Կին թեկնածուները ՏԻՄ  ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակներում / ինֆոգրաֆիկա

 

 

 

 

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի վեց համայնքներում՝ Դիլիջանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Տաթևում, Տեղում անցկացվելիք համամասնական ընտրութունների մասնակից 17 քաղաքական ուժերի ընտրացուցակներում ներառված թեկնածուների  36 %-ը կանայք են։

 

 

Հիշեցնենք, որ համամասնական ընտրությունների դեպքում կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի ընտրացուցակներում կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված թեկնածուների  առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտայով: Հոկտեմբերի 17-ին ՏԻՄ համամսնական ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերը գերազանցել են քվոտայի մինիմալ պահանջը:

 

 

 

 

WomenNet.am-ը վերլուծել է ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված համամասնական ցուցակները կանանց ներկայացվածության տեսակետից ըստ համայնքների և քաղաքական ուժերի: 

 

 

Այսպես,  առավել շատ կին թեկնածուներ առաջադրել է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Այս քաղաքական ուժի ցուցակում ներառված թեկնածուների 62.5 %-ը կանայք են։

 

 

 40%-ից ավելի կանանց ներկայացվածություն են ապահովել «Արժանապատիվ ուղի», Կոմունիստական, «Հայրաքաղաք», «Գյումրին կռնա» քաղաքական ուժերը։ 

 

 

Կանայք առավել քիչ՝ 30-32% ներկայացվածություն է  ՀԱԿ-ի, «Թասիբով» դաշինքի, «Ազատական» կուսակցության, «Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակներում։

 

 

 

Նշենք, որ ընտրություններին մասնակցող 17 կուսակցություններ և դաշինքներից միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է  առաջադրումներ արել բոլոր վեց համայնքներում, «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրացուցակներ է առաջադրել հինգ համայնքներում՝ Գյումրիում, Տաթևում, Տեղում, Մեղրիում, Դիլիջանում։ «Հանրապետություն» կուսակցությունը առաջադրվել է  Դիլիջանում, Մեղրիում: Մնացած քաղաքական ուժերը մեկական համայնքներում են առաջադրվել:

 

 

Հատկանշական է, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից 17 քաղաքական ուժերից միայն  մեկի ցուցակն է կին գլխավորում: Քաղաքապետի կին թեկնածու է առաջադրել  «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի  ընտրական ցուցակը Դիլիջանում  գլխավորում է  Արմինե Հովհաննիսյանը։

 

 

Ըստ համայնքների՝ կուսակցությունների ու դաշինքների ընտրացուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ կին թեկնածուներն առավել շատ են Դիլիջանի համամասնական ընտրություններում։

 

 

Այսպես, Դիլիջանում  մասնակից ուժերում ներկայացված թեկնածուների 38%-ն են կանայք, Գյումրիում և Մեղրիում՝ 37%-ը, Գորիսում 33%-ը, Տաթևում և Տեղում՝ 32%-ը։

 

 

 

Հոկտեմբերի 17-ին մեծամասնական կարգով ընտրություններ են նշանակված Շամիրամում, Ֆերիկում, Ֆիեոլետովոյում։ Համեմատելով  մեծամասնական ընտրակարգով առաջադրված կին թեկնածուների  ներկայացվածությունը  համամասնական ցուցակներում ներկայացված կանանց թվի հետ, կարելի է հերթական անգամ փաստել, որ քվոտայի շնորհիվ  համամասնական ընտրակարգն ավելի արդյունավետ է կանանց մասնակցության տեսակետից:  Հատկապես ակնհայտ է  համամասնականի  առավելությունն ավագանու կազմի  մեջ կանանց ներկայացվածությունը երաշխավորելու առումով:  Ինչ վերաբերում է  համայնքի ղեկավարի  պաշտոնի համար առաջադրումներին, ապա այս դեպքում ընտրակարգի ազդեցությունը  էական չէ: Քաղաքական ուժերը հազվադեպ են ընդգրկում կանանց իրենց ցուցակներն առաջնորդողների թվում:   

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 934

Գլխավոր էջ