Իննա Սարգսյան. «Հոգով-մտքով մնացել եմ  Հադրութում»

 

Hadrut’s Bakeryին հիշեցնում է արցախյան  խոհանոցի  համն ու հոտը

 

 

Հադրութցի Իննա Սարգսյանը տաս  օր շարունակ ապրել է  ռումբերի տարափի  տակ, ու թեև  շարունակում էր ապրել ու աշխատել, սակայն լուրեր էին  հասնում,  թե թշնամին  շատ մոտ է ու հարկադրված են  լինելու հեռանալ քաղաքից: Շարունակվող սաստիկ  ռմբակոծությունները Իննային ստիպում են գալ Հայաստան,  հույսով, որ  մի քանի  օր անց  կվերադառնա  հարազատ ծննդավայր: Բայց Իննան ու իր  ընտանիքը մեկընդմիշտ կորցրեցին սիրելի քաղաքը, տարիների ընթացքում ստեղծած ողջ ունեցվածքը՝ երկհարկանի տուն, մեծ հողամաս, ջրի շշալցման արտադրամաս,  խանութներ…

 

 

-Երկու զավակ ունեմ, տղաս սովորում և աշխատում է Գերմանիայում,  մասնագիտությամբ  երաժիշտ է, դուստրս Երևանի պետական  համալսարանի ուսանողուհի է: Կարողություն ունեինք, երկու խանութ, ամուսնուս  հետ պատրաստվում էինք  երրորդ  խանութը բացել,  բայց  պատերազմը  խափանեց մեր  ծրագրերը: Հոկտեմբերի 3-ին ամուսինս  մնաց Հադրութում, ես վերցրի անձնագիրս ու եկա Երևան: Կարճ  ժամանակ անց Երևան եկան  նաև հարազատներս ու բարեկամներս, բոլորս  միասին՝ 25 հոգով մնում էինք Զեյթուն թաղամասում  գտնվող  մի տանը: Երբևէ  մտքովս  չէր անցնի, որ  Հադրութը կհանձնվի ադրբեջանցիներին, սակայն երբ  համոզվեցինք, որ կորցնում ենք այն, խանութի  մթերքները բաժանեցինք ու դուրս եկանք -WomenNet-ի  հետ զրույցում   պատմում է Իննա Սարգսյանը:

 

 

Իննան  դեռ  մանկուց զբաղվել է  հրուշակագործությամբ, սիրել է պատրաստել  համեղ թխվածքներ, ուտեստներ: Ամեն  անգամ ծանոթ-բարեկամներին  զարմացնում ու հիացնում էր  նոր ու տեսակ-տեսակ  համեղ ուտեստներով: Հաճախ էլ նոր բաղադրատոմսեր էր  հնարում  :

 

 

Խմորեղենի սեփական արտադրամասում աշխատում էր քրոջ հետ, տեսականին  բազմազան էր՝ խաչապուրի, ժենգյալով  հաց, տորթ, մածնով ղարաբաղյան փախլավա…

 

 

Իննայի  խոսքով որակյալ արտադրանքի ու  պարտաճանաչության շնորհիվ երկու տարի  շարունակ համարվել են Հադրութի լավագույն  հարկատուն:

 

Երևանում  մշտապես  տեղավորվելուց  հետո առաջին  օրերին  ծանր մտորումները  հանգիստ  չէին  տալիս Հադրութից գաղթած  գերդաստանին: Պատահել է, որ  հացի սեղանի  շուրջ  նստել,  բայց ուտել  չեն  կարողացել,  սեղանն  ինչպես  գցել, այնպես էլ  հավաքել են: 

 

 

15 օր մնալով առանց աշխատանքի անց Իննան որոշում է աշխատանք փնտրել: Հրուշակեղենի մի արտադրամասից ստացավ աշխատանքի առաջարկ, սակայն  կարճ  ժամանակ անց որոշեց շարունակել փնտրտուքը, թեև արտադրամասի  տնօրենից  գոհ էր: Փնտրեց ու Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների  խաչմերուկում  գտավ սրտաբաց մի  տարածք: Այսօր վաղ առավոտից այս  փոքրիկ խոհանոց-խանութից Իննայի և քրոջ հմուտ ձեռքով  պատրաստած, դոշաբով փախլավայի, տորթերի, ու  էլի զանազան  տեսակի անուշեղենի  բուրմունքն է  տարածվում, ավելացնելով  պատվիրատուների թիվը: Գնորդներից  մեկը պատվիրեց ժենգյալով հաց, և այդ  պահից սկսած ժենգյալով  հացը համալրեց Hadrut’s Bakery  հրուշակեղենի տեսականին:

 

Առանձնակի  պահանջարկ վայելեց Իննայի թթխմորով թխած,  յուրահատուկ  թթվաշ  համով դիետիկ հացը, որն  իր մեջ  շատ գաղտնիքներ է պարունակում, քանի որ թթխմորի հասունացումը կախված է  վարպետի ձեռքից ու պահը որսալու  հմտությունից: Այդ  հացի  համար  անգամ  հերթ է  գոյանում:

 

 

Իննայի  խոսքով իրենց ամենամեծ  օգնականը  ArmeniaՎորլդ Վիժն  կազմակերպության  կողմից աջակցության  նպատակով տրամադրած հարիչն է, որի  համար երախտապարտ է  կազմակերպությանը:  Օգտվել է նաև պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների համար  աջակցության մեկ այլ ծրագրից:

 

 

Իննան  նպատակ ունի ընդլայնել երևանցիներին անհայտ  արցախյան  խոհանոցի տեսականին, մեծացնել  տարածքը,  ինչու չէ՝ բացել  սրճարան, որտեղ  մարդիկ  տեղում  կհամտեսեն  իրենց  պատրաստած անուշեղենը,  կզրուցեն, հաճելի  ժամանակ կանցկացնեն:

 

 

-Ինձ  համար աշխատանքն ապրուստի միջոցից բացի  նաև սփոփանք է, կորստի ցավը մեղմացնող  միջոց: Պատվերները շատ են,  պատահել է, որ  քույրիկիս  հետ աշխատել ենք  մինչ  լուսաբաց, սակայն  հոգնածություն չեմ  զգացել:

 

 

Իննայի խոսքով  միայն աշխատելը  բավարար  չէ, հարկավոր է  ընդլայնել  շփումները, մասնակցել երբեմն  կազմակերպվող ցուցահանդեսներին,  ձեռք  բերել  գործընկերներ:

 

 

Նման  հնարավորություն էր  վերջերս  բացված Armenia-EXPO 2021  ցուցահանդեսը, որտեղ  Hadrut’s Bakery-ի արտադրանքը  ներկայացնում էր Իննայի դուստրը՝ Քրիստինեն:

 

 

 

 

– Երազում եմ  ընդլայնել ընտանեկան  բիզնեսը, աշխատողներ ունենալ, երիտասարսդ աղջիկներին հասու դարձնել  խոհանոցային  գաղտնիքներին: Երազում եմ  նաև Հադրութն ազատագրված  տեսնել, բայց ոչ  հազարավոր զոհերի  գնով, այսօր ինձ ավելի շատ  մտահոգում է Հայաստանի անվտանգությունը: Ցանկանում եմ  խաղաղություն  լինի, յուրաքանչյուրս  մեր աշխատանքով հզորացնենք Հայաստանն ու Արցախը,-ասում է Իննան:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1891

Գլխավոր էջ