Հաշմանդամություն ունեցող կանայք աշխատանքի շուկայում. կրկնակի խտրականություն
Հայաստանում դժվարությամբ են աշխատանք գտնում թե հաշմանդամություն ունեցող, թե հաշմանդամ հարազատին խնամող կանայք…
…Տեղաշարժման խնդիրներ ունեցող և սայլակից օգտվող Աիդան հաճախ է պատուհանից նայում աշխատանքի շտապող հարևանուհուն։ 35-ամյա կինն ապրում է Արարատի գյուղերից մեկում։ Երբեք որևէ տեղ չի աշխատել, չի էլ պատկերացնում, որ հաշմանդամություն ունեցողը կարող է աշխատել։ «Գյուղերում հատկապես արմատացած են կարծրատիպերը։ Իմ կյանքի միակ հետաքրքրությունը սայլակով բակ, երբեմն փողոց դուրս գալն է ու հորաքրոջս դստեր այցելությունները։ Ժամանակի հետ ընկերուհիներն էլ, հարազատներն էլ էլ քեզանով չեն հետաքրքրվում, մնում ես միայնակ խնդիրների ու դժվարությունների հետ»,-ասում է նա։ Հիմա Աիդայի միայնակ մայրն է հոգում նրա խնամքը։ Մայրն էլ երբեք որևէ տեղ չի աշխատել։ Բակին կից փոքիկ հողակտորն է մշակում, ունեցած սեփական հողատարածքներն էլ վարձակալությամբ է հանձնել, դստեր խնամքի հետ չի հասցնում։ «Հողն անընդհատ խնամք է ուզում, ճիշտ դստերս պես։ Մի պահ ուշացրեցիր բույսը ջրել, էտել, քաղհանել կամ էլ բերքը հավաքել, ամբողջ աշխատանքդ ջուրը կլցվի»,-ասում է մայրը։ Աիդան հասկանում է, որ մայրը գնալով ծերանում է, սկսել է դժվարությամբ իրեն սայլակից բարձրացնել… Չի էլ պատկերացնում, թե ոնց կարող է ապրել առանց մոր՝ ֆինանսական, հոգեբանական, կենցաղային հարցերում աջակցության։.
..Զոհրապը պայմանագրային զինծառայող է։ Պատերազմի ընթացքում Կովսականի հատվածում ոտքի հրազենային վնասվածքն արդեն ամիսներ շարունակ նրան նախ մահճակալին, ապա սայլակին էր գամել, հիմա արդեն ձեռնափայտն է դարձել մշտական ուղեկիցը։ Երբ նա դուրս էր գրվել հոսպիտալից ու բուժումը շարունակում էր տանը, մայրն էր կողքին։ Արդյունքում ռեստորանում որպես մատուցող աշխատող կինը բացակայությունների պատճառով կորցրեց հիմնական աշխատանքը։ «Հիմա պատկերացրեք իմ վիճակը, երբ Զոհրապը քիչ է վարձատրվում, երբ նրան դեղորայք է հարկավոր, գրեթե ամեն շաբաթ հիվանդանոց տանելու համար գումար է պետք, վիտամիններով հարուստ սնունդ է պետք, տան վարձն է պետք վճարել, ինձ էլ աշխատանքից ազատեցին»,-ասում է զինծառայողի մայրն ու շարունակում թվարկել խնդիրները…
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը
«Աշխատանքի շուկան Հայաստանում» 2020 հրապարակման համաձայն, 2019-ին աշխատուժից դուրս գտնվող 883 հազար մարդուց 592.800-ը կամ 67%-ը կանայք են։ Աշխատուժից դուրս մնալու հիմնական պատճառներից են տնային տնտեսության վարումը, այդ թվում նաև երեխաների, տարեցների, հաշմանդամների խնամքը, հաշմանադամություն ունենալը, կենսաթոշակառու լինելը։
Այսպես, աշխատուժից դուրս կանանց 16.8%-ն ունի հիվանդության կամ հաշմանդամություն, տղամարդկանց դեպքում՝ 21.8 %-ը։ Աշխատուժից դուրս կանանց 2.3%-ը խնամում է ընտանիքի հիվանդ, հաշմանդամ կամ էլ ծեր անդամի, տղամարդկանց պարագայում այս ցուցանիշը 0.5% է, աշխատուժից դուրս կանանց 11.7 %-ի դեպքում պատճառը երեխայի խնամքն է, տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը 0.3 % է։
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
Հայաստանում հաշմանդամություն ունեցողների տնտեսական ակտիվությունը շատ ցածր է, առավել ցածր է հաշմանդամություն ունեցող կանանց տնտեսական ակտիվությունը, փաստում է «Ունիսոն» ՀԿ-ն իր պատրաստած զեկույցը։ Այն մշակվել է ՀԿ-ի կողմից Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դրսևորումների բացահայտման նպատակով «Պայքար հաշմանդամության հիմքով խտրականության դեմ» ծրագրի շրջանակներում։
Զեկույցի գնահատմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները թեպետ բազմազան են և տարաբնույթ, սակայն շատերի համար Հայաստանում ամենաարդիական հիմնախնդիրը հաշմանդամների սոցիալական և տնտեսական ներառման ծրագրերի անարդյունավետությունն է: Չնայած պետությունն իրականացնում է ծրագրեր աշխատաշուկայում հաշմանդամների մասնակցությունը մեծացնելու համար, սակայն այդ ծրագրերի գերակշիռ մեծամասնությունը չունի կայունության բարձր ցուցանիշ: Այսինքն, հաճախ գործատուներն օգտվելով որոշակի ժամանակահատված պետական արտոնություններից, այնուհետև ազատում են հաշմանդամություն ունեցող աշխատողներին և փոխարինում նրանց նորերով: Շատ են լինում նաև դեպքերը, երբ հաշմանդամներն աշխատաշուկայում շահագործման և չարաշահման են ենթարկվում. չեն վճարվում կատարած աշխատանքի համար, գործատուն վճարում է աշխատավարձն ուշացումներով և այլն:
Զեկույցի հեղինակները նշում են, որ շահագործումը հաշմանդամություն ունեցող աշխատողների հանդեպ ավելի շատ է:
«Մի քանի գործատուներ խաբել են ինձ՝ քիչ վճարելով, նրանք կարծում են, եթե ես տանից եմ աշխատում, ուրեմն իմ աշխատանքի արդյունավետությունը կարող է ցածր լինել։ Սա ոչ թե խտրականություն է, այլ չարաշահում է: Մարդկանց մոտ էդ տգետ կարծիքը կա, որ վայ դու ինչ կարաս անես, բացի այդ հաշմանդամություն բառից իրենք վախենում են»,- ասել է զեկույցի հարցման մասնակիցներից մեկը:
«…Ես տանից եմ աշխատում, մի քանի սեփականատերեր են եղել, որ հեռահար շփում է եղել ու այնպես է եղել, որ ես տանն եմ աշխատում ու իմ աշխատանքի արդյունավետությունը կարող է ցածր լինել ու խաբել են ինձ: Սա ոչ թե խտրականություն է, այլ չարաշահում է: Ես տանից եմ աշխատում և որևէ մեկին չեմ ասել, որ հաշմանդամություն ունեմ ու չեմ շահարկել այդ փաստը, բայց եթե ասեի, դա իրենք իմ դեմ կօգտագործեին: Մարդկանց մոտ էդ տգետ կարծիքը կա, որ վայ դու ինչ կարաս անես, բացի այդ հաշմանդամություն բառից իրենք վախենում են»:
Հենվելով հարցումների վրա, զեկույցի հեղինակները նշում են, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 69%-ը, երբևէ հանդիպել է խտրականության: Ընդ որում՝ խտրականության հանդիպած հարցվածների 58%-ը հիմնականում հենաշարժողական ֆունկցիաների խանգարումներով հարցվողներն են, 31%-ն ունեն հաշմանդամության 1-ին խումբ, 29%-ը՝ 2-րդ խումբ, իսկ 27%-ը՝ 3-րդ: Խտրականության հանդիպած հարցվածների 38%-ը տղամարդիկ են, իսկ 62%-ը՝ կանայք: Այսինքն՝ կանայք շուրջ 1,5 անգամ ավելի հաճախ են հանդիպում խտրականության: Այլ ընդգծված խտրականության դրսևորումներ՝ ըստ բնակավայրի տիպի, կրթության և տարիքի, չեն արտահայտվել:
Հարցվածների պնդմամբ, իրենք հաճախ չեն մասնակցում նույնիսկ ընտանիքում կարևոր որոշումների կայացմանը, մեծ դժվարություններ են ունենում գործատուների հետ շփման ժամանակ և խտրականության են հանդիպում կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթության, աշխատանքի, ընտանիքի անդամների, ընկերների շրջապատում և այլն: Հաշմանդամության պատճառով շատերը հաճախ են հանդիպում ծաղրական վերաբերմունքի, արհամարհանքի ու անտեսման:
Համաձայն հետազոտության արդյունքների՝ խտրականությունն սկսվում է ընտանիքից, այնուհետև կարող է դրսևորվել նաև հասարակական տարբեր ինստիտուտների հետ շփման ժամանակ: Այն կարող է առաջանալ աշխատանքի ընդունվելիս, ուսման կամ բուժօգնություն ստանալու ընթացքում և կենսագործունեության տարաբնույթ իրավիճակներում ու վայրերում:
«Խտրականությունը տարբեր է: Սկսած, դու որ քայլեիր, կսովորեիր էլ, իսկ հիմա քեզ 9-ամյա կրթությունն էլ հերիք է: Դրա պատճառով էլ ես հիմա ոչ կարում եմ շարունակեմ ուսումս, ոչ էլ լավ աշխատանք գտնեմ: Տանը մուտքը փոխեցին ու հաշվի չառան, որ ես կարողա ընդհանրապես չկարողանամ տանից դուրս գամ, աշխատանքի գնամ, իսկ աշխատանք գտնելուց էլ պետք է հեռավար մի բան գտնեմ, որ ոչ մեկին չասեմ՝ տար-բեր: Աշխատանքի համար էլ մեկը զանգեց, պլանշետի փող ուզեց ու խաբեց, էդ էլ դառավ թեմա, թե խի դիմիր, մեզ խայտառակեցիր: Մեզ ինչ գործ, ինչ բան: Կոպիտ ասած ապրի մինչև կմեռնես: Լավա էլի: Ի՞նչ նպատակ, ի՞նչ բան: Նախքան վիրուսը ԱԻՆ-ից կանչեցին՝ ոչ թողեցին ես գնամ, ոչ տարան դիմումս: Գնաց կորավ: Հիմա էլ համավարակի ընթացքում խոցելի խումբ եմ, մերժում են: Եկած ժամանակ, ասում են դու էս տանը չես օգնում, չկամ ես, դու ինչ գիտես աշխատելն ինչա: Նենց որ ընտանիքում ապրելը բան չի փոխում: Դու՝ քո հարցերը ու քո առողջությունը, ժամանակ չկա: Էլի լավա քուրս քաղաքումա ապրում: Գնում եմ սեմինարների կամ մոնիթորինգի գնալուց, գնում եմ իմ ֆինանսը, որ հերիքի, ես կարանամ իմ սովորելու, տրանսպորտի հարցը լուծեմ: Պետությունն ինչ իրավունք էլ տա, օգտվողա պետք»:
«Ձեռնափայտով, եթե տեսնում են, աշխատանքի չեն ընդունում: Ինձ համար կարևոր է, որ ես ինքնուրույն իմ երկրում կայանամ: Ներկա պահին ես ուսուցման ժամանակ խնդիր ունեմ և հմտությունների բացակայության պատճառով չեն օգնում, որ որպես սկսնակ առաջ գնաս: Ասում են կասայում (касса) չես կարող աշխատել ձեռնափայտով: Գործատուներին պետք է բարետես արտաքին, ամեն ինչում իբրև թե խորամանկ, թեթևսոլիկ մարդ, որի պատճառով չեմ կարողանում աշխատանք չեմ գտնում: Ինձ այնքան հնարավորություն չեն տալիս, որ այդ իմ ուսուցումը ես կարող էի մի քանի օրվա պրակտիկայի արդյունքում անեի»:
Ի՞նչ է փաստում Մարդու իրավունքների պաշտպանը
Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ տարեկան հաղորդումներում բարձրաձայնել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի և զբաղվածության իրավունքի իրացման հետ կապված խնդիրները: Նրա դիտարկմամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ապահովման հարցը շարունակում է մնալ արդիական: Խնդիրը համակարգային է, քանզի այն իրականացվող զբաղվածության խթանմանն ուղղված ոչ բավարար պետական ծրագրերի, միջավայրային արգելքների և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ կարծրատիպերի առկայության արդյունք է:
Մինչդեռ, հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքն ու զբաղվածությունը իրավունքի իրացումը ոչ միայն ապահովում է նրա եկամտի, ապրուստի կայունությունը, այլ նաև անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի իրացման համար գործուն երաշխիքներից է:
Իր՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ, պաշտպանն արձանագրում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի իրացումը 2020 թվականին ոչ միայն շարունակել է մնալ չլուծված, այլ նաև առկա համակարգային տվյալ խնդրի որոշ դրսևորումներ առավել են խորացել 2020 թվականին հայտարարված արտակարգ դրության և ռազմական դրության ընթացքում:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կապակցությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասխան Պաշտպանի հարցումների, հայտնել է, որ 2020 թվականին իրականացվել է զբաղվածության պետական կարգավորման 13 ծրագիր: Նախատեսվել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք՝ որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ, բոլոր ծրագրերում կարող են ընդգրկվել առաջնահերթության կարգով։ Կարևորելով պետության իրականացրած ծրագրերը՝ պաշտպանը սակայն նշում է, որ դրանք բավարար արդյունավետ չեն եղել խնդիրը լուծելու համար:
Պաշտպանին հասցեագրած բողոքները վկայում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք պատշաճ տեղեկացված չեն ծրագրերի և իրենց իրավունքների իրացման հնարավորությունների մասին: Սա էլ հանգեցնում է նրան, որ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում զբաղվածության ծրագրերից:
Մեկ այլ խնդիր է այն, որ 2020 թվականին էականորեն նվազել է հաշմանդամություն ունեցող այն անձանց թիվը, ովքեր զբաղվածության պետական ծրագրերի աջակցությամբ: Դա կարող է պայմանավորված լինել նաև արտակարգ դրության և ռազմական դրության սահմանափակումներով: Մինչդեռ, միջազգային փորձը վկայում է, որ, օրինակ, նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվել են աշխատանքային հնարավորություններ՝ վերանայելով նրանց համար նախատեսված ծրագրերը: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել են տարբեր հաստատությունների թեժ գծերի կամ մարդկանց կարիքների գնահատման հարցազրուցավարի աշխատանքներում, ինչպես նաև համավարակի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկում ապահովող ծրագրերում: Այս մասին նշված է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության ուղեցույցում:
ՄԻՊ-ը հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող ծնողների զբաղվածության մասին
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է նաև, որ 2020 թվականի ընթացքում չլուծված է մնացել տարիներ շարունակ Պաշտպանի կողմից բարձրացված հարցը՝ կապված հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող անձանց զբաղվածության ապահովման հետ: Այս մասին են վկայում նաև Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամների և այլ հասարակական կազմակերպությունների դիտարկումները: Թեև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ 2020 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող երեխաների 30 մայրեր մասնակցել են «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի մասնագիտական ուսուցման դասընթացներին և ձեռք են բերել աշխատաշուկայում պահանջված տարբեր հմտություններ, սակայն պաշտպանի դիտարկամամբ, այնուամենայնիվ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր համակարգային խնդրի լուծման համար:
Պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքներով ծնողները վկայակոչել են այն փաստը, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ որևէ երաշխիք (օրինակ՝ Դաունի համախտանիշով երեխայի խնամքով զբաղվելու համար հավելյալ ազատ ժամանակ) նախատեսված չէ հաշմանդամություն ունեցող երեխա խնամող ծնողների համար: Այս իրավիճակը բարդեցնում է երեխայի խնամքի կազմակերպման գործընթացը, որի հետևանքով ծնողները ոչ միայն զրկվում են իրենց աշխատանքի իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ ստիպված լինելով հրաժարվել իրենց աշխատանքից այլ նաև մեկուսանում են հասարակությունից:
Մինչդեռ միջազգային փորձը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների տնտեսական, սոցիալական և աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով ձեռնարկվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում ՝ երեխայի խնամքն իրականացնելու նպատակով տրամադրվում են հավելյալ դրամական միջոցներ կամ ապահովվում է երեխայի խնամքը և աշխատանքը համատեղելու հնարավորությունը: Նման փորձ է առկա, օրինակ՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլն: Այսպիսով, խնդիրը համակարգային է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև նրան խնամող անձի աշխատանքի և զբաղվածության իրավունքի տեսանկյունից:
Ինչու՞ է կասեցվել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորմանը նպաստող քվոտան
Մարդու իրավունքների պաշտպանը 2019 թվականի տարեկան հաղորդմամբ բարձրացրել է՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման քվոտայի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործողության կասեցման հարցը: Պաշտպանը նշել էր, որ քվոտայի պարտադիր պահանջի կասեցման արդյունքում էլ ավելի էր խորացել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքի իրացման հետ կապված համակարգային խնդիրը: Ըստ այդմ՝ Պաշտպանն առաջարկել էր հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել քվոտավորման համակարգը: Այս ուղղությամբ 2020 թվականի ընթացքում քայլեր չեն ձեռնարկվել և խնդիրը շարունակել է մնալ համակարգային:
ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն նշել է, որ մտահոգիչ է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զգալի գործազրկության ցուցանիշները և անհրաժեշտ զբաղվածության քաղաքականության և ծրագրերի բացակայությունը, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցել բաց աշխատանքային շուկային: Ըստ այդմ, Կոմիտեն առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ընդգրկել ազգային զբաղվածության քաղաքականությունում և ծրագրերում, բարեփոխել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, ներառյալ պարտադիր քվոտաների, հանրային և մասնավոր սեկտորի գործատուներին խրախուսելու միջոցառումների մասով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կոմիտեին ներկայացված զեկույցում քվոտայի համակարգի կասեցումը պատճառաբանել է կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման հետ կապված՝ որոշակի ոլորտներում առաջացած մի շարք օբյեկտիվ խոչընդոտներով: Մինչդեռ, վկայակոչված խոչընդոտների օբյեկտիվությունը գնահատող վերլուծական տվյալներ չեն ներկայացվել, նշել է ՄԻՊ-ը: Մինչդեռ միջազգային փորձը վկայում է, որ առկա են դեպքեր, որբ քվոտավորման ապահովման պահանջը պարտադիր բնույթ ունի (օրինակ՝ Ավստրիա, Ֆրանսիա և այլն):
Միջազգային փորձը վկայում է նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման հարցում էական դեր է խաղում այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատությունները կամ խնամյալները մասնակցում են տարբեր համայնքային և պետական ծրագրերի, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծմանը:
Ըստ մարդու իրավունքների պաշտպանի եզրակացության, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերն արդյունավետ չեն, իսկ որոշ դեպքերում առհասարակ չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձի զարգացման հնարավորություններին և աշխատաշուկայի կարիքներին: Արդյունքում, նախադրյալներ են ստեղծվում աշխատաշուկայից դուրս մնալու և անձի նկատմամբ հաշմանդամությամբ պայմանավորված խտրականության դրսևորման համար:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 977