Կարինե Գրիգորյան. «Ասում եմ՝ եթե ինձ մոտ ստացվել է, հաստատ ձեզ մոտ էլ կստացվի»
Մասնագիտությամբ տնտեսագետ Կարինե Գրիգորյանը որոշել է թողնել բանկային ոլորտի աշխատանքն ու լիովին նվիրվել աղյուսագործությանը: Աղյուսագործությունը հոր՝ շինարար Վալերի Գրիգորյանի սիրելի աշխատանքն էր: Դեռևս 2019-ին Կարինեն որոշել է պահել մահից առաջ հորը տված խոստումն ու վերագործարկել ժառանգություն ստացած աղյուսագործական արտադրամասը:
Աղյուսագործություն.մասնագիտություն, որից գաղափար չունեի
Հայրս մասնագիտությամբ ինժեներ-շինարար էր: Շատ էր սիրում իր գործը: 2018թ.-ին հայրիկս հիվանդացավ ու այլևս չէրկարողանում զբաղվել աղյուսի պատրաստման արտադրամասի գործերով: Մտածում էի՝ ինչո՞վ կարող եմ օգնել իրեն, մինչև ոտքի կկանգնի: Ուզում էի հորիցս խորհուրդ հարցնեմ, բայց չհասցրեց ոչինչ ասել, չհասցրեց որևէ խորհուրդ տալ: Մինչ այդ չէի առնչվել արտադրամասի հետ, գաղափար չունեի, թե ինչպես են ստանում աղյուսները: Հորս մահից հետո անընդհատ մտածում էի վերագործարկելու մասին: Չգիտեի որ ծայրից սկսեմ, ի՞նչ անեմ, ինչպե՞ս անեմ:
Տանը բոլորը դեմ էին, ասում էին՝ դա քեզ հարմար գործ չէ, դա տղամարդու գործ է, չես կարող աշխատացնել: Մի օր գնացի արտադրամաս: Ամեն ինչ հին էր, սարքավորումները փոխարինման կարիք ունեին: Մի պահ մտածեցի՝ չեմ կարող գլուխ հանել: Հետո միտքս փոխեցի, որոշեցի փորձել շարունակել հորս գործը: 2019-ին հորս անունով՝ «Վալերի Գրիգորյան» ՍՊԸ-ն բացեցի ու սկսեցի գործել:
Դժվարին ճանապարհի սկիզբը
Առաջինը, որ պետք է անեի, սարքավորումների թարմացումն էր լինելու: Գումար չունեի, հարազատներս էլ, քանի որ ի սկզբանե դեմ էին իմ գործունեությանը, պատրաստ չէին օգնել այդ հարցում: Համացանցով փնտրեցի ու Ռուսաստանի Դաշնությունում գտա անհրաժեշտ սարքերից մեկը:Այն 6.000 դոլար արժեր: Բարեկամներիցս մեկը օգնեց, պարտքով գումար տվեց, սարքավորումը ներկրեցի ՌԴ-ից:
Հենց այդ ընթացքում՝ 2019-ին, աչքովս ընկավ Հայ բարեգործական Ընդհանուր Միության կողմից անցկացվող արցախցի կանանց հզորացմանն ուղղված «Կին ձեռներեցներ» ծրագիրը: Դիմեցի, մասնակցեցի ու շահեցի հատուկ մրցանակը: Մեզ նոր հոսքագիծը շատ անհրաժեշտ էր: ՀԲԸՄ-ի տրամադրած գումարով գնեցի այդ հոսքագիծն ու սկսեցինք գործել…
Սկզբում մարդիկ տարակուսանքով էին վերաբերում երիտասարդ աղջկա աղյուսագործությամբ զբաղվելուն: Հիմա, երբ արդեն տեսնում են, որ գործս ստացվում է, արդեն այլ կերպ են վերաբերվում, փորձում են օգտակար լինել, խրախուսել:
Պատերազմը փոխեց բոլոր պլանները
Պատերազմի ընթացքում շատ ծանր էր: Երբ տեսանք, որ այլևս անհնար է Արցախում մնալը, մայրիկիս հետ տեղափոխվեցինք Երևան:Մտածում էինք՝ մաքսիմում 4-5 օր կմնանք ու կվերադառնանք, բայց մնացինք մի քանի ամիս: Երբ պատերազմն ավարտվեց, մտածեցինք՝ վերադառնանք Արցախ, ինչքա՞ն կարող ենք մնալ Երևանում: Այդ ժամանակ բանկում էի աշխատում:
Ձմռանը պասիվ շրջան էր, մտածում էի՝ կռվից հետո աշխատանք չի լինի: Այս տարվա մարտից, սակայն, շինարարական ակտիվ աշխատանքներ են սկսվել ու աղյուսի պահանջարկը կտրուկ ավելացել է:Մինչ այժմ փորձում էի համատեղել բանկային ու արտադրամասի աշխատանքը: Հիմա որոշել եմ թողնել բանկային գործն ու այսուհետ ամբողջութամբ զբաղվել արտադրամասի գործերով: Իմ ներկայության, համակարգման կարիքը շատ կա կապված և՛ ծավալների ու պատվերների ավելացման, և՛ ընդլայնման նոր ծրագրերի հետ:
Պետական աջակցության ծրագրերն օգնում են առաջ շարժվել
Տնտեսվարողների համար տարբեր աջակցության ծրագրեր կան: Մենք, օրինակ, ազատվել ենք մի քանի հարկատեսակներից, ինչը շատ է օգնում, որ աշխատենք ու նոր աշխատողներ ներգրավենք: Մեր արտադրած աղյուսի ինքնարժեքը բաղադրությունից ելնելով շուկայում առկա մյուս աղյուսների համեմատ բավականին բարձր է: Այս առումով հարկերից ազատման արտոնությունները մեզ համար շատ կարևոր են:
Փխրուն խաղաղությունը՝ բիզնեսի համար անբավարար նախապայման
Եթե ռուսական զորքերը Արցախում չլինեին, շատ դժվար կլիներ այստեղ ապրելը: Հիմա շատերն են զգուշանում գումարներ ներդնել, ոմանք էլ ուզում են իրենց գործն սկսել, բայց ամեն ինչ մեծ ծախսերի հետ է կապված:
Ես՝ ինքս, հույս ունեմ, որ խաղաղությունը կամրապնդվի, արտադրամասս կընդլայնեմ, նոր աշխատողներ կներգրավեմ… Փորձում եմ լավատես լինել: Ես չեմ մտածում այստեղից գնալու մասին: Ինձ այստեղ կապում է մեր տունը, մեր գերեզմանները, մեր հողը: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը խոսում էլ է այլ տեղ տեղափոխվելու մասին, ես ասում եմ՝ իմ մտքով չի էլ անցնում դրա մասին մտածել: Այլ տեղ չկա իմ պլաններում ու երբեք էլ չի եղել, անկեղծ ասած:
Հաջողության գաղտնիքը
Ցանկացած գործի հաջողության գաղտնիքն ամեն ինչ ճիշտ ու համակարգված կազմակերպելն է: Ընթացքում թույլ տված սխալների վրա էլ սովորոմ ես, որ հաջորդ անգամ չսխալվես:
Պատահել է, ընկերներս ասել են, որ ցանկանում են ծաղկաբուծության, կոշիկի արտադրություն կամ այլ բիզնես հիմնել: Փորձում եմ ոգևորել, աջակցել, ինչով կարող եմ: Միշտ ասում եմ՝ եթե ինձ մոտ այս բարդ ոլորտում ստացվել է, հաստատ ձեզ մոտ էլ կստացվի: Փորձե՛ք, դժվարը սկսելն է:
Եթե նույնիսկ ինչ-որ տեղ վատ է, պետք է լավատես լինես ու քո մեջ ուժ գտնես, չհանձնվես… Կարծում եմ՝ այդ ներքին ուժը բոլորն ունեն, ուղղակի պետք է նպատակ դնել ու փորձել փոքր քայլերով հասնել նպատակակետին:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 870