Կանայք ընտրություններում հաջողության չհասան

 Կիրակի օրը հանրապետության 5  մարզերի` Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի,  16 համայնքներում  տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

 

Ինչպես տեղեկացրել էր WomenNet.am-ը համայնքապետի պաշտոնի համար պայքարող 31 թեկնածուներից ընդամենը երկուսն էին կանայք: Համեստ Տեր-Ավագյանը պայքարում էր Լոռու մարզի Սարամեջ համայնքը ղեկավարելու համար, իսկ Գոհար Հովհաննիսյանը` Արմավիրի մարզի Այգեկ համայնքապետ դառնալու համար:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները: Դրանց համաձայն երկու համայնքներում էլ կանայք հաջողության չեն հասել:

 

Այսպես, ՀՀԿ անդամ Համեստ Տեր-Ավագյանը, ում սակայն կուսակցությունը չէր սատարում,  ստացել է 45 քվե, իսկ ՀՀԿ-ական գործող գյուղապետն Հայկ Հովհաննիսյանը 372 քվե: Հենց նա էլ կշարունակի կառավարել համայնքը: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 422 ընտրող:

 

Արմավիրի մարզի  Այգեկ համայքնում քվեարկությանը մասնակցել է 580 ընտրող: Նրանցից միայն 35-ն է ձայն տվել անկուսակցական Գոհար Հովհաննիսյանին: 543 քվեով ընտրվել է ՀՀԿ-ական գործող գյուղապետը` Վարուժան Աբրահամյանը:

 

Հիշեցնենք, որ  Հայաստանում կին քաղաքապետեր չկան , իսկ 866 գյուղական համայնքներից  միայն 24-ն են ղեկավարում կանայք:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2961

Գլխավոր էջ