Սոֆի Մինասյան. «Իմ գերնպատակն է գիտելիքներս կիրառել ռազմական ոլորտում` դրանով իսկ նպաստելով մեր երկրի անվտանգությանը»
«Աշխարհը շատ արագ է զարգանում, մարդը չպետք է սահմանափակվի մեկ մասնագիտությամբ, այլ ընտրի տարբեր ոլորտներում ևս մեկ-երկու մասնագիտություն: Անհրաժեշտ է նաև տիրապետել մի քանի լեզուների ու դրանք որպես գործիք կիրառել աշխատանքում»,- համոզված է Գյումրիի Իրական դպրոցի 4-րդ կուրսի ուսանող, Գյումրիի Ավիամոդելային ակումբի սան, 18-ամյա Սոֆի Մինասյանը, ում հանդիպեցի Լոռու մարզի Լեռնապատ համայնքում գտնվող ԱԹՍ (անօդաչու թռչող սարք) օդանավակայանում:
Դեռ կառուցման պրոցեսում գտնվող այս օդանավակայանը պետք է ծառայի որպես տեխնիկական բազա բոլոր հետաքրքրված անձանց համար, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերով: Այսինքն՝ մարդիկ կկարողանան տեղում ԱԹՍ-ին խնդիրներ առաջադրել, փորձարկումներ կատարել: Այն կարող է ծառայել որպես Հայաստանում գործող ԱԹՍ խմբակների և մասնագիտական ընկերությունների կենտրոն:
Սոֆի Մինասյանն ավիամոդելային սպորտով հետաքրքրվել է դեռ մանկուց: Դասերից բացի հանգստյան օրերին ավիամոդելային ակումբի պարապմունքներին մասնակցելու իր բուռն ցանկությամբ կարողացավ ժամանակի ընթացքում հաղթահարել Գյումրիում արմատացած այն կարծրատիպը, թե «ավիամոդելավորումը աղջկա գործ չէ»:
Սոֆիի համոզմամբ ավիամոդելավորմամբ զբաղվելը միայն հոբի կամ նախնտրած սպորտաձև չէ, այն կարևոր նշանակություն և առաքելություն ունի: «Նախ՝ ռոմանտիզմը, որը ցանկացած նորարարությունն ուղեկցող զգացմունք է՝ աննկարագրելի հաճելի է տեսնել քո ձեռքով պատրաստած ու կապույտ երկնքում ճախրող ավիամոդելի թռիչքն ու սահուն վայրեջքը: Եվ հետո,արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց, թե որքան անհրաժեշտ է անվտանգության ապահովման տեսակետից բանակի տեխիկական հագեցվածությունը զենքերի բազմազան տեսականիով, որոնց թվում իր ուրույն տեղն ունեն աթս-ները»:
Չորս տարի հաճախելով ավիամոդելային ակումբի պարապմունքներին Սոֆին բավականին գիտելիքներ և հմտություն է ձեռք բերել: Հիշում է , թե ինչպես մեկ օրում կարողանում էր պատրաստել փոքր չափերի մոդել, հետագայում դրանց չափերն ավելացան, որի վրա աշխատանքը տևել է անգամ մեկ տարի:
Սոֆիի խոսքով իր պատրաստած մոդելները հիմնականում ազատ թռչող մոդելներ են, խմբով պատրաստում են նաև հեռակառավարման վահանակով ղեկավարվող թռչող սարքեր, որոնց թռիչքի բարձրությունը կախված է հեռակառավարման վահանակից: Խմբի սաներին հաջողվել է կառուցել 10 կիլոմետր բարձրությամբ և 500 մետր երկարությամբ թռչող անօդաչու սարքեր:
«Փորձարկման ընթացքում օգտագործում ենք նաև FPV տեսակի ակնոց է, որը տեղադրվում է սարքի վրա: Տեսախցիկը տեղադրում է ավիամոդելի վրա, հետո ակնոցներով միանում ենք մոդելին և հետևում թռչնի բարձրությունից այն, ինչ երևում է որոշակի հեռավորությից: Այնպիսի տպավորություն է, կարծես դու մոդելի մեջ լինես»,-պատմում է Սոֆին:
Նրա պատրաստած ավիամոդելները ինքնակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար Սոֆին երկար է աշխատել, գիտե, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր կատարել բարդ հնարքներ:
Պրպտող ու հետաքրքրասեր Սոֆին պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքները հարստացնում է համացանցի միջոցով: Նրա կարծիքով այսօր բոլորն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն և կարելի է ամեն ինչ ուսումնասիրել, այն ինքնակրթության և զարգացման հիանալի հնարավորություն է, եթե իհարկե, ցանկություն ունես: Ցավոք ավիամոդելի վերաբերյալ հայերեն լեզվով գրականությունը սահմանափակ է, ուստի անհրաժեշտ գրականությունն ու տեսանյութերը կարդում և դիտում է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Փոքր ինչ տիրապետում է ադրբեջաներեն լեզվին, ինչը կարծում է շատ կարևոր է տարածաշրջանում մեր անվտանգությունն ապահովելու տեսակետից:
Սոֆին ոգևորված է այն մտքից, որ այսօր աթս-ների հանդեպ հետաքրքրությունը հանրության շրջանում մեծացել է: Իհարկե դա պատերազմի հետևանքում է տեղի ունեցել, բայց կարևոր է, որ պարապմունքներին շատերն են մասնակցում, որոնց թվում քիչ չեն աղջիկները: Թեև մասնագիտությամբ ծրագրավորող է, սակայն իր մասնագիտությունը հավասարաչափ կկիրառի նաև նոր մոդելի աթս-ների ուսումնասիրության և պատրաստման համար:
-ԱԹՍ-ները կիրառվում են քաղաքացիական նպատակներով՝ արտակարգ իրավիճակների ժամանակ, բժշկության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, սակայն իմ գերնպատակն է գիտելիքներս կիրառել ռազմական ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի անվտանգությանը: Ինձ ոգևորում է նաև հայկական բանակում աղջիկների ծառայության հնարավորությունը: Վաղուց ժամանակն է, որ բանակը համալրվի նաև ռազմական արվեստին լրջորեն տիրապետող աղջիկներով, գերժամանակակից զինատեսակներով: Թեև հայոց բանակը քաջ ու անվեհեր զինվորի կարիք չունի, բոլորն էլ քաջ են, սակայն ունի հզոր զենքերի, գերժամանակակից աթս-ների կարիք,- համոզված է Սոֆին:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 934