Անժելա Դայան. « Փորձեք գտնել ձերը` այն, ինչն ամենալավը կարող եք անել…»
Համավարակի ծանր օրերին 32-ամյա Անժելա Դայանն անցել է բազմաթիվ դժվարությունների միջով՝ չխնայելով ջանքերն ու ժամանակը իր բիզնես գաղափարը հաջողության հասցնելու և ԴԱՅԱՆ ապրանքանիշով իր արտադրանքը ճանաչելի դարձնելու համար: Նախաձեռնած գործում նորարարական մոտեցումները համադրելով անհատականի հետ, փորձում է ստանալ եզակի արդյունք՝ յուրաքանչյուր հաճախորդի համար: Ասում է՝ Հայաստանում հաճախորդին հենց դա է պակասում, ինչը հնարավորություն կտա լինել ոչ միայն նորաձև, այլև ունենալ անհատական ընդգծված ոճ:
Հելունագործ պայուսակներ, զգեստներ, կանացի ու տղամարդու վերնազգեստներ, շարֆեր, գլխարկներ ու նույնիսկ դրամապանակներ. սա այն ամենն է, ինչը շուրջ երկու տարի պատրաստվում է ԴԱՅԱՆ ապրանքանիշ մակնշմամբ:
Աշխատելով տարբեր սեռի ու տարբեր տարիքային խմբերի հետ, Ա. Դայանը եկել է եզրահանգման՝ յուրաքանչյուրն իր ոլորտում կարող է և պետք է ներդնի ջանքեր՝ քարացած կարծրատիպերը կոտրելու, ոլորտին նոր գույն ու նոր մոտեցում հաղորդելու համար: Առավել ևս դա վերաբերում է նորաձևությանը, որն ինքնին նորարար ոլորտ է…
« Երբ հասկացա, որ ուղղակի խեղդվում եմ, ամեն ինչ որոշեցի փոխել»
Միշտ մտածել եմ, որ մի օր իմ սեփական բիզնեսն եմ ունենալու: Դեռ տարիներ առաջ էի որոշել՝ ինչ բիզնես էլ հիմնեմ, անունը լինելու է ԴԱՅԱՆ: Ազգանունը մայրիկինս է, ում նախնիները Վանից են: Այդ առումով ԴԱՅԱՆ-ն ինձ համար ուղղակի բինգո էր. և՛ հայկական էր, և՛ կարճ ու հիշվող, և՛ գեղեցիկ: Միշտ ցանկացել եմ ունենալ իմ գործը, բայց երբևէ չեմ պատկերացրել, որ դա կարող է լինել հելունագործությունը:
Մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ, ավարտել եմ կոնսերվատորիայի մագիստրատուրան, զբաղվել եմ մանկավարժական գործունությամբ, բայց հետո հասկացա, որ մանկավարժությունն այնքան էլ իմը չէ: Որոշ ժամանակ աշխատում էի խաղատանը: Ուզում էի դուրս գալ աշխատանքից, բայց երկար ժամանակ չէի կարողանում: Ֆինանսականն ինձ թույլ չէր տալիս. բավականին բարձր էի վարձատրվում:Ինձ վրա շատ մեծ պատասխանատվություն կար. ընտանիքս էի պահում: Հասկանում էի, որ ամեն ինչ վատ է, ավելի վատ չի կարող լինել: Եկավ մի պահ, որ հասկացա՝ ուղղակի խեղդվում եմ այդ ճահճում: Որոշեցի, որ ինչ գնով էլ լինի, պետք է դուրս գամ, որ ավելի լավ է քիչ վաստակեմ կամ չվաստակեմ, բայց խիղճս հանգիստ լինի…
Հոբիից՝ բիզնես
Ուզում էի ինչ-որ բանով զբաղվել: Մինչ այդ ձեռքի հետ ինչ-որ բաներ էի գործել, բայց չեմ էլ մտածել, որ կարող եմ նման ապրանքներ գործել ու վաճառել: Յութուբով նայեցի, թե ինչպես են հելունով պայուսակ գործում ու պատրաստեցի ինձ համար: Իմ ֆեյսբուքյան էջում կիսվել էի, ընկերներս շատ էին հավանել: Ու ստացա առաջին պատվերը: Շատ անհանգիստ էի, չգիտեի՝ կստացվի՞, թե՞՝ ոչ: Երեք գիշեր չքնեցի, մինչև պատրաստեցի:
Սկզբնական շրջանում մրցակցությունից շատ էի վախենում: Հետո հասկացա, որ եթե մարդիկ նույնիսկ նույն իրից պատրաստեն, միևնույնն է, ձեռագրերը տարբեր են լինում և յուրաքանչյուրը գտնում է իր հաճախորդին: Հիմա երևի կարող եմ ասել, որ ոչնչից չեմ վախենում…
Առաջին բացթողումը. վարկանիշը գերակա է
Մի անգամ ամբողջ պայուսակը գործեցի, կարեցի, մետաղական մասերն ամրացրեցի, ավարտեցի ու հանկարծ տեսա, որ ներքևի շարքերում մի փոքրիկ սխալ եմ արել: Ասես աշխարհը շուռ եկավ գլխիս…Ում ցույց էի տալիս, չէր նկատում այդ վրիպակը: Կարծես կարող էի այդպես էլ վաճառել, բայց երբ պատկերացրի, որ գնորդը մի օր հանկարծ կարող է նկատել այդ փոքրիկ բացթողումն ու մտածել, որ ես իմ գործին լուրջ չեմ վերաբերվել, որոշեցի քանդել պատրաստի պայուսակն ու ամեն ինչ անել նորից:
Ապրանքանիշիս վարկանիշը չափազանց կարևոր է ինձ համար:
Հաջողության գրավականը
Միշտ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե նույնիսկ այսօր լավ չէ, վստահ եմ, որ վաղը լավ է լինելու: Միշտ այդպես եմ տրամադրվում ու միշտ հավատացել եմ ինքս ինձ ու իմ արած գործին: Վստահ եմ եղել, որ այն, ինչ անում եմ, լավ եմ անում: Միևնույն ժամանակ նաև լսում եմ այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցնում են իմ կամ իմ արտադրանքի հասցեին:
Կորոնավիրուսը զարգացման խթան
Վերջին մեկ տարվա ընթացքում չի եղել օր, որ ես պատվեր չունենամ: Զարմանալի է, բայց կորոնավիրուսի ժամանակաշրջանից սկսած բոլոր ծառայությունների ցուցանիշն անկում էր ապրում, ինձ մոտ հակառակն էր: Երբ մարդիկ դեռ անցաթերթերով էին ելումուտ անում, ես շատ թելեր էի գնել, որ այդ ընթացքում տանը մնամ, պատրաստեմ, որպեսզի երբ սահմանափակումները հանվեն, սկսեմ վաճառել: Բայց պատվերներն այդ փուլում այնքան էին շատացել, որ ամբողջ օրն առաքումների մեջ էի, չէի հասցնում:
Օրվա գերակշիռ մասը գործում եմ, շատ քիչ եմ քնում, որպեսզի հասցնեմ բոլոր պատվերները ժամանակին ավարտել: Հարցը բացարձակապես գումարը չէ, ուղղակի եթե մարդն ինչ-որ մեկին նվիրելու համար ինձ է պատվիրել այդ պայուսակը, ես պատասխանատվություն եմ զգում, որ այդ մարդուն ուրախացնեմ, որ իր պատվիրած պայուսակը հասցնեմ ժամանակին:
Պատերազմը հելունը փոխարինեց զենքով
Պատերազմի ընթացքում օրեր շարունակ ոչինչ չէի անում: Հետո հասկացա, որ պետք է ինչ-որ օգտակար բան անել: Թիմ հավաքեցինք, գլխարկներ, գուլպաներ գործեցինք, ուղարկեցինք առաջնագիծ:Բայց դա էլ բավարար չհամարեցի: Քանի որ կարողանում էի լավ կրակել, որոշեցի կամավորագրվել ու գնալ զորավարժությունների: Այդ 10-օրյա զորավարժությունները այն եզակի օրերն էին, երբ ես հելունի փոխարեն զենք էի վերցրել ձեռքս: Զորավարժություններից հետո մեզ ուղարկեցին տուն, պայմանով, որ ամեն պահի կարող են տանել Արցախ: Բայց ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց…
Օրեր շարունակ չէի կարողանում աշխատել: Հետո մտածեցի, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան անի այս երկրի տնտեությանը օգուտ տալու համար…
«Գործելուց կտրվում եմ ամբողջ աշխարհից ու մոռանում ամեն ինչի մասին»
Որոշ մարդկանց վրա յոգան է դրական, հանգստացնող ազդեցություն թողնում, ինձ վրա էլ՝ հելունագործությունը : Շատ-շատ հանգստացնում է, կտրվում եմ ամբողջ աշխարհից ու մոռանում ամեն ինչի մասին: Դե, իսկ երբ իմ պայուսակը տեսնում եմ ինչ-որ մեկի ձեռքին ու հասկանում, որ այդ մարդը նախընտրել է կրել հենց իմ արտադրանքը, դա մի այլ զգացողություն է…
Ամենապահանջվածը կաշվի համադրմամբ ուսապարկերն են, որոնք եզակի են իրենց տեսակով: Սկզբում առանց կաշի էի աշխատում, հետո, երբ տեսա թե արտերկրում կաշվի համադրմամբ ինչ գեղեցիկ իրեր են ստանում, սկսեցի ինքս էլ կաշվե դետալներ կիրառել:
Կանանց գործը հոբբի՞, թե՞՝ բիզնես
Երբ սկզբնական շրջանում փորձում էի պայմանավորվածություններ ձեռք բերել ու համագործակցության եզրեր գտնել տարբեր վաճառակետերի կամ առևտրի կենտրոնների հետ, զգում էի, որ միշտ չէ, որ լուրջ են վերաբերվում: Իմ գործին ավելի շատ նայում էին որպես կնոջ հոբբի, ոչ թե բիզնես:Եվ քանի որ տնօրենները հիմնականում տղամարդիկ են, ստիպված ես լինում ճանապարհ անցնել ու քո գործունեությամբ համոզել, որ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց… Հիմա տղամարդիկ սկսել են ավելի հարգել ու ընդունել գործարար կանանց: Կարծում եմ, դա նաև նրանից է, որ սկսել են հասկանալ՝ կանանց հետ պետք է խոսել ինչպես հավասարը հավասարի հետ:
Իմ շրջապատի կանանց միշտ խորհուրդ եմ տալիս փորձեն գտնել իրենցը, իրենց սեփական գործն ունենան:Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ նախ շուկան լավ ուսումնասիրեն ու ոչ թե նայեն, թե ինչով է զբաղվում կողքինն ու նույնը կրկնեն, այլ գտնեն այն, ինչն ամենալավը կարող են անել…
Ապագայի տեսլականը
Բիզնեսս ընդլայնելու շատ մեծ ցանկություն ունեմ: Բազմաթիվ գաղափարներ ունեմ, որոնք իրագործելու համար ես ուղղակի ժամանակ չեմ ունենում:Մտադիր եմ կանանց թիմ հավաքել, նրանց սովորեցնել գործել, որպեսզի այդ կերպ փորձեմ մի փոքր մեղմ կանանց զբաղվածության խնդիրը, և ինքս էլ կարողանամ միշտ նոր ու թարմ գաղափարներով ներկայանալ:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 1494