Չնայած կանխատեսումներին կանայք Իսլանդիայի խորհրդարանում մեծամասնություն չդարձան
Թեև երեկ միջազգային լրատվամիջոցները՝ հենվելով Իսլանդիայում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների վրա , հայտնեցին, որ կանայք երկրի խորհրդարանում առաջին անգամ մեծամասնություն կկազմեն, այսօր այդ լուրը հերքվեց ընտրությունների վերահաշվարկի արդյունքում: Նախօրոք հայտարարված 52%-ի փոխարեն կանայք 47,6% ներկայացվածություն կունենան Իսլանդիայի Ալտիգում:
Ընտրություններում հաղթեց իշխող կոալիցիան վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի գլխավորությամբ (լուսանկարում): Նրա վարկանիշն երկրում շատ բարձր է, իր վարչապետության չորս տարիների ընթացքում նա բարեփոխեց հարկային համակարգը, ավելացրեց սոցիալական բնակարանաշինությանը հատկացվող բյուջեն, երկարացրեց ծնողական արձակուրդը: Բացի այդ, Իսլանդիան հաղթահարեց կորոնավիրուսային ճգնաժամը առանց մեծ կորուստների. 370,000 բնակչություն ունեցող երկրում COVID-19 հետևանքով 33 մարդ մահացավ:
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ կանայք Իսլանդիայի խորհրդարանի 63 տեղից զբաղեցրել էին 33-ը, ինչը կազմում էր պատգամավորների ընդհանուր թվի 52%-ը: Սակայն հետագայում՝ վերահաշվարկի արդյունքում հայտնի դարձավ, որ կանանց բաժին է ընկել ընդամենը 30 տեղ (47,6%), այսինքն չնայած կանխատեսումներին Իսլանդիան չդարձավ կանանց մեծամասնությամբ խորհրդարանով առաջին երկիրը Եվրոպայում:
Դրա հետ մեկտեղ Իսլանդիան վաղուց համարվում է գենդերային հավասարության առաջատար երկիր և 12-րդ տարին անընդմեջ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում ճանաչվում է որպես աշխարհի ամենահավասար իրավունքներnվ և հնարավորություններով երկիր, որը 89,2%-ով հաղթահարել է գենդերային անհավասարակշռությունը: Իսլանդիան չունի խորհրդարանում կանանց ներկայացվածության քվոտա, սակայն որոշ կուսակցություններ կամավորության սկզբունքով գործող պահանջ ունեն, որ իրենց թեկնածուների որոշակի թիվը կանայք լինեն: Կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրության մասին առաջին օրենքն Իսլանդիայում ընդունվեց դեռ 1961 թվականին: 1980 թվականին Իսլանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը կին նախագահ ընտրեց: Նաև Իսլանդիայում նույն տևողությամբ վճարովի ծնողական արձակուրդ է տրամադրվում և՛ կանանց, և՛ տղամարդկանց:
Միջխորհրդարանական միության տվյալների համաձայն ՝ եվրոպական երկրներից ոչ մեկը չի հաղթահարել խորհրդարանում կանանց ներկայացվածության 50%-ի շեմը, այս ցուցանիշին ամենամոտն են Շվեդիան (47%) և Ֆինլանդիան (46%):
Աշխարհի միայն երեք երկրներում ՝ Ռուանդայում, Կուբայում և Նիկարագուայում, ավելի շատ կանայք են խորհրդարանում, քան տղամարդիկ, իսկ Մեքսիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում ՝ 50/50 համամսնությամբ են ներկայացված խորհրդարանում:
Դիտումների քանակը` 842