Սվետլանա Բադալյան. «Համացանցը բոլորին է ստեղծագործելու հնարավորություն տալիս, հարկավոր է պարզապես ճիշտ օգտվել դրանից»
Սվետլանա Բադալյանն այս տարվա օգոստոս ամիսը դեռ երկար կհիշի, քանի որ նորարարական կրթական հարթակ համարվող Մանդարին օն-լայն դպրոցը / Mandarin Online School/ սեփական լոգոյի փնտրտուքի համար հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչեց Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանային:
Հաղթանակն անակնկալ էր Սվետլանայի համար, հատկապես, որ մրցանակն ու նվեր ստացած նկարչական պարագաներն անձամբ իրեն հանձնող հանձնաժողովի ներկայացուցիչը կես կատակ-կես լուրջ խոստովանեց. «Առաջին հայացքից առաջարկված լոգոն բոլորիս շատ ծիծաղեցրեց, իսկ հետո հասկացանք, որ սա հենց այն է, ինչ մեզ պետք է»:
-Քանի որ դպրոցի անունը հենց մանդարին էր, որոշեցի մանդարինի հատիկներով լոգո ստեղծել, որը նման էր քայլող ոտնահետքի: Ոգևորությունս, բնականաբար մեծ էր, ամենևին չէի սպասում, թե կհաղթեմ, և ահա, այս մրցանակը վճռական եղավ նկարչական ունակությունս ավելի զարգացնելու համար,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է Սվետլանան:
Սվետլանայի նախասիրությունները բազմաթիվ են, փոքր տարիքից նոր գաղափարների իրականացման, նորանոր հմտությունների ձեռքբերման և առահասարակ նորի փնտրտուքի մեջ է: Ասում է, համացանցը բոլորին է ստեղծագործելու հնարավորություններ տալիս, հարկավոր է պարզապես ճիշտ օգտվել դրանից:
Մանկության տարիներին հաճախել է «Էլեգիա» պարային համույթի պարապմունքները, այնուհետև, երբ 14 տարեկան էր, հոր խորհրդով սկսել է պարապել «Դա Վինչի» նկարչական խմբակը: Սկզբնական շրջանում դժվարանում էր, ընկերուհիներից ետ էր մնում, սակայն բնածին համառությունն ու աշխատասիրությունը «ձեռքին ստիպեցին մատիտների, ջրաներկի և գուաշի միջոցով արտահայտել տեսածն ու երևակայածը»:
2020 թվականին կայացած «Արտ մյուզիք» փառատոնին, որին իրենց արվեստով ու արվեստում կատարվող առաջին քայլերով ներկայացել էին բազմաթիվ պատանիներ ու երեխաներ, Սվետլանայի «Գարնան շունչը» աշխատանքն երկրորդ մրցանակը շահեց:
Մասնակցեց նաև համացանցով հայտարարված՝ 44-օրյա արցախյան պատերազմի թեմայով մեկ այլ մրցույթի, որտեղ նրա՝ «Պայքար հանուն նոր կյանքի» նկարը ոչ միայն մրցանակ շահեց, այլև որոշվեց նկարի նմանությամբ տուֆ քարից քանդակ ստեղծել, որը կնվիրվի արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինվորներին, և այն որպես հուշակոթող տեղադրել Աշտարակ քաղաքում: Ի դեպ, աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են:
Վերջերս որոշել է զբաղվել նաև հարթաքանդակով, իսկ չորացած ծաղկաթերթիկներով ու տերևներով, հացահաիկներից ու մրգերից ստեղծած կոլաժները ներկայացվել են դպրոցական ցուցահանդեսներում, դրանցից շատերը զարդարում են Գեղաշենի մշակույթի տան պատերը:
Սվետլանան հետաքրքրված է նաև լուսանկարչական արվեստով:
-Բնության մեջ հադիպած ծաղիկն ու ծառը, արևածագն ու մայրամուտը, որոնք այնչափ գեղեցիկ են մեր գյուղում, ես լուսանկարում ու ստեղծում եմ ալբոմ, հետագայում դարձյալ ցուհանդեսներին մասնակցելու ակնկալիքով: Ունեմ բնապահպանական թեմայով բազմաթիվ լուսանկարներ, ուզում եմ, որ մեր գյուղի մասին բոլորն իմանան, տեղեկանան մեր եկեղեցիների ու մատուռների մասին, որ զբոսաշրջիկները չշրջանցեն մեր հյուրընկալ գյուղը,- ասում է նա:
Սվետլանայի մեկ այլ նախասիրությունը զգեստների ձևավորումն է: Ցանկանում է հետագայում մասնագիտանալ այդ ուղղությամբ: Մինչ այդ դպրոցն ավարտելուց հետո որոշել է ընդունվել մանկավարժական համալսարանի նկարչական բաժին: Այդ մասին արդեն զրուցել է ծնողների հետ, ում հետ կիսվում է բոլոր հարցերում: Դե, չի անտեսում նաև իր հասակակիցներին…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1961