Ինչպե՞ս ձեռք բերել փորձը, երբ որևէ գործատու աշխատանքի չի ընդունում առանց փորձի

 

«Պահանջվում է… աշխատանքային փորձը պարտադիր է»: Յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ իր կյանքում աշխատանք է փնտրել, բախվել է այն իրողության հետ, որ գործատուների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքային փորձի առկայությունն առաջանահերություն է համարում: Այլ կերպ ասած, բուհն ավարտած երիտասարդների համար, որոնք կրթություն ստանալուն զուգահեռ չեն աշխատել, աշխատանք գտնելը բավականին բարդ ու նյարդեր քայքայող գործընթաց է, որը հաղթահարելու համար իրապես մեծ ջանքեր են պահանջվում: Եվ արդյունքում երիտասարդներից շատերը ուղղակի աշխատանք են գտնում այն ոլորտում, որտեղ կարողանում են, շատ դեպքերում  մշտապես հեռանալով մասնագիտությունից:

 

 

ՀՀ Վիճագրական կոմիտեի տվյալներով,   15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 42%-ը և արական սեռի երիտասարդների 21%-ը չեն սովորում և չեն աշխատում: Ինչու՞…

 

 

Այս հարցի պատասխաններից մեկը կարելի է գտնել  աշխատանքային հայտարարություններում, որոնց մեծ մասում  ընդգծվում է՝ աշխատանքային փորձը պարտադիր է: Բայց ինչպե՞ս ձեռք բերել այդ փորձը, երբ որևէ գործատու աշխատանքի չի ընդունում առանց փորձի: Խնդիրը հատկապես սուր է երիտասարդ կանանց շրջանում, քանզի պարտադիր փորձի հետ մեկտեղ պահանջներ են ներկայացվում  «բարետես արտաքինի», տարիքի, կազմվածքի, «անկաշկանդ» վարքագծի հետ կապված: Ու թեև օրենքով դա արգելված է, աշխատանքային հայտարարություններում աշխատանքի բնույթի հետ առնչություն չունեցող պահանջները շարունակում են նշվել:   

 

 

24-ամյա Աննան բուհն ավարտելուց հետո շատերի նման  առերեսվեց  աշխատանքային փորձի պահանջին,  սակայն , կարելի է ասել, «բախտը բերեց», քանի որ խնդիրը յուրովի լուծում ստացավ…

 

 

 «Մասնագիտությամբ լեզվաբան-մանկավարժ եմ: Տարիներ առաջ, երբ որոշում կայացրեցի լեզվաբան դառնալ, մտածում էի, որ աշխատանք գտնելու հարցը բավականին հեշտ կլինի՝  լեզու իմանալը լավ բան է: Բայց պարզվեց, որ ոչ մի բան էլ հեշտ չէ՝ բոլոր գործատուները, որոնց դիմել եմ, քանի որ ես լիովին համապատասխանում էի իրենց ներկայացրած պահանջներին, ինձ մերժում էին նույն հիմքով՝ աշխատանքային փորձ չունեմ: Իսկ ի՞նչ փորձ, եթե նոր եմ ավարտել ու բոլորն էլ մերժում են. լրիվ փակուղի: Ելքը գտնվեց, երբ ընդունվեցի հայտնի հոլդինգներից մեկին պատկանող սրճարանում աշխատանքի, և ընդամենը մի քանի ամիս անց արդեն ունեի աշխատանքային փորձ, որն այդքան ցանկալի է գործատուների  համար: Կրկին  դիմելով իմ մասնագիտությամբ  աշխատանքի դրական պատասխան ստացա:  Հատկանշական է, որ ինձ որևէ մեկը չհարցրեց, թե ինչ եմ արել նախորդ աշխատավայրում, ենթադրում եմ, որ կարևոր էր միայն հոլդինգի անունը և  որ հարցին՝ «փորձ ունե՞ս», տաս դրական պատասխան: Արդյունքում, հիմա աշխատում եմ գոնե իմ մասնագիտության հետ առնչություն ունեցող ոլորտում»,- WomenNet-ի հետ զրույցում պատմեց Աննան՝ ընդունելով, որ իր դեպքը եզակի է և չի կարող լուծում լինել այդ խնդրին, որն ավելի շատ համակարգային մոտեցում է պահանջում:

 

 

Հարցի շուրջ փորձագիտական  քննարկումները տարբեր ելքեր են մատնանշում: Օրինակ,  գուցե անհրաժեշտ է, որ ուսանելու ընթացքում մասնագիտական  պրակտիկան կամ կամավորությունը որպես աշխատանքային փորձ համարվեն, կամ էլ մասնագիտությամբ աշխատանքային փորձ ձեռք բերելու խնդրով ուսանողները սկսեն հետաքրքրվել շատ ավելի վաղ, քան բուհն ավարտելուց հետո: Մյուս կողմից,  գործատուներն այնքան էլ հակված չեն աշխատելու հնարավորություն տալ ուսանողներին, շատերը չեն համաձայնվում  ճկուն աշխատանքային գրաֆիկով կամ  կես դրույքով  աշխատանքի ընդունել՝ հորդորելով ուսանողին անցնել հեռակա ուսուցման: Որոշ հեռանակարներ են բացվում աշխատաշուկայում համավարակի պայմաններում , խոսքն  որոշ բնագավառներում օն-լայն աշխատելու հնարավորությունները զարգացնելու մասին է,  ինչից կօգտվեն ոչ միայն ուսանողները, այլ  կանայք, ովքեր կկարողանան ավելի հեշտ համատեղել աշխատանքն ու ընտանիքի անդամների խնամքի  հետ կապված ծանրաբեռնվածությունը և երեխա ունենալուց հետո ավելի շուտ կվերադառնան աշխատանքի:  Բոլոր դեպքերում խնդիրը  լուծումներ է պահանջում, այլապես  երիտասաևդ մասնագետների ներուժի փոշիացումը շարունակվելու է՝ հանգեցնելով  ավելի  լուրջ հիմնախնդիրների:  

 

 

Աշխատանք փնտրելու հարցում երիտասարդ կանանց դեպքում ավելանում է ևս մեկ խնդիր՝ դեկրետից հետո աշխատանք գտնելը դառնում է նույնքան խնդրահարույց, ինչպես անմիջապես բուհն ավարտելուց հետո: Կարինեն 28 տարեկան է, ունի բարձրագույն  տնտեսագիտական կրթություն, հաշվետարի 5 տարվա աշխատանքային փորձ: Վերջին երեք տարին չի աշխատել երեխայի խնամքի պատճառով, իսկ հիմա չի կարողանում աշխատանք գտնել.

 

 

 

«Երբ լսում են, որ փոքրիկ բալիկ ունեմ ու վերջին երեք տարին նրա խնամքով եմ զբաղված եղել, անմիջապես հետաքրքրությունն իմ անձի նկատմամբ կորցնում են, կարծես վերջին երեք տարում այնպիսի հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել իմ մասնագիտության մեջ, որ ես երբեք չեմ կարող դրանք ընկալել ու սովորել»,- ասում է Կարինեն: Ասում է, որ որոշ գործատուներ է՝ օգտվելով այդ հանգամանքից, առաջարկում են ոչ հարիր պայմաններով ու վարձատրությամբ աշխատանք: Այլ կերպ ասած՝ հասկանալով, որ կինը բարդ վիճակում է ու աշխատանքը կարևոր է, նրանք կարող են աշխատանքային պարտականությունները փոփոխել, աշխատավարձ նվազեցնել և այլն. «Կարծես թե, իմ երեխա ունենալը կյանքիս մեծագույն սխալն է, որի համար ես պետք է հիմա կրեմ այս բոլոր զրկանքները», -հավելում է նա:

 

 

Ու, թերևս, հենց սա է պատճառներից մեկը, թե ինչու, ՀՀ Վիճագրական կոմիտեի տվյալներով, աշխատուժից դուրս են մնում (տնտեսապես ոչ ակտիվ են ) կանանց 50.4%-ը և տղամարդկանց 28.3%-ը:  Գենդերային խզումը գնահատվում է  43.7%: Այն հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում (72.7%-79.1%) և  հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով ծանրաբեռնվածությամբ (հղիություն, ծննդաբերություն, երեխայի և տարեցների խնամք, տնային տնտեսություն և այլն):

 

 

 

Իրականում նշված օրինակները  միակը չեն: Աշխատաշուկայում իսկապես խնդիրները շատ են ու բազմաբնույթ, կարգավորումների անհրաժեշտությունն էլ մեծ: Տարիներ շարունակ խոսվում է Հայաստանում կանանց և տղամարդկանց համար հավասար աշխատանքային իրավունքների ապահովմանն ուղղված քաղաքականության բարեփոխման անհրաժեշտության մասին, ՀԿ սեկտորը ներկայացնում է առաջարկություններ, այդ թվում և անվերջ մշակվող Աշխատանքային օրենսգրքում, սակայն սայլը տեղից չի շարժվում:

 

 

Կա նաև անեկդոտ հիշեցնող մի ծայրահեղություն ևս, որ մեր իրականության մեջ էլ հանդիպում է: Դա այն է, երբ պոտենցիալ գործատուն հարցազրույցի ժամանակ՝ ներկայացնելով ընկերությունը, հայտարարում է, որ պետք է մոռանալ այն ամենը, ինչ սովորեցրել են բուհում, իսկ երբ ի պատասխան դրան  լսում է, որ դիմումատուն չի սովորել՝ մերժում նրան, ասելով, թե նման թեկնածուն իրենց չի համապատասխանում: Բայց սա արդեն այլ պատմություն է…

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդալ մեր կայքւմ թեմայի շուրջ.

 

Երիտասարդ կանայք աշխատանքի շուկայում. ինչու՞ են նրանք առավել խոցելի

 

 

Դիտումների քանակը` 876

Գլխավոր էջ