Կանայք սկսել են ավելի շատ դիմել ՄԻՊ-ին` աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով
Կանայք սկսել են ավելի շատ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով: Այսպիսի եզրակացություն կարելի է անել հենվելով այն տվյալների վրա, որոնք ՄԻՊ աշխատակազմը տրամադրել է WomenNet.am-ի հարցմանն ի պատասխան:
Մասնավորապես, հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որքա՞ն հաճախ են կանայք դիմում ՄԻՊ-ին աշխատավայրում իրավունքների պաշտպանության հարցով և որո՞նք են հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում են կանայք աշխատավայրում:
Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է.
2018 թվականին ՝ 406 գրավոր և բանավոր դիմում-բողոք 627 անձից, որից 249-ը ներկայացրել են 342 կին:
2019 թվականին՝ 519 դիմում-բողոք 625 անձից, որից 292-ը ներկայացրել են 342 կին:
2020 թվականին՝ 503 գրավոր և բանավոր դիմում-բողոք 769 անձից, որից 289-ը ներկայացրել են 474 կին:
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ վերհանված խնդիրները, անկախ սեռային պատկանելիությունից, հիմնականում վերաբերվում են՝
- աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելուն;
- աշխատանքից անհիմն ազատելուն;
- աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը չպահպանելուն;
- աշխատավարձ չվճարելուն և արձակուրդ չտրամադրելուն;
- հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար գումար չվճարելուն;
- աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին սահմանված ժամկետում չծանուցելուն;
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պարգևավճարներ վճարելիս աշխատողների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելուն;
- արտաժամյա աշխատանքի համար օրենքով սահմանված կարգով չվարձատրվելուն և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային իրավունքների մասով դիմումներ է ստանում նաև հղի կանանցից, որոնք հիմնականում վերաբերում են.
- հղիության հետ կապված առողջական խնդիրներ ունեցող կնոջը չվճարվող արձակուրդ չտրամադրելուն;
- հղիության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուց հետո աշխատանքից ազատելուն;
- հղիության հետ կապված առողջական խնդիրներ ունեցող կնոջն աշխատանքի ներկայանալ ստիպելուն;
- երկու օր աշխատանքի չներկայանալու պատճառով աշխատանքից ազատելուն և այլն:
Ինչ վերաբերում է WomenNet.am-ի այն հարցին, թե աշխատանքային իրավունքների վրա համավարակի ազդեցության հետ կապված քանի՞ բողոք է ստացել ՄԻՊ-ը 2020 թվականին կանանցից և որքանով է համավարակն ազդել այդ վիճակագրության վրա, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2020 թվականին մարտի 16-ից սկսած արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ ստացվել է 111 գրավոր և բանավոր դիմում-բողոք 129 անձից, որից 59-ը ներկայացրել են կանայք:
«Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրության սահմանափակումների պատճառով առաջացած աշխատանքային խնդիրները հիմնականում առաջացել են մասնավոր ոլորտում: Բողոքները հիմնականում վերաբերել են. հարկադիր պարապուրդի համար աշխատողներին չվճարելուն; գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի ներկայանալու պարտավորեցնելուց՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելով պահանջվող պայմանները; աշխատողի խնդրանքով ամենամյա վճարովի արձակուրդ գործատուի կողմից չտրամադրելուն և այլն:
ՄԻՊ-ի գրասենյակը նաև տեղեկացնում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է գրավոր կարծիք, որում ներկայացված դիտողությունները և առաջարկները բխում են են նաև Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման արդյունքներից:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 644