Լիլիթ Ղարիբյան. «Կարծում եմ, կանայք ոգևորում և մոտիվացնում են միմյանց»

 

Մասնագիտությամբ  մանկավարժ Լիլիթ Ղարիբյանը, ով ամուսնու հետ բնակվում էր Երևանում, մի օր որոշում ու աղմկոտ երևանյան առօրյան փոխարինում են հարակից Եղվարդի խաղաղ, բայց ակտիվ գյուղատնտեսական կյանքով: Պատճառը նորարարական գաղափարն էր. որոշել էին զբաղվել իր տեսակով եզակի ու Հայաստանում դեռևս մասսայականություն չվայելող գյուղատնտեսական ճյուղով՝  ջայլամաբուծությամբ:

 

 

«Ուզում էինք  ապրել որևէ հանգիստ տեղ, որը կլիներ Երևանից դուրս, բայց և քաղաքին մոտ  ու պարզապես զբաղվել ըտանեկան բիզնեսով: Ինչո՞ւ ջայլամաբուծություն, որովհետև  սիրում ենք զբաղվել այնպիսի գործով, որ տարբերվող է.  չենք սիրում կրկնել ուրիշին»,- պատմում է Լիլիթը WomenNet.am-ի հետ զրույցում:

 

2018-ին ընտանիքը գնում է առաջին 13 ջայլամներն ու անցում գործի: Ջայլամի մսի օգտակար հատկությունների մասին իրազեկման շարունակական աշխատանքների ընթացքում աստիճանաբար սկսում է պահանջարկ ձևավորվել, ինչն էլ դառնում է գործունեության ընդլայնման խթան:Ջայլամի մսի վաճառքին զուգահեռ, սակայն, սկսում է կուտակվել մեծ քանակությամբ ջայլամի յուղ, որը հնարավոր չէր լինում իրացնել:

 

 

Հենց այդ փուլում է, որ Լիլիթն սկսում է ակտիվ փնտրտուքը, հասկանալու համար, թե ի՞նչ օգտակար հատկություններ ունի ջայլամի յուղն ու ո՞ր ոլորտներում կարելի է այն կիրառել:

 

 

«Երբ համացանցում պրպտեցի ու գտա ջայլամի յուղի մասին ծավալուն տեղեկատվութուն, որում ասվում էր, թե որքան արժեքավոր ու օգտակար է այն, մի փոքր թերահավատորեն մոտեցա: Որոշեցի ինքս փորձել,- հիշում է Լիլիթը,- երկար փորձարկումներից  հետո գտա յուղի մշակման տարբերակը: Մշակեցի ու սկսեցինք փորձարկել օգտակար հատկությունների ազդեցությունը  հոդացավի, մկանային ցավի, կրունկների ճաքճքվածութուն, մազաթափություն, կնճիռների հարթեցման, դեմքի մաշկի  բարելավման ու այլ ուղղություններով… »:

 

 

Փորձարկումների առաջին սուբյեկտները դառնում են ընտանիքի անդամներն ու մտերիմները: Տարբեր խնդիրներով մարդկանց մաշկի վրա պրակտիկայում փորձելով ջայլամի յուղի օգտակար հատկությունները, Լիլիթը եզրահանգում է՝  համացանցում ներկայացված օգտակարության մասին տեղեկատվութունը համապատասխանում է իրականությանը:

 

Ջայլամի յուղն արտադրական տեսքի բերելուն զուգահեռ Լիլիթը նաև կոսմետոլոգիայի պրակտիկ կուրսեր է անցնում և փորձում ամբողջացնել խնամքի միջոցների ընտրանին, ստեղծելով նաև  օճառներ, սկրաբներ, շամպուններ, դիմակներ…

 

 

Ապրանքատեսակների ստեղծման գործընթացը Լիլիթին հեշտ չի տրվել:

 

 

«Հումքի հայթայթումը իմ ճանապարհին հանդիպած ամենամեծ դժվարությունն էր: Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացա բազմաթիվ փորձարկումներից ու ձախողումներից հետո ստանալ այն, ինչ ուզում եմ: Այդ ընթացքում նաև բավականաչափ հումք փչացրեցի»,- ժպտում է Լիլիթը, հիշելով, որ յուրաքանչյուր ձեռնարկումից ու ձախողումից հետո իր կողքին է եղել ամուսինը, ով բոլոր պարագաներում վստահեցրել է՝ պետք է կրկին փորձել և կհաջողի:

 

 

«Ամուսնուս աջակցությունը շատ մեծ է եղել: Ամեն անգամ, երբ ես ասում էի՝ նման միտք ունեմ, միանգամից ասում էր՝ բեր անպայման փորձենք: Հավատում  էր ու քաջալերում ամեն հարցում:  

 

 

2018-ի ամռանը՝ խնամքի միջոցները փորձաքննություն անցնելուց ու  համապատասխան հավաստագիր ստանալուց անմիջապես հետո Լիլիթն  սկսում է ակտիվորեն զբաղվել  «Էկոֆերմա» ապրանքանիշի տակ ներկայացվող խնամքի միջոցների վաճառքով: Վաճառքի առաջին հարթակը սոցիալական ցանցերն էին, ապա՝ մարզային դեղատները:

 

Այժմ «Էկոֆերման» ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև օնլայն պատվիրման ու առաքման համակարգ: Լիլիթը վստահ է՝ հաջողություննները, որոնք գրանցել են գործունեության 3 տարիների ընթացքում,  ամենօրյա  տքնաջան աշխատանքի ու արտադրանքի բարձր որակի արդյունք է:

 

 

 

«Մաշկի խնամքի միջոցներ պատրաստելն ու վաճառելը մեծ պատասխանատվություն է պահանջում: Նույնիսկ բոլոր փորձաքննություններն անցնելու ու բոլոր  նորմատիվները պահպանելու դեպքում ամեն վաճառքից հետո ես սրտի թրթիռով սպասում եմ յուրաքանչյուր սպառողի արձագանքին»,- անկեղծանում է Լիլիթը:

 

 

Ջայլամի յուղի հիմքով  խնամքի միջոցների պատվիրատուները նորածնային տարիքի երեխաների մայրիկներն են, նաև՝ կանայք, տղամարդիկ, տարեցները:

 

 

Երեք տարիների գործունեության ընթացքում գրանցվել է արտադրանքի վաճառքների ցուցանիշի  շարունակական  դինամիկ աճ: Այն կանգ է առել միայն 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին: Այդ շրջանում ի թիվս բազմաթիվ ընկերությունների, «Էկոֆերման» ևս փորձել է օգտակար լինել առաջնագծում կանգնած զինվորին՝ պարբերաբար սահման ուղարկելով իր արտադրանքը:

 

 

Այսօր ընկերությունն ունի 25 անուն արտադրատեսակ: «Էկոֆերման» առաջիկայում ներկայացված կլինի նաև արտերկրում: Կին ձեռներեցը վստահ է՝ արտադրանքի նման լայն տեսականիով  կկարողանան գրավել նաև արտերկրի շուկաները:

 

 

Եղվարդում ջայլամաբուծության, խնամքի միջոցների արտադրամասի աշխատանքներում ներգրավված են նաև տեղացիները: Եղվարդցիների առօրյան ակտիվացել է  հատկապես ընկերության կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունների՝ ջայլամի յուղից օճառների պատրաստման վարպետաց դասերի, ջայլամներին տեսնելու ու խնամելու եկող զբոսաշրջիկների մեծ հոսքի շնորհիվ:

 

 

 

«Մեծ թվով տուրիստներ ենք ունենում, որն ինչ-որ չափով նպաստում է նաև համայնքային կյանքի ակտիվացմանը:Կարծում եմ, մեր գործունեության շնորհիվ նաև մոտեցումներ են փոխվում Եղվարդում»,- ասում է զրուցակիցս:

 

 

 

Մատուցվող ծառայությունների ցանկին 2022-ից կավելանա նաև ջայլամի մսից ուտեստների պատրաստման ռեստորանային ծառայությունների առաջարկը:Սա հնարավորություն կտա առավել մեծ թվով տեղացիների ապահովել աշխատանքով, ինչպես նաև կխթանի զբոսաշրջիկների հոսքի աճը:

 

 

 

Լիլիթը վստահ է՝ կանայք կարող են հաջողել, իսկ կանանց հաջողությունները կարող են մոտիվացնել ու քաջալերել  այլ կանանց:

 

 

 

«Գլուխ չգովեմ, բայց շատ կանանցից եմ լսել, որ իմ  հաջողությունը  մոտիվացիա է  հանդիսացել իրենց համար թեկուզ օճառագործության ոլորտում: Շատ է պատահում, որ դիմում են, բնականաբար, օգնում եմ, ինչով կարողանում եմ: Հետո գրում են՝ ձեզնից ոգևորվեցինք, մենք էլ ենք արտադրություն սկսել: Կարծում եմ, կանայք ոգևորում են միմյանց,- ասում է Լիլիթն ու հիշում,-երբ ես էի սկսել, բավականին դժվարությունների էի հանդիպում: Հիմա ուզում եմ օգնել ինձ դիմող կանանց, որպեսզի նրանք հնարավորինս շրջանցեն այդ դժվարությունները»:

                                                                                                                 

 

   Գայանե Սարգսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1369

Գլխավոր էջ