SAFE YOU բջջային հավելված. նորարար տեխնոլոգիաներն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
Անցյալ տարի, երբ ողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ընտանեկան բռնության դեպքերի աճ արձանագրվեց, այս արատավոր երևույթի դեմն առնելու նոր գաղափարների փնտրտուք սկսվեց: Հայաստանն անմասն չմնաց այդ գործընթացից, արդյունքում մի խումբ երիտասարդ աղջիկներ ստեղծեցին նորարարական SAFE YOU բջջային հավելվածը՝ դրանով իսկ իրենց լուման ներդրելով կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Ընդ որում այդ ներդրումն այնքան նշանակալի է ու հաջողված, որ այսօր պահանջված է աշխարհի շատ երկրների կողմից:
SAFE YOU հավելվածի շնորհիվ հնարավոր է դարձել փրկել մի կնոջ և նրա երեխայի կյանքը, ինչին անդրադարձել է անգամ հայտնի Forbes ամսագիրը այս տավա ապրիլին SAFE YOU հավելվածի մասին հրապարակված իր հոդվածում:
SAFE YOU բջջային հավելվածը ստեղծվել է կանանց կողմից և հասցեագրված է կանանց՝ դիմակայելու իրենց նկատմամբ բռնությանը։ Ներբեռնելով հավելվածն իր բջջային հեռախոսում՝ օգտատերը հնարավորություն է ստանում վտանգավոր իրավիճակում HELP կոճակի մի սեղմումով դիմել օգնության՝ իր տեղորոշմամբ մի քանի ահազանգող հաղորդագրություն ուղարկելով իրավապահ մարմիններին, նախապես ընտրված անձնական շփման շրջանակից անձանց, աջակցող հասարակական կազմակերպություններին: Հավելվածը նաև իրազեկող գործառույթ ունի ֆորումի միջոցով, որտեղ հնարավոր է անանուն քննարկումներ վարել, պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալ բժիշկներից, իրավաբաններից, հոգեբաններից և այլն։
WomenNet.am -ի հետ զրույցում SAFE YOU բջջային հավելվածը ստեղծած «Impact Innovations Institute» սոցիալական ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը ասաց, որ SAFE YOU հավելվածը մի շարք գործառույթներ է կատարում, բայց գլխավորը, թերևս, հզորացնել կանանց՝ բարձրացնելով նրանց պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև վերափոխելով նրանց կյանքի որակը։ Նրա խոսքով, հավելվածը նպաստում է այն պետական և հասրարակական կառույցների ու անհատ մասնագետների համախմբմանը , որոնք կարող են օգնություն ցուցաբերել բռնությունից տուժած կանանց:
Պատմում է, որ խնդրով մտահոգվեց, երբ սպասում էր իր աղջիկ բալիկին, ու պարբերաբար բախվում էր այն կարծրատիպի հետ, որ մեր հասարակությունում աղջիկ երեխան ավելի ցածր արժեք ունի, քան տղա երեխան: «Օրինակ, ինձ հետ դեպք է եղել, երբ տարիքով մի կին, երբ իմացավ, որ աղջիկ եմ ունենալու, ակնհայտորեն տխրեց ու սկսեց ինձ «մխիթարել»՝ «ոչինչ, հաջորդը տղա կլինի», – ասում է նա՝ նշելով, որ կնոջը ստորադասող կարծրատիպերն են հիմք հանդիսանում կանանց նկատմամբ բռնության:
Մարիամ Թորոսյանի խոսքով, «SAFE YOU բջջային հավելվածի գաղափարը սկիզբ առավ երկու տարի առաջ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրից, որի շրջանակում «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ուսումնասիրություն էր արել այն ինովացիոն լուծումների շուրջ, որոնց միջոցով հնարավոր կլինի օգնել բռնության ենթարկվող կանանց:
Մարիամ Թորոսյանը թիմի անդամներ՝
Լիլիթ Շախուլյանի և Շողիկ Վարդանյանի հետ
«Ես այդ ծրագրի ղեկավարն էի: Սկսած 2019 թվականից մենք աշխատել ենք ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալների և GBV փորձագետների հետ, որպեսզի ստեղծենք մի այնպիսի հեռախոսային հավելված, որը կդառնար արդյունավետ միջոց բռնությունների դեմ պայքարի գործում։ Ծրագրի ավարտից հետո էլ հիմնադրեցինք «Impact Innovations Institute» սոցիալական ձեռնարկությունն ու մի խումբ համախոհ կանանց հետ միասին ստեղծեցինք SAFE YOU հավելվածը»,- ասում է նա՝ նշելով, որ հավելվածի ստեղծման և շարունանական զարգացման ընթացքում իրենց նախագիծը փոխակերպեց՝ վերածելով սոցիալական ձեռնարկության։
Հավելվածի ծնունդը համընկավ Հայաստանում դժվար ու ողբերգական իրադարձությունների հետ՝ Արցախում պատերազմ սկսվեց: Առաջ եկան նաև ֆինանսական խնդիրներ, ինչի պատճառով տարածել հավելվածը մեր երկրում այդ փուլում չստացվեց: Բայց հավելվածը հաջողությամբ ընդունվեց աշխարհի մի շարք երկրների կողմից, այդ թվում և մեր հարևան Վրաստանում, որտեղ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար ՀԿ-ներից մեկի՝ Սապարի միության հետ համագործակցության արդյունքում արդեն ունեն 15 հազարից ավելի օգտատերեր: Դրանով աղջիկները չեն սահմանափակվում.
«Մեր նոր ձեռքբերումներից է այն, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի և Իրաքի գրասենյակների հետ համատեղ հավելվածը ներդրելու ենք նաև Իրաքում, ինչը շատ մեծ առաջընթաց է մեզ համար, քանի որ հավելվածը կգործի նաև արաբերենով: Արդեն իսկ բանակցում ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Սիրիայի գրասենյակի հետ և շատ հնարավոր է, որ հաջորդ երկիրը, որտեղ կներդրվի մեր հավելվածը հենց Սիրիան կլինի»,- ասում է Մարիամը՝ ավելացնելով, որ միաժամանակ բանակցություններ են վարվում մի շարք այլ երկրների հետ՝ թե՛ գործադիր իշխանության մարմինների մակարդակով, թե՛ հասարակական կազմակերպությունների:
Այսօրվա դրությամբ հավելվածի ամենաքիչ օգտատերերը Հայաստանին են բաժին ընկնում, բայց Մարիամ Թորոսյանը վստահ է, որ դա ժամանակավոր բնույթ է կրում և առաջիկայում մեծ միջոցառում է անցկացվելու, որի ընթացքում տարբեր կազմակերպություններ իրենց լսարաններին կներկայացնեն SAFE YOU հավելվածի հնարավորությունները.
«Եվ հույս ունենք, որ արդեն հաջորդ շաբաթ մեր օգտատերերի թիվը Հայաստանում կեռապատկվի, եթե ոչ կքառապատկվի. Վրաստանի փորձը դա ցույց տվեց»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է հավելվածի շուրջ պատկան մարմինների, այդ թվում ոստիկանության հետ համագործակցությանը, ապա, Մարիամի տեղեկացմամբ, այս պահին շատ սերտ համագործակցություն է ձևավորվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և նախարարության տարածքային աջակցման կենտրոնների հետ: Համագործակցում են ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ինչպես նաև բանակցում Ոստիկանության հետ, որպեսզի համակարգային ինտեգրում տեղի ունենա. «Դեռևս մենք ենք իրականացնում իրենց իրազեկելու գործառույթը մեր օգտատերերի վտանգի մեջ գտնվելու դեպքում»,- տեղեկացրեց նա:
Նրա խոսքով, Հայաստանում մենք ոստիկանության դերը և դրա հանդեպ վստահությունը բարձրացնելու խնդիր ունենք, որովհետև ահազանգերի մեծ մասի հասցեագրված են ոչ թե իրավապահ մարմիններին, այլ ընկերներին:
«Մինչդեռ եթե մարդիկ սկսեն դիմել ոստիկանությունը, դա շատ ավելի արդյունավետ կլինի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի առումով: Այստեղ անելիք դեռ շատ կա, մենք պետք է կարողանանք վստահության այդ կամուրջները կառուցել, իսկ մինչ այդ ունենք մի պատկեր, երբ կանայք առաջնային ահազանգում են իրենց հարազատներին կամ ընկերներին ու հասարակական կազմակերպություններին և շատ քիչ ոստիկանությանը»,- ընդգծեց նա:
Հաշվի առնելով միջազգային համագործակցությունն ու ապագա պլանները բջջային հավելվածը կարելի է սոցիալական ձեռնարակատիրության հաջողված նախագիծ համարել:
Հարցին՝ տեսանելի՞ է արդեն այն արդյունքը, որի համար ստեղծվել էր հավելվածը, Մարիամը միանշանակորեն «այո» է պատասխանում.
«Նույնիսկ կյանքի փրկության դեպք ունենք ՝ կնոջ ու իր մինչև երեք տարեկան երեխայի: Մինչև վերջերս Հայաստանում ահազանգերի մեծ մասը, իհարկե, թեստային են, բայց 300-ից ավելի ահազանգ եղել են իրական», – ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով կարելի է հասնել դրական սոցիալական փոփոխությունների:
Ինչ խոսք, ցանկալի է, որ երբեք որևէ կին չբախվի այդ խնդրին ու կարիք չունենա ահազանգել իր նկատմամբ բռնության մասին՝ լինի դա ընտանիքում կամ մեկ այլ վայրում: Բայց իրողությունները, ցավոք, այլ են և՛ Հայաստանում, և՛ աշխարհում, ուստի SAVE YOU հավելվածն առավել քան արդիական գործիք է, որն օգնության ձեռք կմեկնի վտանգավոր իրավիճակներում:
SAFE YOU հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ.
https://apps.apple.com/us/app/safe-you/id1491665304
https://play.google.com/store/apps/details?id=fambox.pro
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1282