Ուժի մեջ է մտել աշխատաշուկայում բռնությունների ու ոտնձգությունների խնդրի վերաբերյալ  առաջին կոնվենցիան

 

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն քարոզարշավ է սկսել՝ ուղղված աշխատաշուկայում բռնությունների ու ոտնձգությունների վերացման մասին միջազգային կոնվենցիայի վավերացմանը։  Կազմակերպության տարածած հաղորդագրության  մեջ նշվում է, որ այդ խնդիրներով առաջին  միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 25-ին՝  Աշխատանքի միջազգային կոնֆերանսի ժամանակ փաստաթղթի հաստատումից ճիշտ երկու տարի անց։

 

 

Այսօր արդեն կոնվենցիան    վավերացված է վեց երկրների կողմից։ Դրանք են Արգենտինան, Սոմալին, Ուրուգվայը,   Ֆիջին,  Էկվադորը,  Նամիբին։ Այն պարտադիր իրավական ուժ կստանա վավերացումից հետո մեկ տարվա ընթացքում։

 

 

Կոնվենցիայի առաջարկությունների   շարքում կոչ է արվում  աշխատանքի ոլորտում ճանաչել յուրաքանչյուրի  իրավունքը՝ զերծ բռնությունից, ոտնձգությունից,  այն նաև ընդհանուր հիմք է դնում այս ուղղությամբ գործողությունների իրականացման համար։

 

 

Կոնվենցիան  տալիս է աշխատանքի ոլորտում բռնության և հետապնդումների, այդ թվում նաև գենդերային բռնության ու ոտնձգության առաջին միջազգայնորեն ընդունված սահմանումը։

 

 

 

 

Աշխատանքի ոլորտում  բռնությունն ու ոտնձգությունը դրսևորվում է ամենատարբեր ձևերով և պատճառում է  ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ ու տնտեսական վնաս։

 

 

Կոնվենցիայի ընդունումից հետո այս խնդիրներն առավել հրատապ են դարձել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Հիվանդության տարածման ընթացքում շատ երկրներ հայտարարել են աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգության տարբեր դրսևորումների մասին, հատկապես կանանց և խոցելի խմբերի անդամների նկատմամբ:

 

 

Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կապակցությամբ ԱՄԿ-ն մտադիր է նախաձեռնել դրա վավերացման և իրականացման համաշխարհային քարոզարշավ, որի  նպատակն է պարզ և մատչելի բացատրել կոնվենցիայի էությունը, այն խնդիրները, որոնց  անդրադառնում է այն, ինչպես նաև աշխատանքի բնագավառում բռնությունը և հետապնդումները արմատախիլ անելու առաջարկվող ուղիները:

 

 

«Աշխատանքի շուկայի լավ ապագան այն է, երբ այնտեղ չկա բռնություն, ոտնձգություն։ Ես հաստատակամորեն խորհուրդ եմ տալիս աշխարհի երկրներին վավերացնել այդ կոնվենցիան, ինչպես նաև գործատուների, աշխատակիցների ու նրանց կազմակերպությունների հետ միասին համագործակցել աշխատանքի այնպիսի ոլորտ կառուցելու համար, որտեղ արժանապատվությունը, անվտանգությունը և առողջությունը կլինեն համընդհանուր սեփականություն»,-ասել է ԱՄԿ գործադիր տնօրեն Գայ Ռայդերը։

 

 

 

Արշավի մեկնարկն արդեն հայտարարվել է Կոնվենցիա № 190-ի վավերացման գործողությունների շաբաթվա ընթացքում, որն անցկացվել է հունիսի 21-25-ը։ Գործողությունների շաբաթվա նպատակն է կոչ անել աշխարհի բոլոր երկրներին՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը կոնվենցիայի վավերացմանը և դրա իրականացմանը:

 

 

Դրա շրջանակում հունիսի 21-ին կայացած առաջին միջոցառմանը մասնակցել են ԱՄԿ գլխավոր տնօրենը, Արգենտինայի, Մադագասկարի աշխատանքի նախարարները,  Գործատուների միջազգային կազմակերպության, ինչպես նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի, Եվրոպական հանձնաժողովի, Միջխորհրդարանական միության ներկայացուցիչներ։

 

 

Գործողությունների շաբաթվա ավարտին ԱՄԿ ղեկավարությունը կհրապարակի փաստաթուղթ՝ կոչ անելով իրացնել կոնվենցիան ու դրանում ներառված առաջարկությունները, որոնք ուղղված են աշխատանքի ոլորտում առկա բռնությունները, ոտնձգությունները արմատախիլ անելուն, ինչպես նաև ազգային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի ընդունմանն ու քաղաքական քայլերի ձեռնարկելուն։

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1192

Գլխավոր էջ