Նոր կյանք՝ հին հագուստին․ պատմություն այն մասին, թե ինչպես Սպիտակում ծնվեց «Քաշմիր»-ը
«Փոքր տարիքում քրոջս հետ հագուստ էինք կարում տիկնիկների համար։ Արդեն դպրոցական տարիներին սկսեցի իմ հագուստը ձևափոխությունների ենթարկել։ Տարբեր ամսագրերում գեղեցիկ հագուստ կամ պայուսակ էի տեսնում, փորձում էի մայրիկի օգնությամբ նմանատիպ մի բան ստանալ»,– հիշում է Նունե Ալավերդյանը, ով երկու ամիս առաջ հիմնել է հագուստի վերամշակման իր բիզնեսը, որը նորարարական լինելուց բացի, սոցիալական բաղադրիչ ունի։
Փոքր ժամանակ երազում էր դերասանուհի դառնալ, բայց ծնողների որոշմամբ ընտրեց լեզվաբանի մասնագիտությունը։ Դեռ ոչ շատ վաղուց առցանց դպրոցում անգլերեն էր դասավանդում, անհատական պարապմունքներ անցկացնում, աշխատում հասարակական ոլորտում։ Մինչև մի օր որոշեց հետևել սրտի թելադրանքին ու զբաղվել սիրելի գործով՝ հագուստի վերամշակմամբ․
«Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ իմ հին հագուստը այս կամ այն կերպ ձևափոխելը։ Տանում էի տարբեր դերձակների մոտ, խնդրում, որ վերամոդելավորեն իմ ասած ձևով։ Երբեմն ասում էին՝ հետաքրքիր բան ես մտածել, բայց աշխատատար է, երկար ժամանակ է պետք, բայց ի վերջո ստացվում էր։
Մեծ բավարարվածություն էի զգում, երբ տեսնում էի, որ հնարավոր եղավ հագուստիս նոր կյանք տալ։ Ծնողներս, ընկերներս շատ հավանում էին, անծանոթներն էլ հետաքրքրվում էին, թե որտեղից եմ գնել, որ իրենք էլ ձեռք բերեն․ չէին մտածում, որ հին հագուստ է»,– ասում է Նունեն։
Չնայած, որ հագուստի հետ աշխատանքը վաղուց էր հոբբի դարձել, որպես բիզնես գաղափար այն առավել շոշափելի դարձավ պատերազմից հետ․
«Պատերազմի օրերին հագուստ էինք հավաքագրում մարդկանց օգնելու համար։ Տեսա, որ շատ մարդիկ ունեն հագուստ, որը տարիներով չեն օգտագործում ու պատրաստ են նվիրաբերել։ Կար նաև հագուստ, որն անհնար էր այդ նույն վիճակում տալ որևէ մեկի․ լավ վիճակում էր գտնվում, բայց պետք էր որոշակի աշխատանք տանել։ Մտածեցի, որ եթե լինի մեկը, ով կհավաքագրի հագուստը, դրա դիմաց մարդկանց կվճարի ու կկազմակերպի վերամշակման գործընթացը, հնարավոր կլինի օգտագործված հագուստից «նոր» հագուստ ստանալ։ Այդ ժամանակ գաղափարն ավելի ամրապնդվեց»,– հիշում է նա։
Մինչև 2021 թ․–ն աշխատում էր հասարակական սեկտորում, այնուհետև տանից՝ մինչ ուշ երեկո, լեզվի առցանց դասեր վարում։ Շատ էր հոգնում համակարգչից։ Տարեսկզբին աշխատավայրում փոփոխություններ եղան, պետք է ստանձներ նոր պարտավորություններ, ինչը ենթադրում էր ավելի շատ ժամանակ՝ համակարգչի դիմաց։ Այդ ժամանակ որոշեց թողնել աշխատանքը, մի փոքր հանգստանալ ու մտածել նոր հորիզոններ գրավելու մասին․
«Սակայն մի օր հանդիպեցի «ՀԿ կենտրոնի» հայտարարությունը, որոշեցի դիմել։ Ծրագիրը համավարակի պատճառով աշխատանքը կորցրած այն երիտասարդների համար էր, ովքեր ուզում են բիզնես հիմնել։ Սկզբում մտածում էի, որ չեմ համապատասխանում ծրագրին, քանի որ քովիդով պայմանավորված չեմ կորցրել աշխատանքս։ Ամեն դեպքում որոշեցի դիմել, փորձ ձեռք բերել, բայց չէի կարծում, թե ծրագիրս հաղթող կճանաչվի։ Դիմեցի, մասնակցեցի դասընթացներին։ Հետոն ինձ համար բավականին բարդ էր․ բիզնես ոլորտում փորձ չունեի, բայց պետք է ներկայացնեի ծրագիր։ Շատ նրբություններ կային, որոնց չէի տիրապետում։ Մենթորների օգնությամբ կազմեցի ծրագիրն ու ներկայացրի։ 18 ծրագրից երկուսը պետք է ընտրվեին։ Հաղթողներից մեկը ես եղա։ Դրամաշնորհը 1 մլն դրամ էր։ Ստացա այն, ձեռք բերեցի գույք՝ կարի մեքենաներ, արդուկ և այլն։ Որոշեցի, որ ինքս պետք է սովորեմ հագուստ մոդելավորել ու կարել։ Ծրագրի աջակցությամբ անցա եռամսյա վերապատրաստում։ Չեմ կարող ասել, թե արդեն մասնագետ եմ ու լիովին տիրապետում եմ գործընթացին։ Սա գաղափարի փորձարկման ընթացք է ինձ համար»,– ասում է Նունեն։
Խոստովանում է՝ ծրագիրը ներկայացնելիս չէի պատկերացնում, որ այդքան դժվար կլինի այն իրագործել։ Պարզվեց, որ նոր կտորից հագուստ ստանալն ավելի հեշտ է, քան եղածը վերամշակելը։ Մարտահրավերները շատ են, այդ թվում՝ փորձի պակասն ու միայնակ գործելը, սակայն Նունեն այս ամենից չի վախենում։ Փորձում է փոքր քայլերով, ամեն օր նոր բան սովորելով՝ առաջ գնալ․
«Եթե հիմա գրեի նույն ծրագիրը, գումարն այլ կերպ կծախսեի, օրինակ՝ աշխատակցի վարձատրության համար։ Բայց քանի որ զրոյից էի սկսում, կարիքներ շատ կային։ Երբ տեսնեմ, որ բիզնեսն արդեն քիչ, թե շատ կայացած է, վաճառքի ծավալներն աճում են, կփորձեմ ունենալ առնվազն մեկ աշխատակից, ով ինձ կօգնի կազմակերպել «Քաշմիրի» աշխատանքները»,– խոստովանում է նա։
Ինչևէ, արդեն շուրջ երկու ամիս է, ինչ Նունե Ալավերդյանի «Քաշմիր»-ը գործում է սիրելի քաղաքում՝ Սպիտակում։ Օգտագործված հագուստ է գնում, ուղարկում քիմմաքրման, հետո վերամոդելավորում այն ու վաճառում, երբեմն էլ բարեգործություն անում․
«Այս ընթացքում շատ-շատ հագուստ է հավաքագրվել։ Հիմա էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են «Քաշմիրին» հագուստ տրամադրել՝ վաճառել կամ նվիրաբերել։ Վերամոդելավորված հագուստի վաճառքը տեղում ենք կազմակերպում, ինչպես նաև փոստային առաքմամբ։ Դեռ նոր ենք, մեծ հաջողություններ չունենք։ 5-6 հագուստ և 2 կտորե պայուսակ է վաճառվել երկու ամսվա ընթացքում։ Գնորդներից մեկը Սպիտակից է եղել, մյուսները՝ Օձունից, Վանաձորից ու Երևանից։ Կարծում եմ, եթե տեսականին մեծացնենք, վաճառքն էլ շատ կլինի։ Իսկ այս պահին ամեն հագուստից մեկ օրինակ ունենք։ Մտածում եմ նաև փոքրիկ խանութ ունենալու մասին»,– ասում է սկսնակ գործարարը։
Նունեն ասում է, որ հայրենի Սպիտակում շատերը հասկանում են՝ ինչով է զբաղվում, ընդունում են, որ լավ գաղափար է։ Մի մասն էլ մտածում է, որ չաշխատող գաղափար է։ Ինքն այդ ամենից չի հուսահատվում․ ցանկացած նոր բան, որի մասին մարդիկ չգիտեն, դժվարությամբ են ընկալում, ընդունում․
«Սկզբում ասում էին՝ ոչ ոք չի վաճառի իր հագուստը, հնարավոր չէ ձեռք բերել մեծաքանակ օգտագործված հագուստ։ Դժվար էր նաև մարդկանց բացատրել, որ վերամշակվածը ոչ թե վատ վիճակում գտնվող հագուստ է կամ second hand, այլ օգտագործված հագուստի կտորից ստացված նոր հագուստ։ Հիմա ուզում ենք փոխել մեր ռազմավարությունն ու օգտագործված հագուստի կտորից ստանալ կտորե պարագաներ՝ բռնիչ, գոգնոց և այլն։ Կարծում եմ՝ այդ պարագաները մարդիկ կգնեն առանց մտածելու, ավելի դրական վերաբերմունք կունենան, քան հագուստի պարագայում։ Իհարկե, հակառակ մոտեցումը ևս հասկանալի է․ մարդիկ ցանկանում են կրել նորը։ Հագուստն ու էկո պայուսակները արդեն իսկ կարվում են նոր՝ չօգտագործված կտորից։ Հայաստանում դեռևս զարգացած չէ վերամշակման մշակույթը։ Մենք կարողանում ենք ամեն ինչ աղբ դարձնել։ Հաճախ եմ տեսնում, որ աղբի մոտ թափված է հագուստ, կոշկեղեն։ Չեն մտածում, որ կարող են այդ հագուստը տանը կրել, այլ կտորե պարագա կարել դրանից կամ որևէ այլ կերպ օգտագործել։ Եվ նաև չեն կարծում, որ դրանով բնությանը մեծ վնաս են հասցնում,– ասում է Նունեն ու ավելացնում,– Իմ ուսումնասիրությունների ընթացքում պարզել եմ, որ նորաձևությունն աշխարհում երկրորդ աղտոտողն է համարվում․ արևի տակ մնացած հագուստը ջերմոցային գազեր է արտադրում։ Ի դեպ՝ դրանք արտադրվում են նաև տանը՝ սենյակային ջերմաստիճանի պարագայում»։
«Քաշմիրը», բացի նորարարական բիզնես գաղափար լինելը, ունի նաև սոցիալական բաղադրիչ․ Հագուստի մի մասը նվիրաբերվում կարիքավոր ընտանիքներին։ Հագուստը, որ մարդիկ ոչ թե վաճառում, այլ նվիրում են Նունեին, փոխանցվում է կարիքավոր ընտանիքների։ Բացի այդ՝ «Քաշմիրում» հավաքագրել են մեծաքանակ հագուստ, որը նախատեսել են տրամադրել Վանաձորում գործող ցերեկային կենտրոնին։ Բարեգործական նպատակով տրամադրվող հագուստը ևս անցնում է քիմմաքրում։
Ապագայում Նունեն ծրագրում է խորացնել գիտելիքները բիզնեսի կառավարման ոլորտում, ինչպես նաև՝ զարգացնել «Քաշմիրը»։ Ասում է՝ որոշակի ֆինանսական աջակցության դեպքում՝ դա անելն ավելի հեշտ կլինի։ Բայց, միևնույն է, գալիք մարտահրավերները ևս չեն վախեցնում Նունեին։
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 845