Ստարտափների արքայադուստրը

 

Թերեզա Թումանյան. «ՏՏ ոլորտը հետաքրքրել է ինձ դեռ 6-րդ դասարանից»

 

WomenNet.am-ի զրուցակիցն է 17-ամյա Թերեզա Թումանյանը, ով նշանակալի  հաջողությունների է հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  վաղ դպրոցական տարիքից՝  «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի շնորհիվ:

 

 

Թերեզան այն բազմաթիվ երեխաներից է,  ում  հրապուրեց  տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց և   ովքեր  սիրով և ոգևորությամբ համատեղում են  ուսումը «Արմաթ»  ինժեներական լաբորատորիայի կամ Ստարտափ ակումբի պարապմունքների հետ:  Ակտիվորեն մասնակցելով ինտերակտիվ արտադասարանական դասընթացներին,  մրցույթներին, ինովացիոն ճամբարներին,  նրանք ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։ Տաս տարեկանից սկսած նրանց հնարավորություն է տրվում բացահայտելու իրենց ներուժը, մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած  տեխնոլոգիական և ինժեներական լուծումները՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և հետագայում միասին հիմնելով ստարտափներ։

 

Այս ոլորտում զգալի հաջողություններ գրանցած 17-ամյա Թերեզա Թումանյանը ծնվել և մեծացել է Աշտարակ քաղաքում, հաճախել տեղի ավագ դպրոց, որն ավարտել է գերազանց գնահատականներով: Ներկայումս նա Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, սովորում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետում:

 

 

-Ծրագրավորման մասին գիտելիքներ ունենալն աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, փոփոխություններ բերելու  և մարտահրավերներին դիմակայելու լավագույն միջոցն է: Ինձ  ՏՏ ոլորտը հետաքրքրել է դեռ 6-րդ դասարանից, երբ սկսեցի հաճախել «Արմաթ» ակումբի պարապմունքներին, որտեղ գործնականի ու տեսականի համատեղումը օգնեց ավելի լավ պատկերացնել թվային տիրույթն իր մարտահրավերներով: Ընթացքում ծանոթացա «Աղվես» ծրագրավորման լեզվին, որը Scratch ուսուցողական համակարգի հայերեն տարբերակն է: Այն բավականին օգնում է ալգորիթմական մտածողության զարգացմանը,- պատմում է Թերեզան:

 

 

Ծրագրավորումից բացի Թերեզան հատուկ վերաբերմունք ունի նաև օտար լեզուների հանդեպ: Մասնագիտական գրականությունն ու ՏՏ ոլորտին առնչվող տեղեկատվությունը կարդում է ոչ միայն  հայերենով և ռուսերենով, այլև գերազանց տիրապետում է անգլերեն լեզվին, ինքնուս սովորել է իտալերեն, իսկ այսօր ուսանում է նաև ֆրանսերեն լեզվով:

 

 

 

Թերազայի  հաջողություններին մեծապես նպաստել են մասնագիտությամբ բժիշկ ծնողներն ու ինֆորմատիկայի ուսուցչուհին,  որոնց խորհուրդները կանաչ լույս վառեցին Թերեզայի ինքնակատարելագործման ճանապարհին: Ուսուցչուհու ղեկավարած  խմբակին մասնակցելու ընթացքում ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում, իսկ բազմաթիվ օլիմպիադաներին ու մրցույթներին մասնակցելու արդյունքում շահած մրցանակները ոգևորում և հետագայում օգնում են Թերեզային մասնագիտական կողմնորոշման հարցում:

 

 

 

 

 Սռաջին ստարտափով  սկսել է զբաղվել 7-րդ դասարանից, երբ ինֆորմատիկայի ուսուցչուհու՝ Նարինե Մեսրոպյանի ուղղորդմամբ ստեղծեցին «Ապահով համացանց»/Safe Internet / հավելվածը: Գաղափարը հետևյալն էր. հավելվածի միջոցով  մեդիագիտելիքներ հաղորդել  հասակակիցներին , սովորեցնել  ինչպես օգտվել համակարգչային ծրագրերից, ինչպես ներբեռնել անհրաժեշտ ծրագիրը, ինչպես պաշտպանվել համակարգչային վիրուսներից…

 

 

 

Թերեզան առանձնակի հպարտությամբ  է պատմում այս ծրագրով «Technovation Challenge» Հայաստանում անցկացված մրցույթին մասնակցելու արդյունքում ունեցած իրենց հաղթանակի մասին: Նրա խոսքով «Technovation Challenge»-ը  աշխարհի տեխնոլոգիական ձեռներցության խոշորագույն մրցույթ է աղջիկների համար: Այն  նպատակ ունի ոգևորել  երիտասարդ աղջիկներին՝  նորարարներ ու առաջնորդներ դառնալու,  ձեռներեցության  և նոր տեխնոլոգիաների ոլորտում ստացած գիտելիքների միջոցով  իրենց համայնքների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ:  

 

 

 -Ծրագիրն իրենից ներկայացնում է տասներկու շաբաթյա առցանց ուսուցում, որի ընթացքում պարզ ու մատչելի ձևով դասավանդում են  ծրագրավորման հիմունքները, գիտելիքներ հաղորդում մարկեթինգի, բիզնես պլանի ստեղծման մասին: Ի դեպ ուսուցանում են  նաև հռետորաբանություն, որն այնքան կարևոր է մտքերդ ճիշտ ու համարձակ արտահայտելու համար: Այս կարևոր մրցույթում մասնակցում էինք թիմով ու ստացանք գլխավոր մրցանակ,- ոգևորությամբ պատմում է Թերեզան:

 

 

Ի դեպ, Թերեզայի ակտիվությունը չվրիպեց հանձնաժողովի աչքից և նրան շնորհվեց աշակերտ-դեսպանի կոչումը: Դեսպանի  դերում նրա  առաքելությունն էր ներգրավել ծրագրում այլ աղջիկներին, փոխանցել նրանց իր փորձը: Արդյունքում  չորս ամսվա ընթացքում ստեղծվեց աղջիկների նոր թիմ և  նոր ստարտափ՝ «1ofU» / Ձեզանից մեկը/ անվամբ: Այն հայալեզու առաջին հավելված է աուտիզմով  երեխաների համար, որի  միջոցով նրանք կարող են հեշտորեն արտահայտել իրենց մտքերը, ցանկություններն ու զգացողությունները։ 1ofU հավելվածով  թիմը մասնակցեց 2018-ին կայացած «Տեխնովացիա» հերթական մրցույթին: Այս մրցույթի տեղական`հայաստանյան փուլում թիմն արժանացավ գլխավոր մրցանակի և հնարավորություն ստացավ մասնակցել օն-լայն կազմակերպված միջազգային մրցույթի՝ արժանանալով հանձնաժողովի գնահատանքին:

 

 

Ծրագրավորողներին  միավորող հաջորդ միջոցառումը, որին դարձյալ մասնակցեց Թերեզա Թումանյանը, Սևան Ստարտափ Սամիթ- 2018-ն  էր: Միջոցառումը  նոր գաղափարներով հարստացրեց և նոր հնարավորություններ բացեց: 

 

 

– Այստեղ ևս ներկայացրեցի մեր ստարտափը` «1ofU»-ն: Այն  կրթության տեխնոլոգիաների անվանակարգում հաղթող ճանաչվեց և շահեցինք 1500 ԱՄՆ դոլար , որն էլ մեզ հովանավորող AICA հ/կ-ի նախագահ  Արթուր Միքայելյանի կողմից կրկնապատկվեց, կազմելով 3000 ԱՄՆ դոլար: Ողջ գումարն  օգտագործվեց  հավելվածը  զարգացնելու  նպատակով: 

 

 

«1ofU» հավելվածը ներկայացրեց նաև European Youth Award մրցույթի ժամանակ՝ հասնելով  կիսաեզրափակիչ փուլ: Թերեզայի խոսքով,   European Youth Award-ը  երիտասարդ նորարարներին միավորող եվրոպական շարժում է, որը մոտիվացնում է նրանց ստարտափներ ստեղծելու  աշխարհը բարելավելու նպատակով: 

 

 

 

Թերեզայի համար ուսանելի էր մասնակցությունը նաև 2019-ին Մինսկում կայացած EMERGE տեխնոլոգիական կոնֆերանս-մրցույթին, որտեղ թիմի ծրագիրը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Պատմում է, որ կոնֆերանսի ընթացքում ստացավ շատ հրավերներ և համագործակցության առաջարկներ։

 

 

 

Հաջորդ հաջողությունը  Թերեզան գրանցեց  2019-2020թ.թ. Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից իրականացվող «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ  հիմնեց Bright ստարտափը: Այն  իրենից ներկայացնում էր նորարար գործիքակազմ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող հոգեբանների և թերապիստների համար։ Ծրագրի  սեսիաների շնորհիվ  Թերեզան  թիմի հետ միասին մշակեց և ներկայանալի տեսքի բերեց գաղափարը՝  ներկայացնելով այն  «Ստարտափ Ակումբ Դեմո օր»  ամփոփիչ միջոցառմանը։ Թերեզայի ստարտափն արժանացավ բարձր գնահատանքի և մրցանակի` Բիլայն Ստարտափ Ինկուբատորի ինկուբացիոն շրջանին մասնակցելու հնարավորության։

 

 

-Մրցույթներին մասնակցությունը, շփումները ձևավորում են իմ աշխարհայացքը, բնավորությունը, ելույթներս դարձնում ավելի անկաշկանդ, ավելի համարձակ ու գրագետ: Նման շփումների շնորհիվ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, կարողանում եմ հաստատել արժեքավոր գործնական և մասնագիտական կապեր, որոնք վերափոխում են  կյանքս, – ասում է Թերեզան ու հավելում, -Ներկայումս պատրաստվում եմ համացանցում ստեղծել իմ բլոգը, որտեղ կներկայացնեմ սեփական փորձս, կպատմեմ  թե ինչ կարող են անել իմ տարիքի աղջիկները, ինչ նպատակներ կարող են ունենալ և ինչպես կարող են իրականացնել դրանք: Ինչ վերաբերում է իմ ապագա մասնագիտությանը, ապա դեռ սովորում եմ առաջին կուրսում,  ուսումնասիրում եմ ՏՏ ոլորտը, հետագայում , կարծում եմ,  ավելի կոնկրետ ուղղությամբ կմասնագիտանամ:  Իմ ցանկությունն է, որպեսզի բոլոր ծրագրերս ծառայեն հայրենիքիս բարգավաճմանը…

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

Դիտումների քանակը` 3980

Գլխավոր էջ