Համավարակի պատճառով անհավասարությունն աշխատանքի շուկայում խորանում է. ԱՄԿ

 

Կորոնավիրուսի համավարակից վերականգնման շրջանում ավելի քիչ կանայք են վերադարձել իրենց աշխատատեղեր, քան տղամարդիկ, փաստում է Աշխատանքի  միջազգային գործակալության նոր ուսումնասիրությունը:  

 

 

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակի ընթացքում կանանց աշխատանքի և եկամտի կորուստները դեռ կպահպանվեն մոտ ապագայում:

 

 

«Դեպի ավելի արդար ապագա. Կանանց աշխատանքային իրավունքները COVID-19-ից վերականգնման համատեքստում» խորագրով հետազոտության ամփոփագիրը փաստում է, որ 2019-2020 թվականների ընթացքում կանանց զբաղվածության մակարդակը ողջ աշխարհում նվազել է 4.2%-ով, որը կազմում է 54 մլն աշխատատեղ։ Այդ նույն ժամանակահատվածում տղամարդկանց զբաղվածությունը նվազել է 3 %-ով, որը կազմում է 60 մլն աշխատատեղ։

 

 

«Սա նշանակում է, որ 2019 -ի համեմատ 13 միլիոնով ավելի քիչ կանայք կաշխատեն, սակայն աշխատող տղամարդկանց թիվը, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի  այն նույն մակարդակին, որն առկա էր երկու տարի առաջ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 2021 թվականին աշխարհում աշխատունակ տարիքի կանանց միայն 43 %ն է աշխատանքի ընդունվելու՝ իրենց տղամարդ գործընկերների 69 %ի դիմաց»,-ասված է զեկույցում։

 

 

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետազոտության, կանայք բախվել են  աշխատանքի և եկամուտների անհամաչափ կորուստների, քանի որ առավել շատ  են ներկայացված այն ոլորտներում, որոնք ամենից շատ են տուժել համավարակով պայմանանավորված սահմանափակումներից՝ հյուրանոցներ, սննդի ծառայություններ,  արտադրություն և այլն։

 

 

Տարածաշրջանային տարբերությունները

 

Համավարակի հետևանքով  ոչ բոլոր տարածաշրջաններն տուժել են նույն կերպ։  Օրինակ, ուսումնասիրությունը պարզել է, որ ամերիկյան մայրցամաքներում կանանց զբաղվածությունն ամենից շատ է տուժել, այդ ցուցանիշը նվազել է ավելի քան 9 %-ով։ Ավելի քան 4% ցուցանիշով ամերիկյան մայրցամաքներին հաջորդում են  Արաբական պետությունները, այնուհետև ԱսիաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է՝ 3.8 %-ով, Եվրոպան՝ 2.5 %-ով և Կենտրոնական Ասիան՝ 1.9 %ով: 2019-2020 թվականների ընթացքում Աֆրիկայում տղամարդկանց զբաղվածությունը նվազել է ընդամենը 0.1 %-ով, իսկ կանանցը՝ 1.9 %-ով:

 

 

Համավարակի հետևանքների մեղմացմանն ուղղված ջանքեր

 

 

Համավարակի ողջ ընթացքում կանանց վիճակը զգալիորեն ավելի լավ է եղել այն երկրներում, որոնք միջոցներ էին ձեռնարկում նրանց աշխատանքից զրկելը կանխելու համար, ինչպես նաև հնարավարություն էին ստեղծում աշխատուժ վերադառնալ հնարավորինս շուտ:

 

 

Օրինակ, Չիլիում ու Կոլումբիայում վարձու նոր աշխատողների համար պետությունը կիրառել է սուբսիդիաներ, որոնք  կանանց համար ավելի բարձր են եղել։

 

Կոլումբիան և Սենեգալը այն երկրներից  էին, որոնք նպատակաուղղեցին աջակցությունը կին ձեռներեցներին։

 

 

Մեքսիկայում և Քենիայում ավելի առաջ են գնացել ու քվոտաներ են սահմանել, որոնք երաշխավորում են, որ կանայք կօգտվեն զբաղվածության պետական ծրագրերից:

 

 

Հայաստանի փորձից կարելի է նշել ՀՀ Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում իրականացված մի շարք փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված էր արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքով: Փոփոխությունների թվում ներառվել են դրույթներ հօգուտ երեխա ունեցող աշխատողների: Ընդհանուր առմամբ,  ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք ծրագրերում դրսևորել է ընտանիքամետ մոտեցումներ՝ առանձնացնելով որպես խոցելի խմբեր երեխաներին և կանանց: Սակայն այդ աջակցության ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև համավարակի ազդեցությանը աշխատանքի շուկայի վրա, ապա  այս պահին  ամփոփ  գնահատումներ ու տվյալներ, այդ թվում սեռով տարբերակաված,  դեռևս չկան:

 

 

Կառուցելով  ապագան

 

 

Աշխատանքի միջազգային գործակալության փորձագետները նշում են, որ առկա անհավասարությունը հաղթահարելու  համար  ձեռնարկվող քայլերի ու մշակվող ռազմավարությունների հիմքում պետք է դրվի գենդերային գործոնը։ Այս առումով կարևորում են ներդրումները հատկապես առողջապահության, սոցիալական աշխատանքի ու կրթության ոլորտներում, որտեղ մեծ թվով կանայք են ընդգրկված։

 

 

Ավելին, երեխայի խնամքի արձակուրդի քաղաքականությունը և ճկուն աշխատանքային պայմանները կարող են խրախուսել աշխատանքի հավասար բաժանումը կանանց և տղամարդկանց միջև: Գենդերային առկա բացի խնդիրը կարելի է լուծել նաև համպարփակ, համարժեք և կայուն սոցիալական պաշտպանության համընդհանուր հասանելիության ուղղությամբ աշխատանքով։ ԱՄԿ փորձագետները խնդրի լուծմանն ուղղված վճռական ու կարևոր քայլ են համարում նաև հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունը։

 

 

Համավարակի ընթացքում սրվել է ընտանեկան բռնությունների, աշխատատեղերում գենդերային բռնությունների ու ոտնձգությունների խնդիրը, ինչն էլ ավելի է դժվարացնում կանանց աշխատուժում ընդգրկված  լինելու հնարավորությունը։ ՄԱԿ-ի գործակալության զեկույցում նշվում է այս  չարիքի անհապաղ վերացման կարևորության մասին։

 

 

Աշխատանքի միջազգային կազմակերպությունում նշում են, որ որոշումների կայացման մակարդակում կանանց մասնակցության ընդլայնումը և առավել արդյունավետ սոցիալական երկխոսության խթանումը նույնպես էական նշանակություն կունենան։

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք էեմայի շուրջ մեր կայքում.

 

Համավարակի տնտեսական հետևանքները

 

Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

 

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են արվել հօգուտ երեխա ունեցող աշխատողների

 

 

 

Դիտումների քանակը` 952

Գլխավոր էջ