Հասարակությունում երեխայի բարեկեցությունը ուղիղ համեմատական է կնոջ սոցիալական դերին. հետազոտություն
Վորլդ Վիժն Հայաստանը ներկայացնում է «Ուժեղ կին, ուժեղ երեխա» հետազոտությունը
Հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, Վորլդ Վիժն Հայաստանը ներկայացրեցրեց «Ուժեղ կանայք, ուժեղ երեխաներ» հետազոտությունը։ Գենդերային անհավասարության խնդիրը երեխաների խոցելիության հիմնական պատճառներից մեկն է, երեխայի բարեկեցությունն ուղղակիորեն կապված է մոր սոցիալական դերի հետ։ Հետազոտության նպատակն է բացահայտել կանանց հզորացման և երեխաների բարեկեցության գործոնները Հայաստանում, ցույց տալ, թե ինչպես են կանանց սոցիալ-դեմոգրաֆիկ վիճակն ու հասարակությունում նրանց հզորացումն ազդում երեխաների բարեկեցության վրա։ Հետազոտությունն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրային տարածքներում՝ շահառու 11-17 տարեկան երեխաների և նրանց մայրերի մասնակցությամբ։
Հետազոտությունը պարզել է, որ Հայաստանում հարցված կանանց միայն 1%-ն է հզորացված սոցիալ-տնտեսական և կրթական բոլոր գործոններով: Հայրապետական (պատրիարքալ) հասարակությանը բնորոշ նորմերով՝ մեր երկրում կանանց շրջանում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները և տնտեսական ակտիվների նկատմամբ վերահսկողությունը ցածր են: Հարցված կանանց միայն մեկ քառորդն է նշել, որ կարող է ազդել որոշումների կայացման վրա, և միայն մեկ երրորդը կարող է վերահսկել ընտանիքի տնտեսական ակտիվները: Հարցված կանանց 81%-ը հնարավորություն չունի տնօրինելու անձնական ժամանակը, քանի որ տնային աշխատանքն ու տան անդամների խնամքն ամբողջությամբ նրանց ուսերին է, մինչդեռ նրանց ամուսինները պատասխանատու են միայն վճարովի աշխատանքի համար և նվազագույն չափով են ներգրավված երեխաների դաստիարակության մեջ:
Հարցված կանանց 16%-ը ենթարկվում է տարատեսակ բռնությունների։ Գենդերային բռնությունը որպես կեցության նորմա ընդունողները դեռևս շատ են (հարցված կանանց 37%-ը)։
Երեխաների բարեկեցությունը չափվել է մի շարք ֆիզիկական գործոններով՝ կրթություն, սնուցում, առողջություն, պաշտպանություն, ինչպես նաև՝ մտավոր և սոցիալ-հոգեբանական ցուցիչներ։ Հարցված երեխաների միայն 1%-ն է բարեկեցիկ նշյալ բոլոր գործոններով։ Հարցված բոլոր երեխաները ներգրավված են կրթական պրոցեսում, ունեն դրական վերաբերմունք կրթության նկատմամբ և ցանկանում են շարունակել այն։ Երեխաների մեծամասնությունը լավ կամ միջին բազմազանության սնունդ է ստանում։
Ինչ վերաբերում է երեխաների նկատմամբ բռնությանը՝ հարցված երեխաների 43%-ը ենթարկվում է բռնության և շահագործման՝ հատկապես մայրերի և ընկերների կողմից։ Երեխաների 17%-ը լսել է իրենց համայնքում սեռական բռնության մասին, իսկ 13%-ը լսել են օնլայն հարթակում բռնության ենթարկվելու դեպքերի մասին։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանում կրթությունը կանանց հզորացմանը նպաստող ամենակարևոր գործոնն է։ Բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի հավանական է, որ կօգտվեն տեղաշարժի ազատությունից և չեն եթարկվի գենդերային սահմանափակումների։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կանանց և երեխաների բարեկեցությունը հիմնականում ցածր է, քանի որ կանանց և երեխաների միայն 1%-ի մոտ են առկա բարեկեցության վերը նշված չափանիշները, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ մոր և երեխայի բարեկեցության միջև առկա է ուղղակի կապ։ Միջավայրն ուղղակիորեն ազդում է երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա, և, ընտանիքում, որտեղ մայրը ենթարկվում է բազմաթիվ սահմանափակումների ու խտրական վերաբերմունքի, երեխան չի կարող զարգանալ և ունենալ խտրական ու վնասակար մոտեցումներից զերծ վարքագիծ։
«Աղջիկները խտրականության են ենթարկվում դեռևս չծնված, իսկ խտրական վերաբերմունքը հասարակության յուրքանչյուր անդամի մոտ ձևավորվում է հենց իր ընտանիքում։ Աղջիկ երեխայի միջազգային օրը ևս մեկ լավ առիթ է՝ անդրադառնալու կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության խնդրին, վերանայելու մեր միջավայրը, բացառելու խտրականություն առաջացնող երևույթները։ Անհրաժեշտ է համալրել բոլոր ջանքերը, որպեսզի յուրաքանչյուր երեխա՝ սեռից անկախ, հնարավորություն ունենա ծնվել և ապրել ապահով ու սիրով լի միջավայրում»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի գենդերային հարցերով պատասխանատու Աննա Սաֆարյանը։
«Ուժեղ կին, ուժեղ երեխա» հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ
Դիտումների քանակը` 981