VitRoom-ը նոր գույն ու երանգ է հաղորդում Նոյեմբերյանին
Սահմանամերձ Նոյեմբերյանում երկու տարի առաջ ստեղծված VitRoom-ը, որն զբաղվում է ապակու ու փայտի համադրմամբ արտադրանքի ստեղծմամբ ու նկարազարդմամբ, իր տեսակով եզակի էր տարածաշրջանի համար: Եվ եթե հիմնադրման սկզբնական շրջանում շատերը տարակուսանքով էին վերաբերվում երկու կանանց՝ նկարչուհի Սիրանուշ Ամիրաղյանի և տնտեսագետ Նունե Ազիզյանի նորարարական նախաձեռնությամբ ստեղծված ապրանքանիշին, ապա այժմ նրանց անցած դժվարին ճանապարհն ու ակտիվ գործունեությունը նոյեմբերյանցիներից շատերին «ստիպել է» վստահել VitRoom-ին ու դառնալ ընկերության հավատարիմ գործընկերը:
Սիրանուշը հիշում է՝ երբ դեռ նոր էին մտածում առաջին քայլերն անելու մասին, չնայած տարածաշրջանային կարծրատիպերին ու արտադրանքի յուրահատկություններին, հաստատակամորեն որոշել էին՝ պետք է մնան հայրենի Նոյեմբերյանում ու տեղում զարգացնեն իրենց նորարարական բիզնեսը՝ այդ կերպ ունենալով իրենց ներդրումը համայնքի զարգացման գործում: Ու թեև դեռ այն ժամանակ գիտեին, որ VitRoom-ի պատվիրատուների գերակշիռ մասը լինելու են մայրաքաղաքից ու արտերկրից, հաստատակամ էին՝ Նոյեմբերյանում աշխատանքը թույլ է տալու նպաստել տարածաշրջանին նոր գույն ու երանգ հաղորդելուն, նոյեմբերյանցի երիտասարդներին տարբեր ծրագրերի շրջանակում նոր հմտություններ հաղորդելուն ու նրանցից լավագույններին նաև տեղում աշխատանքով ապահովելուն:
Գործունության մեկնարկից 2 տարի անց համահիմնադիրները վերահաստատում են՝ նորարարական բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում մեկնարկելով չեն սխալվել. շնորհիվ VitRoom-ի տարածաշրջանն ունի գունեղ անկյուն, որտեղ կարող են կյանքի կոչվել ոլորտի բոլոր ստեղծագործ գաղափարները:
Սիրանուշի հետ զրույցել ենք կազմակերպության անցած ճանապարհի, ապագայի տեսլականի ու կանանց գործարար մոտեցումների մասին:
Բիզնես նախագծի մեկնարկը՝ 50.000 դրամով
Ես և Նունեն ծանոթացել ենք «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» ինտելեկտուալ հեռուստախաղի շրջանակներում: Մի օր Նունեն մեզ հյուր եկավ ու երբ տեսավ իմ վիտրաժային աշխատանքները, միանգամից ոգևորվեց:Աստիճանաբար գաղափար ծնվեց՝ ինչո՞ւ նաև չվաճառել դրանք: 2018թ.-ը քննարկումների ու գաղափարների փոխանակման շրջան էր: Անկեղծ ասած, սկզբում այդ ամենին որպես բիզնես չէինք վերաբերում, որովհետև այն մեզ համար ավելի շատ ստեղծագործական պրոցես էր և այդ պրոցեսից հաճույք էինք ստանում… Պաշտոնապես սկսեցինք գործել 2019թ.-ից՝ մեր աշխատանքը դիտարկելով որպես լուրջ բիզնես-նախագիծ, որը հնարավորություն կտար ոչ միայն ազատ ստեղծագործել, այլ նաև եկամուտ ստանալ:
Սկսել ենք 50.000 դրամի չափով ներդրմամբ՝ ներդրումը կատարելով մեր աշխատավարձերից, որը բավականացրել է ներկերի ու որոշակի քանակությամբ անհրաժեշտ նյութերի ձեռք բերման համար: Յուրքանչյուրս մեր տնից էինք աշխատում:Սկզբնական շրջանում կենտրոնացել էինք մոմակալների նկարազարդման վրա: Հիմա արդեն ավելի լայն տեսականի ունենք. լուսամփոփների, օրգանական պաակուց կրծքազարդերի թեմատիկ շարքեր, անհատական բազմապիսի ու բազմաոճ պատվերներ…
Համավարակը՝ նոր հնարավորությունների շրջան
Ժամանակի ընթացքում հասկացանք, որ ավելի արագ քայլերով առաջ գնալու համար դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու անհրաժեշտություն կա: 2020-ին դիմեցինք միանգամից երկու դրամաշնորհային ծրագրերի մրցույթի, որոնք հայտարարվել էին Սոս բարեգործական հիմնադրամի-«Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից: Երկու դրամաշնորհային ծրագրերով էլ արժանացանք դրամաշնորհի, ինչը հնարավորություն տվեց ձեռք բերել մեզ շատ անհրաժեշտ երկու հաստոցները: Մինչ այդ, դետալների ստացման հարցում համագործակցում էինք տարբեր կազմակերպությունների հետ, ինչն իր հերթին ժամանակային առումով տարբեր դժվարություններ էր առաջացնում: Ձեռք բերված հաստոցների շնորհիվ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է, դրան զուգահեռ աճել են նաև պատվերները:
2020-ի համավարակի շրջանը ծանր էր շատերի համար, բայց այն մեզ համար նոր հնարավորություննների շրջափուլ դարձավ. դրամաշնորհային ծրագրերին ու դասընթացներին մասնակցությունը օնլայն դառնալու շնորհիվ մենք կարողացանք հեռավոր Նոյեմբերյանից մասնակցել դրանց, այլապես դժվար կլիներ շաբաթական երեք անգամ մայրաքաղաք հասնելը՝ դասընթացներին մեր մասնակցությունն ապահովելու համար:
Թիմը կընդլայնվի. աշխատանքի անցնելու նախապայմանը նվիրումն է
Էսքիզների պատրաստում, եռաչափ մոդելավորում, դետալների կտրտում, մշակում, գեղանկարչություն, փաթեթավորւմ. արտադրանքը հաճախորդին հասցնելու համար ես և Նունեն այս ամբողջ ճանապարհն անցնում ենք երկուսով: Հաշվի առնելով արտադրանքի նկատմամբ հետաքրքրվածության աճը, մտադիր ենք առաջիկա ամիսներին անվճար ուսուցման ծրագիր իրականացնել ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար, որի ավարտին նրանցից մի քանիսը կընդունվեն աշխատանքի՝ համալրելով VitRoom-ի թիմը:
Աշխատանքի անցնելու կարևորագույն նախապայմանը գործին նվիրվելն է. իրենք էլ պետք է մեր պես սրտացավ մոտենան գործին: Կարծում եմ, ցանկացած բիզնեսում եթե մարդն իր ռեսուրսները սրտացավորեն չի օգտագործում, իմիջիայլոց է աշխատում, արդյունքը չի կարող գերազանց լինել: Մենք ցանկանում ենք, որ նոյեմբերյանցիները ոչ միայն VitRoom-ի նորարարական մոտեցումներին ծանոթանալու, այլև դրա շնորհիվ աշխատանքով ապահովվելու հնարավորություն ունենան:
Գործընկերային բիզնեսի հաջողության գրավականը
Ամենակարևորն այն է, որ երկուսս էլ իրար անվերապահորեն վստահում ենք: Այդ փոխվստահությունը, մեկս մյուսի վրա հենվելը շատ ենք կարևորում և կարծում եմ, մեր համատեղ հաջողության գրավականը հենց դրանում է: Բիզնեսում պետք է լինի այդ փոխվստահությունը, որպեսզի մարդիկ կարողանան այնպես աշխատել, որ բիզնեսը առավելագույնս ծաղկի: Երեք տարի է, մենք մի ընտանիքի նման աշխատում ենք: Չկա իմ ու քո, կա VitRoom-ը և մենք:
Եղել են նաև ձախողումներ նախագծման, արտադրական պրոցեսների, տուփերի արտադրության ընթացքում: Ոչնչից չենք հիասթափվել, որովհետև շատ մարտական էինք տրամադրված: Մենք ի սկզբանե պատրաստ էինք այն բոլոր հնարավոր մարտահրավերներին, որոնք կարող էին լինել:
Կանայք բիզնեսում
Կարծում եմ, մեզ մոտ ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, կարողանում ենք ավելի ճկուն կառավարել, թեև պետք է ասեմ, որ բիզնեսն ընտանիքի հետ համատեղելը որոշակի դժվարություններ է առաջացնում: Հատկապես սկզբնական շրջանում ստիպված ես լինում շատ ժամանակ տրամադրել բիզնեսին: Այն երեխայի նման է. պետք է գոնե մի երեք տարի խնամես, փորձես ոտքի կանգնեցնես, որ հետո ավելի ինքնուրույն ու բնականոն զարգանա:
Շատ կարևոր է նաև, որ յուրաքանչյուր նախաձեռնողի կողքին, լինի դա կին թե տղամարդ, լինի մեկը, ով միշտ կհասկանա իրեն ու կաջակցի: Իմ ու Նունեի բախտն այդ առումով բերել է. մեր ամուսինները մեր կողքին կանգնած են և պատրաստակամ են յուրաքանչյուր հարցում աջակցել:
Բիզնես ոլորտում կանանց դեռևս որոշ չափով կարող են խոչընդոտել կարծրատիպերը, որ կինը ոչինչ չի կարող անել, կամ կինը չպետք է բանակցություններ վարի, կինը այսինչ հարցից գլուխ չի հանի… Դրանք կարծրատիպեր են, որ դեռևս որոշակի չափով գործում են:Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, հիմա շատ լայն են կանանց հնարավորությունները թե՛ կրթական մակարդակի, թե՛ գումար հայթայթելու առումով: Իրականում կանանց համար այսօր հարավորություններն ավելի շատ են, քան խոչընդոտները:
Վաղվա տեսլականը
Երեք տարվա աշխատանքի արդյունքում ունենք փոքրիկ արհեստանոց ու արվեստանոց Նոյեմբերյանում՝ հագեցած հաստոցներով: Կարճաժամկետ տեսլականում պլանավորում ենք ընդլայնել Նոյեմբերյանի աշխատանքային թիմը, արտադրատեսականին ու ունենալ մեր փոքրիկ վաճառակետը՝ Երևանում: Մեր վերջնանպատակն է, որ այնպիսի որակ ու արդյունք ապահովենք, որ մեր արտադրանքը մեծ պահանջարկ ունենա ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 1504