նկարներից ու ժպտում՝ իրենց այդպես էլ չիրականացված երազանքները մտքում ու սրտում պահելով…   19-ամյա Վաhե Եղիկյանը նույնպես ժպտադեմ էր, ծնվել էր հաղթանակի օրը և  հանուն հաղթանակի իր կյանքը  նվիրաբերեց:  WomenNet.am-ի հետ զրույցում Վահեի մայրիկը՝  Կարինե Մուրադյանը, պատմում է, որ մի քանի ամսից որդին պետք է վերադառնար տուն…  

 

«Վահեն վիրավորվել էր ծնկից սեպտեմբերի 30-ին, սակայն վիրակապվելուց հետո վերադարձել էր դիրքեր, շարունակել կռիվը թշնամու դեմ: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, նա տղաներին չի թողել մենակ: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը՝ նահանջել են, բայց արկ է ընկել: Վահեն դարձյալ վիրավորվել է, ընկերն է փորձել ուսին գցել ու տեղափոխել, բայց դա անհնար է եղել, պառկեցրել է գետնին։ Ընկերներով փորձել են վրանի վրա դնել նրան, որ տեղափոխեն, բայց Վահեն ասել է՝ «տղե՛րք, թողեք ինձ, փախեք»: Մինչ խնդրանքն անտեսած ընկերները փորձել են ամեն կերպ նրան հասցնել բուժկետ, Վահեն արնաքամ է եղել ու փակել աչքերը»,- պատմում է որդեկորույս մայրը։ 25 օր շարունակ հարազատները փնտրել են Վահեին, աղոթել, հրաշքի սպասել ու հրաշքի հավատացել, բայց ավաղ….

 

 

Մայրն ասում է՝ որդու փնտրտուքների 25 օրը իրեն քարացրել էին այնպես, որ չէր կարողանում նույնիսկ լացել, բայց մեծ էր ցանկությունը խոսել ինչ-որ մեկի հետ, փորձել նրանց օգնել:  Այսօր էլ, անողոք դառնությամբ լցված օրերին հենց Վահեն է իրեն ուժ տալիս ոչ միայն ապրելու, ուժեղ լինելու, այլև օգնելու մարդկանց՝ դա իր որդու առաքելությունն էր, նպատակն էր կյանքում և  ինքն այսօր պարտավորված է այն իրագործելու…

 

 

«Վահեն ինքն էլ ուզում էր զինծառայությունից հետո հասարակական գործունեությամբ զբաղվել, ուզում էր նաև օգնել ինձ մեր բիզնեսում, տարբեր ծրագրեր ուներ: Բայց կյանքն իր պլաններն ուներ»…

 

 

«Հավերժ»-ի միտքը ծնվել է Եռաբլուրում

 

 

Շատ ծնողների, քույրերի, կանանց  համար Եռաբլուրը, որը պատերազմից մեկ տարի անց էլ, ցավոք, շարունակում է նոր տարածքներ նվաճել, դարձել է երկրորդ տունը: Օրվա ցանկացած ժամի այստեղ մարդաշատ է, խնկաբույրը թևածում է մշտապես: Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս տիկին Կարինեն փորձել է մոտենալ որդեկորույս այլ մայրերի, կանանց և սփոփել նրանց վիշտը, թեև ինքն էլ նույն վիճակում էր: Եվ օրերից մի օր հենց Եռաբլուրում  ծնվեց «Հավերժ» նախաձեռնության  միտքը…

 

 

«Ինչ-որ պահից հասկացանք, որ մեր ցավը մի փոքր կմեղմվի, եթե ծանոթանանք ու միավորվենք: Մենք կարծում ենք, որ միանման ցավ ունեցող մարդիկ իրար ամենալավն են հասկանում և ամենաճիշտ ձևերն են գտնում միմյանց օգնելու: Վստահ եմ, որ մեր որդիներին, ամուսիններին չտված սերն ու ջերմությունը կարող ենք փոխանցել այլ մարդկանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն»,- ասում է տիկին Մուրադյանը:

 

 

Այսօր «Հավերժ»-ը համախմբում է 200-ից ավելի մայրերի ու կանանց, որոնք կորցրել են իրենց հարազատներին 2020 թվականի պատերազմում:

 

 

Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է հանդիպումներից,  որոնց ընթացքում մարդիկ  ծանոթացել են միմյանց հետ, կիսվել բոլորին միավորող ցավով ու հույզերով: Այնուհետ հանդիպումները դարձել են պարբերական, ինչը հասկանալի է՝ հերոս նահատակների ծննդյան օրերն են, հիշատակի օրերը, մայրերը մեկը մյուսին ուժ տալով անցնում էին հիշողության այդ ճանապարհով: Անցած ամիսների ընթացքում որդեկորույս մայրերը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, այդ թվում և հոգեբանների հետ: Տիկին Մուրադյանն ասում է, որ «Հավերժ»-ը  կարողանում է լիարժեք ծառայել այն նպատակին, որը դրել էր իր առջև ստեղծման օրվանից՝ օգնել և աջակցել:

 

 

Մի օր էլ պարզվեց, որ իրենց փորձը ոգեշնչել է Երևանի քաղաքապետարանին և արդյունքում սեպտեմբերից «Հավերժ» ՀԿ-ի որդեկորույս 13 մայրեր սկսեցին Երևանի տարբեր համայնքներում աշխատել որպես սոցիալական աշխատողներին հավասար խորհրդատուներ:

 

 

Երևանի վարչական շրջաններում աշխատող կանայք հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել, որպեսզի կարողանան խորհրդատու աշխատել պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ։ Բացի այդ, ասում է մեր զրուցակիցը, կանանց հետ աշխատել են հոգեբանները՝ սթրեսի կառավարման դասընթացներ են անցել, որոնց  արդյունքում 60-ից ավելի դիմած կանանցից միայն 13-ն են ստացել սերտիֆիկատ:

 

 

Ծրագիրը դեռ պիլոտային է և մինչև տարեվերջ արձանագրված արդյունքներից է կախված՝ կշարունակի Երևանի քաղաքապետարանը այն ֆինանսավորել, թե ոչ, բայց հստակ է. «Հավերժ» ՀԿ-ն այլևս ունի իր ուղին՝ հերոսների հիշատակը հավերժ է և կյանքի դժվար պահերին միմյանց օգնելն էլ հավերժ  առաքելություն է…

 

 

Լիա Խոջոյան

 

 

 

Դիտումների քանակը` 1915

Գլխավոր էջ