ՏԻՄ ընտրությունները կանցնեն հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հուլիսի 22-ին կայացած իր արտահերթ նիստում որոշում կայացրեց փոխել այս տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը՝ հիմնավորելով այդ որոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով ի հայտ եկած նոր հանգամանքներով: Ըստ ԿԸՀ-ի որոշման, մինչ այդ նախատեսված սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն ՏԻՄ ընտրություններն կանցնեն հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվերակության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նրա պարզաբանմամբ, նորընտրիր խորհրդարանի երկու նոր խմբակցությունները պարտավորություն և իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, իսկ ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:
Բացի այդ, ըստ Ա. Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ՏԻՄ ընտրությունները պատշաճ կազմակեպելու համար : Սպասվող ընտրություններն իրենց մասշտաբով ամենամեծն են լինելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել:
Հիշեցնենք, որ այս տարի համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, որտեղ վերջին ընտրություններն անցել են 2016 թվականին: Համամասնական ընտրություններ են անցկացվելու նաև մի շարք խոշորացված համայնքներում: Անցյալ տարվա հունիսին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխության համաձայն, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Դա նշանակում է, որ բոլոր այդ համամասնական ընտրությունների ժամանակ գործելու է ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված թեկնածուների առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան: Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը և ավագանու անդամները մեծամասնական ընտրակարգով են ընտրվելու, և այս դեպքում գենդերային քվոտան չի գործելու:
Դիտումների քանակը` 1099